HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգևոր ճեմարանի առաքելությունը

Հայ ժողովրդի կյանքում քրիստոնեական հավատքը դարեր շարունակ խարսխված է եղել նրա հոգևոր-իմացական, ազգային-եկեղեցական և բարոյակրթական արժեհամակարգին: Հոգևոր կրթությունն անբաժանելի տեղ է զբաղեցրել հայ գիտական մտքի զարգացման, ազգային դպրության կերտման ճանապարհին: Պատահական չէ, որ մեր վաղ և ուշմիջնադարյան բոլոր պատմիչները, մտավորականները, մատենագիրները միաժամանակ խորը քրիստոնյաներ են եղել հոգևորական լինելուց առաջ` սկսած Մովսես Խորենացուց, Անանիա Շիրակացուց մինչև Մխիթար Գոշ, Գրիգոր Նարեկացի և այլ բազում երախտավորներ: Սա առաջին հերթին վկայում է այն մասին, որ Լուսավորչի ժամանակներից ի վեր հայի կենցաղը, մտածողությունը, դաստիարակությունը երբեք տարանջատված չեն եղել իր հայրերի լուսեղեն հավատքից: Այդ պատճառով էլ գիտությունն ու դպրությունը սկզբնավորվել և առաջադիմել են վանքերում, որոնցից հատկանշական են Գլաձորի, Տաթևի, Գեղարդի վանքերը, Գոշավանքը, Սաղմոսավանքը, ինչպես նաև Մուշի Սբ. Կարապետ, Աղթամարի Սբ. Խաչ, Կտուց անապատի վանքերը` Արևմտյան Հայաստանում, և այլն:

Բարեբախտաբար թե դժբախտաբար, այն ժամանակ չեն եղել ներկա դարաշրջանի տեխնիկական առաջընթացը, գիտական նվաճումները, որոնք էլ ստիպել են մեր նախնիներին առավել ևս կենտրոնանալ իրենց հոգևոր կրթության, գրական կոթողների վրա` լավագույնս թրծվելով կրոնական դաստիարակության և ներհայեցողական կյանքի մեջ: Արդյոք կգրվեի՞ն այն հարյուրավոր մեծարժեք մատյանները, որոնք ծնունդ են առել մոմի լույսի ներքո, անքուն գիշերների և անդուլ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ, եթե այն ժամանակ լինեին համացանցային խայտաբղետ, երբեմն` օգտակար, հաճախ էլ` անիմաստ, ընդհանուր առմամբ` վնասակար թափառումները, ժամանցային հսկայական վատնումները, զվարճանքի սին զբաղումները:

Մերօրյա տեղեկատվական հորձանուտում և եթերային պատերազմում մենք գրեթե ժամանակ չենք հատկացնում մեր անձերի հոգևոր կրթությանը, ինչը սկզբունքորեն անհրաժեշտ է մեր կյանքում քրիստոնեական ավիշը կենդանի պահելու և ուղղափառ հավատքն ապրելու համար: Խորհրդային ժամանակներից մնացած աստվածամերժությունը, ապակրոն և նյութապաշտ կենսակերպը ձևախեղել է հայի հոգեբանությունը` նրան կտրելով մի ամբողջ հոգևոր ժառանգությունից: Որևէ ազգի ինքնաոչնչացումը առաջին հերթին սկսվում է նրա հոգևոր-բարոյական խորը ճգնաժամից: Չենք էլ նկատում, թե երբեմնի քրիստոնյա Հայաստանը որքա՜ն է հեռացել իր դարավոր ավանդույթներից, դավանած սկզբունքներից, հոգևոր դիմագծից…

Վերջին տասնամյակում հաճախ ենք սրտի ցավով և հուզումով կարդում, լսում ու ականատես լինում Հայ Առաքելական եկեղեցու, Սբ. Էջմիածնի նվիրապետության, նրա գահակալի և եկեղեցական դասի հասցեին հնչող դառն ու անթաքույց քննադատություններին: Անշուշտ, առողջ և անաչառ քննադատությունները միշտ էլ կառուցողական կարող են լինել` նպաստելով առկա բազմաթիվ եկեղեցական խնդիրների սրբագրմանն ու լուծմանը, բայց միաժամանակ այս հոգևոր ավերակներից մեծապես օգտվում և չարախնդում են եկեղեցու և հավատքի թշնամիները` մի կողմից աղանդավորները, մյուս կողմից` հեթանոսներն ու աթեիստները: Վերջիններիս թիվն զգալի է դարձել հայրենիքում անկախությունից ի վեր: Կարծես` սա քիչ էր, հիմա էլ աշխարհիկացումն ու նյութապաշտությունն են մուտք գործել եկեղեցի, որոնք ներսից թուլացնում և քայքայում են եկեղեցու հոգևոր հիմքերը, մինչդեռ եկեղեցին իբրև օազիս պիտի լիներ անհավատության և մեղքի անապատում:

«Շողակաթ» հեռուստակայանի պատահական ակնդիրներին և եկեղեցական լրահոսին հեռվից հետևող ընթերցողներին կարող է թվալ, թե Հայաստանում իսկապես հոգևոր կյանքը ծաղկունք է ապրում` հիանալով նորակառույց և պերճաշուք եկեղեցիներով, որոնք տարեցտարի ավելանում են աղքատ ազգաբնակչության նոսրացած բնակավայրերում: Մինչդեռ իրականում ճիշտ հակառակ պատկերն է` հայ ժողովուրդը հոգևոր-բարոյական խորը անկում է ապրում հասարակության բոլոր ոլորտներում: Իսկ Մայր Աթոռի միակ մխիթարանքն էլ թերևս եկեղեցականների` հետզհետե աճող թվաքանակն է, ինչը մեծ մասամբ տեղի է ունենում բուն որակի հաշվին: Իսկ այդ որակը նախ և առաջ պետք է ապահովեն եկեղեցու հովանու տակ գործող հոգևոր-կրթական հաստատությունները:

Հայաստանի տարածքում Մայր Աթոռի ենթակայությամբ ներկայումս գործում են 3 հոգևոր-կրթական հաստատություններ` Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, Սևանի Վազգենյան դպրանոցը և Հառիճի Թրբանճյան ընծայարան-ավագ դպրոցը: Նախկինում եղել է նաև Գյումրու ընծայարանը, որը մի քանի տարի առաջ փակվեց: Երևանի պետական համալսարանի կազմում էլ գործում է Աստվածաբանության ֆակուլտետը, ինչը, սակայն, ավելի շատ մանկավարժական ուղղվածություն ունի և ամենևին էլ հետամուտ չէ հոգևորականներ պատրաստելու գործին: Իսկ Ավանի Մխիթարյան վարժարանը պատրաստում է հայ վանական հոգևորականներ Վենետիկի Սբ. Ղազար կղզու վրա հիմնադրված Մխիթարյան միաբանության համար, որը, որպես կաթողիկե հայկական վանք, ուղղակիորեն ենթակա է Հռոմին:

Կասկածից վեր է, որ հոգևորականների ճիշտ պատրաստության գործընթացն ամենից էական ու պատասխանատու ոլորտն է Հայ եկեղեցու համար: Զարգացած, ուսյալ, հավատացյալ, նվիրյալ և աստվածավախ հոգևորականների դեպքում միայն Հայաստանում քրիստոնեական կյանքը կվերածնվի: Մարդիկ այսօր ավելի շատ նայում են հոգևորականի վարքին, համոզումներին, կենցաղին, պահվածքին, քան թե նրա երկարաշունչ ճառերին, հապճեպ ծիսակատարություններին, պաշտոնական տիտղոսներին: Այս մասին է արդարորեն նկատում 20-րդ դարասկզբի ֆրանսիացի գրող-քննադատ Ֆրանսուա Մորիաքը. «Ինձ համար քահանայի ամենաազդու քարոզը միշտ էլ եղել է իր կյանքը: Լավ քահանան ինձ ասելիք չունի. ես նայում եմ նրան, և դա ինձ բավական է»: 

Առաքյալները պարզ ու հասարակ մարդիկ էին, որոնք իրենց Վարդապետի` Քրիստոսի օրինակով մտնում էին ժողովրդի մեջ և շփվում ամենատարբեր խավերի հետ: Անտեղի և սխալ է մտածել, թե քահանան պետք է նստի իր գրասենյակում և հույսով սպասի, թե ով է բախելու իր դուռը, որպեսզի մի քանիսի անուններն արձանագրել տա Մկրտության, Պսակի կամ հուղարկավորության առիթներով, կամ թե ով է մոտենալու աղի օրհնության, երբեմն էլ` այսինչ կամ այնինչ վկայականն ստանալու համար: Եկեղեցի-ժողովուրդ կապի սերտացման գործում անփոխարինելի է ճշմարիտ հոգևոր հովիվների ամենօրյա հոգեխնամատարությունը: Եթե քահանան հոգ չտարավ իր համայնքի հոգևոր դարձի, քրիստոնեական կյանքի ու ի վերջո` փրկության համար, դա անելու են և արդեն իսկ անում են խորամանկ աղանդավորները, «որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են» (Մատթ. 7:15):

