HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինա Քոչարյան. «Ասեց՝ մամա, չեմ ուզում բանտում մեռնեմ, գոնե 1 ժամ ազատության մեջ մնամ, նոր գնամ»

Սողոմոն Քոչարյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»

Այսօր, ժամը 12-ի մոտ մեզ զանգահարեց օգոստոսի 18-ից «Էրեբունի» ԲԿ-ում գտնվող, սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի մայրն ու փոխանցեց, որ տղային ուզում են տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»: «Սողոմոնս ասեց՝ մամա, չեմ ուզում բանտում մեռնեմ, գոնե 1 ժամ ազատության մեջ մնամ, նոր գնամ»,-պատմեց տիկին Զինան:

Չանցած մի քանի րոպե դատապարտյալի մայրը կրկին զանգահարեց ու տեղեկացրեց, որ որդուն շտապօգնության մեքենայով արդեն տարել են. «Շատ արագ դրեցին նասիլկայի վրա ու տարան: Բժիշկն ասել ա, որ բուժումը պիտի շարունակի էնտեղ: Բայց, ախր, ո՞նց պիտի լինի՝ էնտեղ խնամող չի լինի, էստեղ գոնե զոռով մի ջուր էի խմացնում: 3-րդ օրն ա՝ հաց չի կերել: Էստեղ հերթապահ բուժքույրեր կան, գիշեր-ցերեկ հասնում են, հենց խեղդվում ա, բա էնտեղ ո՞վ կանի»,-ասաց Զինա Քոչարյանը:

«Էրեբունի» հիվանդանոցից «Հետքին» տեղեկացրեցին, որ Սողոմոն Քոչարյանին դուրս են գրել հարաբերական կայուն վիճակի հիմքով:

Փաստաբանը ստիպված ընդհատել է Սողոմոնի հետ իր հանդիպումը

Եղանք նաև «Դատապարտյալների հիվանդանոցում», որտեղ փաստաբան Գրիշա Բալասանյանը դիմեց ՔԿ պետին, որպեսզի կարողանա տեսակցել Սողոմոն Քոչարյանի հետ: Անհրաժեշտ դիմումներից հետո Գրիշա Բալասանյանը կարողացավ հանդիպել Սողոմոն Քոչարյանին: Դուրս գալով հիվանդանոցից՝ նա պատմեց, որ հանդիպումը եղել է տեսակցությունների սենյակում, իրեն թույլ չեն տվել բարձրանալ վերև: Պատճառաբանությունն այն է եղել, որ Սողոմոն Քոչարյանը ցմահ դատապարտյալ է, հետևաբար փակ ռեժիմում է գտնվում:

«Սողոմոնին տեսակցության սենյակ սայլակով բերեցին, վիճակը ծայրահեղ ծանր էր: 15 րոպե եմ խոսել ու այդ ընթացքում 3 անգամ ընդմիջել եմ խոսակցությունը, չէր կարողանում խոսել, 1-2 նախադասությունից հետո շնչահեղձ էր լինում: Ստիպված ընդհատել եմ տեսակցությունը: Մտահոգված եմ, որ այդ վիճակում մարդուն տեղափոխել են, նա գտնվում է մենակ՝ փակ ռեժիմում»,- ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գրիշա Բալասանյանը:

Փաստաբանը մտահոգություն հայտնեց նաև նրա համար, որ թեպետ դատապարտյալին ժամը 12-ին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ-ից, այդուհանդերձ նրա քարտը ժամը 16:30-ի դրությամբ դեռ «Դատապարտյալների հիվանդանոցում» չէր. «Այս ընթացքում Սողոմոնը հնարավոր է պատշաճ բժշկական օգնություն չստանա, քանի որ «Դատապարտյալների հիվանդանոցի» բժիշկը պարզապես տեղյակ չէ, թէ «Էրեբունի» ԲԿ-ում նա ինչ դեղեր, ինչ բուժում է ստացել: Ընդամենը տեղեկացրեցին, որ սպասում են նրա բժշկական քարտին: Ամեն րոպեն Սողոմոնի համար թանկ է: Եթե պատշաճ բուժօգնություն չցուցաբերվի, նա երկար չի դիմանա «Դատապարտյալների հիվանդանոցում»»,- նշեց փաստաբանը:

Տիկին Զինան, ով որդու հետևից «Դատապարտյալների հիվանդանոց» էր հասել, սպասում էր շենքի մուտքի մոտ, նրան ներս չէին թողնում, անգամ ասել էին, որ հանձուք, ուտելիք, անհրաժեշտ իրեր չի կարող փոխանցել, քանի որ քարտ չունեն Սողոմոն Քոչարյանի անունով:

«Ես տեսա, որ «Էրեբունու» բժիշկը քարտը տվեց համակարգի աշխատողներից մեկին, մտածեցի Սողոմոնիս հետ քարտը կտանեն, բայց չեն բերել, հիմա ոնց մի բան փոխանցեմ, չեն ընդունում»,- մտահոգվում էր տիկին Զինան:

«Հետքը» զրուցեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղալեչյանի հետ, ով պատասխանեց, որ բժիշկները կապի մեջ են իրար հետ, և անհրաժեշտ բուժումների մասին տեղեկացված են, իսկ քարտը տեղ կհասնի շուտով: Փոխանցեց նաև, որ գիշերը հերթապահ կլինի դատապարտյալի մոտ:

Տիկին Զինայի կարծիքով, սակայն, արդեն ամեն ինչ ուշացած է. «Ես ամիսներ առաջ էի խնդրում՝ տարեք Սողոմոնիս պառկացրեք «Դատապարտյալների հիվանդանոցում», բուժեք: Աղջկա ինքնասպանությունից հետո 1 ամիս գոնե հիվանդանոցում պահերին: Պատկերացրեք՝ 20 տարվա մեջ 2-րդ կարգի հաշմանդամ, պատերազմ տեսած, 2 անգամ վիրավորված մարդուն առաջին անգամ են բերում էստեղ»:

ՔԿՎ-ն «Էրեբունի» ԲԿ-ից պահանջել է դատապարտյալի հիվանդության վերջնական ախտորոշման պատճենը

Ինչ վերաբերում է Սողոմոն Քոչարյանի հիվանդության հիմքով պատժի կրումից ազատելուն, ապա ԱՆ քրեակատարողական վարչությունից մեր հարցմանն ի պատասխան գրավոր հայտնել են, որ «Էրեբունի» ԲԿ-ից պահանջել են դատապարտյալի հիվանդության վերջնական ախտորոշման պատճենը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով  հետագա ընթացքը լուծելու համար:

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 20-ին «Էրեբունի» ԲԿ-ից Սողոմոն Քոչարյանի մորը տրամադրվել է որդու ախտորոշումը, որը հրապարակվել է «Հետքում»: Ըստ այդմ, 20 տարի անազատության մեջ գտնվող, պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անևրիզմա, հիվանդ է նաև կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ ենթակա է պատժից ազատման, համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter