Կիրակի, 23 սեպտեմբերի

Վալերի Մեջլումյանը ցանկանում է ընդլայնել արդյունահանվող տարածքները



Հանքաքարի մոտ  40 տարվա  պաշարներ խոստացող «Թեղուտ»  ՓԲ ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը Թեղուտ, Շնող Հաղպատ, Ծաղկաշատ, Ալավերդի համայնքերի ղեկավարներին այս  տարվա  ապրիլի  29-ին գրավոր հայտնել է, որ իր ընկերությունը նախատեսում է օգտակար  հանածոների արդյունահանման  նպատակով ընդերքի երկրաբանական նոր  ուսումնասիրություններ իրականացնել  Ծաղկաշատ-Ախետքի հանքային  դաշտում, որի  համար սահմանված կարգով դիմել  է  ՀՀ էներգետիկայի և  բնական ռեսուրսների  նախարարությանը:

Վ.Մեջլումյանը  համայնքների  ղեկավարներին  խնդրել է տալ համաձայնություն` Ծաղկաշատ-Ախետքի հանքային դաշտի իրենց   վարչական  տարածքներում ընդերքի երկրաբանական  ուսումնասիրություններ կատարելու  համար:  

Հիշեցնենք, որ 2014թ.-ի դեկտեմբերին շահագործման հենց առաջին օրերից առ այսօր տարածաշրջանում շրջանառվում են Թեղուտի հանքավայրի չարդարացված պաշարների մասին լուրերը. «Ես նույնիսկ  զարմացած եմ, որ Թեղուտի հանքը շահագործվել է, այն  գերաղքատ հանք է, տնտեսապես համարյա ոչ ձեռնտու: Հիմա միջազգային շուկայում, երբ  պղնձի գները  բավականաչափ ընկել են, ես չեմ պատկերացնում , թե ինչպես կարող է շահավետ  լինել Թեղուտի հանքի  շահագործումը»,- ասում է  ՀՀ ԳԱ էկոլոգանոոսֆերիկ կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը, ով խորհրդային տարիներին մասնակցել է  Թեղուտի լեռնահետախուզական աշխատանքերին:

Ծաղկաշատ -Ախետքի հանքային դաշտը, ըստ  քարտեզի,  ընդգրկում է Թեղուտի և Շնողի վարչական նոր տարածքներ,  Ալավերդու  Փիրուզյան  թաղամասը, Ակների գյուղական թաղամասի մի  մասը, Հաղպատ, Ծաղկաշատ գյուղերը մինչև  Սանահին  գյուղի  մատույցները: Ախետքը Նոյեմբերյանի տարածքն  է:

Հովիկ Սահակյան Ֆրունզե Նորեկյան

«Շնողի  վարչական տարածքից  հանքային  դաշտում  հիմնականում ընդգրկված է Գուլաբի  հանդամասի շնողցիների այգիների   ու  Ղարաքոթուկ հանդամասի  արոտավայրերի 80 հա տարածքը: Մի 100 հա էլ անտառային տարածք է ընդգրկված: Երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու  համար ես  տվել եմ համաձայնություն, ոչ թե  թույլտվություն»,-ասաց  Շնողի համայնքապետ Հովիկ  Սահակյանը:

««Թեղուտ» ՓԲԸ-ն Շնողի  440 ընտանիքից հողեր է վերցրել, շուրջ 1500 մարդու իր ավանդական աշխատանքից  զրկել է, որ «Թեղուտ»  ՓԲԸ-ում 150 մարդ  աշխատի: Մեր նախնիներն  ասում էին, եթե գյուղում ապրողը  հող  չունի, նա նոքար է: Մեզ  տանում են դեպի  նոքարացում»,-ասաց շնողցի Լյովա  Ալիխանյանը:

«Ես  համոզ չեմ,  հողերը  վեր  են  ունում ու մեր  գեղացոնց  աշխատանքից  կրճատում  են: Անասունը  շնողնեցիք տանում են  ուրիշի  սարերումը պահում, մեր հողերը  չիմ  վեր  են  կալել: Խոտն էլ են գնում Ծաղկաշատա սարերիցը բերում: Ոչ,  հանքարդյունաբերությունից  Շնողը բան չի  շահել»,-դժգոհեց Շնողի գյուղամիջյան հրապարակի  տաղավարում նստած մի  տղամարդ:

«Ինչ անելու են`իրանք անելու են: Մեզական մի բան էլա չկա»,- ասաց մեկ այլ  շնողցի` Գուրգեն  Մաշինյանը:

Ծաղկաշատ-Ախետքի հանքային դաշտում Թեղուտի վարչական  տարածքից հիմնականում 800 հա անտառային հողեր  և 140 հա սեփականաշնորհված  խոտհարքներ են ընդգրկված. «Ես սեփականաշնորհված խոտհարքներում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու   իմ համաձայնությունը չեմ տվել , քանի որ այդ խոտհարքներում  մոտավորապես 180 հողատեր կա, ամեն հողաբաժնի  վրա 2-4 մարդ գրանցված է: Ես  ում փոխարեն նախնական թույլտվություն տամ»,-բացատրեց Թեղուտի գյուղապետ Ֆրունզե Նորեկյանը: Իր   պատասխան նամակում Ֆ. Նորեկյանը «Թեղուտ» ՓԲԸ-ին գրել է. «Ծաղկաշատ- Ախետքի ընդերքի  տեղամասում, Թեղուտ  համայնքի  վարչական սահմաններից  ընդգրկված «Կարծախ» տեղամասում են  գտնվում  համայնքի 140 հա  խոտհարքները,  համայնքն այլ խոտհարքներ  չունի: Գյուղամերձ խոտհարքները արդեն իսկ  պատկանում  են  «Թեղուտ»  ՓԲԸ-ին: Համայնքում բանջարաբուծությամբ զբաղվող տնտեսությունների  քանակը զգալիորեն  նվազել է, նույնը կկատարվի  անասնապահությամբ  զբաղվող տնտեսությունների հետ: Խնդրում եմ Ծաղկաշատ-Ախետքի ընդերքի Թեղուտի վարչական սահմաններում ընդգրկված տեղամասերից հանեք համայնքին պատկանող 140 հա  խոտհարքները»:

Ֆ.Նորեկյանի ասելով՝ էս պահին քանի դեռ  հանքարդյունաբերությունը կա, թեղուտցին աշխատանք ունի,  բայց որ դադարեց, էլ թեղուտցին Թեղուտում անելու բան չունի:  Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի ասելով՝  հուլիսի վերջերին «Թեղուտ»  ՓԲ Ը-ն Ծաղկաշատ-Ախետքի հանքային  դաշտի երկրաբանական ուսումնասիրությունների համար  քննարկում է անցկացրել Թեղուտում `Ալավերդի ,  Թեղուտ, Շնող, Ծաղկաշատ, Հաղպատ  համայնքների ղեկավարների հետ:

Ա. Վարոսյան  այդտեղ էլ չի առարկել Ալավերդու վարչական տարածքներից  «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից  նմուշառումներ կատարելուն:  Հեռախոսով մեզ հետ զրույցում Ծաղկաշատի գյուղապետ  Հրաչիկ  Պարանյանը և Հաղպատի գյուղապետ Վահրամ Քառյանը հայտնեցին, որ իրենք  նույնպես համաձայնություն են տվել իրենց  վարչական տարածքներում Թեղուտ ՓԲԸ-ի առաջարկվող երկրաբանական ուսումնասիրություններին:

Հիշեցնենք, որ Մղարթ-Հագվի- Մեծ ձոր հանքային դաշտի Մղարթ և Հագվի տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության նախնական  գնահատման հայտ է  ներկայացրել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»  ընկերությունը: Մարցիգետի հանքային դաշտի Մարց-Պրվաշեն-Բուդաղիձորի ոսկի-բազմամետաղային հանքաերևակման  տարածքում 2014թ.-ից լեռնահետախուզական աշխատանքեր  է իրականացնում  «Վիկտորյա Սիլվեր» ՍՊԸ-ն: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Գեւորգ11:07 - 29 օգոստոսի, 2015
Հայերս լավ գիտենք "ԳԵՆՈՑԻԴ" տերմինի սարսափելի իմաստը - դա այն է, երբ ազգատեսակն է կոտորվում-բնաջնջվում: Սակայն հետո մարդիկ դրանից ավելի ահավոր տերմինների կարիք զգացին ու ստեղծեցին՝ "ԷԿՈՑԻԴ" եւ "ԲԻՈՑԻԴ": Սրանց համեմատ առաջինը նույնիսկ սովորական, օրինաչափ իրադարձություն կարող է դիտարկվել (պատմական, բիոլոգիական առումներով)՝ ասենք, մի թույլ ազգատեսակ կոտորվեց-գնաց, տեղը հաղթողներն զբաղեցրին! Իսկ ահա երկրորդ եւ երրորդ տերմինները բնութագրում են կենդանական ու բուսական կյանքի պայմանների ոչնչացում, որից հետո տվյալ միջավայրում ոչ քո սերունդը կարող է գոյատեւել ոչ էլ հաղթողի: Թերեւս, սա ավելի ընդունելի տարբերակ է փողացավից կուրացած ու խելազրկված (հավաքական իմաստով) մեր ազգի համար, որն էլ փորձում է իրականացնել տվյալ անձը՝ բարձր հովանավորության տակ: Ինքնաոչնչացման հետաքրքիր ֆենոմեն կարելի է նկատել հայ ազգի մեջ: Ինչպես հայտնի է՝ հայերին ամենից անխնա կոտորում էին հենց հայկական ծագմամբ թուրքական սպաները: Հիմա ուշադրություն դարձնենք այվազյան վ. կոչվողի վերաբերմունքին՝ իր ծննդավայրի (Տաբածղուր գյուղի) նկատմամբ, եւ Ծաղկաշատի ծագմամբ այս .....ի մտադրությանը՝ իր երկրամասի նկատմամբ: Լավ, Հայեր ու հայրենակիցներ - արդյոք նման տխմարագույն ձեւով (սեփական ձեռքերով) պիտի փակվի մեր ազգի գոյատեւման պատմությունը?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