Երուսաղեմի հայոց Պատրիարք Նուրհան Արք. Մանուկյանն իր հրապարակային նամակներից մեկում գրում է, թե` «ժողովուրդը եւ Մայր եկեղեցին ամէն ժամանակէ աւելի կարիքը ունին մաքրակրօն, զարգացած եւ իրա՜ւ եկեղեցականներու...»։ Ֆրանսիայի հայոց թեմի նախկին Աաջնորդ Նորվան Արք. Զաքարյանն էլ իր հրաժարական նամակում վերոհիշյալ տեսլականին հակադրում է մեր ունեցած թախծոտ ներկան` իր «անկառավարելի» եկեղեցականներով, որոնք դաստիարակված են «բիզնէսի հոգեբանութեամբ»: Սա անվիճելի հաստատում է, ինչը լուրջ և տևական մտորումների տեղիք պետք է տա հոգևոր ճեմարաններին ու դպրեվանքերին, որոնք հանդիսանում են եկեղեցու հոգևոր արգանդը, որտեղից պիտի ծնվեն նորաբողբոջ հայ հոգևորականները: Եվ ինչ-որ ցանվեն այդ ուսումնառության տարիներին, դա էլ հետո հնձելու է հայ ժողովուրդը: Այն կարող է լինել և՛ օրհնություն, և՛ պատուհաս ազգի համար: Այսօրվա սխալները վաղը չափազանց դժվար կլինի ուղղել: Մենք հավատում ենք Հայ եկեղեցու բարեկարգությանը, որն անխզելիորեն վերաբերում է նաև հոգևոր-կրթական հաստատությունների գործունեությանն ու առաքելությանը: Լավ է ուշ սթափվել, քան թե երբեք չարթնանալ հոգևոր թմբիրից, ինչն անդառնալի հետևանքներ է թողնելու եկեղեցական կյանքում:

Այս հոդվածաշարում մաս առ մաս պիտի անդրադառնանք ներճեմարանական մի շարք խնդիրներին ու հրատապ բարեկարգումներին` կատարելով համապատասխան ախտաճանաչումներ և վերլուծումներ, եթե ուզում ենք, որ Հայ եկեղեցին ունենա «մաքրակրօն, զարգացած եւ իրա՜ւ եկեղեցականներ»: Մինչև այսօր ճեմարանի բարեկարգության թեման փակ է եղել անգամ ճեմարանի տեսչության համար, որն ասես մի չգրված տաբու էր, սակայն ժամանակն է, որ կոտրվի այդ պատնեշը, և ճեմարանը ներկայանա ու վկայվի որպես իրական հոգևոր հաստատություն: Ճեմարանում առկա խնդիրների մասին առաջին անգամ համարձակորեն բարձրաձայնել է Սևանի Վազգենյան դպրանոցի երբեմնի տեսուչ Հ. Գարեգին աբեղա Հարությունյանը, ով, անկեղծ լինելու համար պետք է ասել, չափազանց հարգված և սիրված էր ինչպես դպրանոցի իր ուսանողների, այնպես էլ Էջմիածնի միաբանների կողմից` որպես խելացի, ազնիվ և ողջամիտ հոգևորական, որին, ավա՜ղ, մեկընդմիշտ կորցրեց Հայ եկեղեցին:

Հ. Եղիա Խաչատրյան                                                                  (Շար. Բ.)

Գևորգյան ճեմարանի նախկին փոխտեսուչ

25 Օգոստոս 2015

Մեկնաբանություններ (6)

Խորէն Քէշիշեան
Վարազ Սիունի Դուք կ'ըսէք «Հայ աստվածների ՊԱՏԳԱՄԸ հո հայկական է՝ ի տարբերություն հրեա քրիստոսի» : Իսկապէ՞ս : Կարո՞ղ էքբ այդ չաստուածներէն նույնիսկ մի հատ պատգամ մէջբերել, ատ ալ Հայկական : Կամ մի գոցէ դուք աշխարհի ամենամեծ գիտական գիւտն էք ստեղծել՝ ուղիղ հաղորդակցութիւն չաստուածներու հետ : Ես ձեր բոլոր հարցերին պատասխանեցի, կարդացողը կը դատէ : Բայց դուք էք որ սկզբէն ի վեր նոյն քաղաքականութեան կը դիմէք եւ չէք պատասխանէր իմ հարցումին՝ ինչո՞ւ ձեր հարազատ Վահագնը եւ հայ չաստուածները որոնց 15 ի հայ ղեկավարները կը դաւանէին՝ չփրկեցին իրենց հարազատ հայ ժողովուրդը : Երկու անուն միայն նշելու համար թէ որքան քրիստոնատեաց մասոնութիւնը ներթափանցած էր հայ իրականութեան մէջ եւ հեթանոսութեան միջոցաւ խաբած էր հայ Ժողովուրդը՝ նույնիսկ ձեզ եւ ինձ՝ բոլորիս սիրելի Սիամաթոն եւ Վարուժանի պէս ազնիւ հայորդինրը որոնք հայհոյելով Քրիստոսին եւ փառաբանելով Վահագնները՝ օդեաքներու մէջ կը ծնկադրէին ապազգային եւ ազգութիւններու եւ բոլոր ինքնութիւններու թշնամի սատանայապաշտ մասոնական արժէքներուն : Այլ չծանրանամ քաղաքական ղեկավարներուն եւ պատմեմ ի մէջ այլոց թէ Դաշնակցութեան երեք հիմնադիրներն ալ մասոն էին : Հայ եկեղեցին է որ հազար տարիէ ի վեր պահեց հայ ժողովուրդը : Եթէ երախտապարտութիւն չէք արտայայտէր, գոնէ մի հայհոյէք : Սարսափելի է Եկեղեցիին եւ Քրիստոսին հայհոյելը :
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(4)- Ինչպես միշտ՝ հարցին ԿՈՆԿՐԵՏ չե՛ք պատասխանում: Առանց սար ու ձոր ընկնելու՝ ԿՈՆԿՐԵՏ պատասխանեք. Քրիստոսը 1915-ին իրականում ՉՓՐԿԵՑ առաջին քրիստոնյա ազգ 1.5 մլն ԱՆՄԵՂ հայերին, որովհետև... Երկրորդ՝ փաստացի ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ունե՞ս,որ հայ աստվածներին հավատացող հեթանոս հայերը «մասոններ» են: Եվ՝ ընդհանրապես՝ ի՞նչ կապ ունեն հայ հեթանոսները մասոնների հետ: Երրորդ՝ ի՜նչ ազգուրացություն, հայ աստվածներին անվանել «օտար»: Հայ աստվածների ՊԱՏԳԱՄԸ հո հայկական է՝ ի տարբերություն հրեա քրիստոսի: Հայկական անունների 2/3-ի ծագումնաբանությու՛նը օտար է: էհ,հետո՞:
Խորէն Քէշիշեան
Վարազ Սիունի 2 Երբ խօսքիդ անճշմարտութիւնը բացայայտ կը դառնայ աւելի լաւ է ուրիշ բանի մասին խօսիլ քան թէ իր սխալը ընդունիլ : Այն է որ՝ դուք ալ անուղղակիօրէն կ'ընդունիք որ ցեղասպանութեան ժամանակ հայ ազքը կը ղեկավարուէր հակաքրիրտոնեայ մասոն-հեթանոսապաշտներով : Հակառակ այդ իրողութեան դուք կը կրկնէք «եթե Քրիստոսը իրականում «ամենակարող փրկիչ» է, Ի՞ՆՉՈՒ 1915-ին չփրկեց առաջին քրիստոնյա ազգին. ինչպե՞ս թույլ տվեց 1.5 մլն ԱՆՄԵՂ մարդու այդպիսի՛ սպանդ» : Մի քիչ շատ չ'եղա՞ւ : Երբ մի ամբողջ ղեկավար ընտրանին քեզ կը մերժէ եւ թշնամանքով լեցուած է՝ ի՞նչ կարելի է ընել : Դուք զարմանալի ձեւով կ'անտեսէք քրիստոնէոէթեան էութիւնը՝ որ Յիսուսը Աստուածամարդ ըլլալով հանդերձ ինքցինքը զոհեց : Բայց գիտցէք որ հակառակ ատոր Աստուած իր հրաշալի օգնութիւնը ցոյց տուաւ՝ Հայաստանի առաջին Հանրապետութիւնը եւ երկրորդը այսօր եւ արցախեան հոյակապ յաղթանակը : Եւ ձեզ կի հրաւիրեմ սահմանի մէջ պեհել ձեր խօսքերու իմաստազրկութիւնը : Երբ կ'ըսէք «Երկրորդ՝ ով խաչի փոխարեն Վահագնի սուրը վերցրեց, նա փրկվեց:» Ո՞րտեղէն հանած էք այդ աշխարհացունց յայտնութիւնը : Սարտարապա՞տի մէջ հայերը մերժեցին Սուրբ Խաչը, կամ թէ Արցա՞խի մէջ՝ ուր հայ ազատամարտիկները մէկ կողմէն կը մկրտուէին եւ յետոյ զէնք վերցնելով կ'երթային կռուելու : Նոյնիսկ Նժդեհը ապստամբութիւնը սկսելէն առաջ գնաց Տաթեւի Վանք օրհնուելու : Վերջապէս ըսեմ որ Վահագնը պարսկա-հնդկական է՝ ինչպէս նաեւ Միհրը (կամ Մհերը), Անահաիտը եւայլն : Հայերէնի մէջ չկայ բառ որ ագն կամ իհր ով կը վերջանայ եւ Աանահիտն ալ պարսկերէն է եւ կը նշանակէ անարատ :
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Խորէն քէշիշեան(2) - Հայ եկեղեցին պիտի ՎԵՐՋԱՊԵՍ պատասխանի հետևյալ կարևո՛ր հարցին. եթե Քրիստոսը իրականում «ամենակարող փրկիչ» է, Ի՞ՆՉՈՒ 1915-ին չփրկեց առաջին քրիստոնյա ազգին. ինչպե՞ս թույլ տվեց 1.5 մլն ԱՆՄԵՂ մարդու այդպիսի՛ սպանդ: Երկրորդ՝ ով խաչի փոխարեն Վահագնի սուրը վերցրեց, նա փրկվեց: Հետո՝ հայ աստվածները ոչ մի տեղից «ներմուծված» չեն: Հայ աստվածները հայկական լեռնաշխարհի աստվածներն են՝ ի տարբերություն հրեա քրիստոսի: Ու քրիստոսից առաջ էլ հայի աստվածներն էին: Հիմա ու՞մ ասածն է իրականում ցնդաբանություն:
Խորէն քէշիշեան
Վարազ Սիունի Ցեղասպանութիւնը ձեր՝ չաստուածներ պաշտողների գործն է : Արդէն 150 տարիէ ի վեր հայ եկեղեցին եւ կրօնաւորները ձեր արեւմուտքէ ներմուծուած հէթանոսապաշտ գաղափարախօութեան զոհ կամ մեղսակից քաղաքական եւ մտաւորական աւագանիի կողմէ հալածուած էր եւ ոևէ իշխանութիւն չ'ունէր եւ ամէն ինչ որ կատարուեց առանց իրեն կատարուեց : Ազգային քաղաքականութիւնը կ՛որոշուէր եւ կը գործադրուէր քու եղբայր մասոն-հեթանոսապաշտներու կողմէ : Դուք մասնագէտ էք հակաքրիստոնեայ ցնդաբանութիւններու եւ ոչ մի առիթ չէք փախցներ քրիստոնէութեան դէմ քրֆելու համար : Ձեզ հարց՝ եթէ քրիստոնէութիւնը կեղծ կրօնք է եւ անհարազատ, եւ չկրցաւ ցեղասպանութեան արգէլք ըլլալ՝ ուրեմն ի՞նչու ձեր հարազատ աստուածները արգէլք չ'եղան՝ մանաւանդ որ հայերը կը ղեկավարուէին հեթանոսների կողմէ :
Եթե ուզում ենք ....
,,,Եթե ուզում ենք, որ Հայ եկեղեցին ունենա «մաքրակրօն, զարգացած եւ իրա՜ւ եկեղեցականներ»:,,, Երիտասա՜րդ, ով որ պիտի ուզի, տարիներ շարունակ հազար անգամ խոսքով ու գործով ցայց է տվել, որ չի ուզում և թքած ունի այդ ուզողների վրա: Մեր ուզելը կամ չուզելն ու՞մ տանձին է: Բավական է էժանանալ ու քամուն հակառակ ուղղությամբ խորհուրդներ ցանել: Լուրջ ու կառուցողական գործերով զբաղվեք, երիտասա՜րդ, եթե ձեր արժանիքները գնահատում և ձեզ հարգում եք, հակառակ դեպքում ձեզ էժանացնում ու էժան ժամավաճառությամբ եք զբաղվում: Գուցե ինքնահաստատման խնդի՞ր ունեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter