HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չինաստանի հարուստները մեկ օրում կորցրել են 5.6 մլրդ դոլար

Չինաստանի արժեթղթերի շուկայի փլուզումը մեծ վնաս է հասցրել տեղի միլիարդատերերին, չնայած նրանք իրենց ունեցվածքի մեծ մասը պահում են շուկայից դուրս: Ասիայի ամենահարուստներից երեքը երկուշաբթի օրը կորցրել են 5.6 միլիարդ դոլար:

Վան Ժիանլին կորցրել է 3.6 մլրդ դոլար, նա համարվում է Ասիայի ամենահարուստ մարդը` կարողությունը գնահատվում է 40.7 մլրդ դոլար: Այս գումարների մեծ մասը Վանը ներդրել է կազմակերպությունների մեջ, որոնք տեղադրել են իրենց բաժնետոմսերը արժեթղթերի շուկայում: Այդ կազմակերպություններն են` Dalian Wanda Commerical Properties-ը, որի բաժնետոմսերի գինը նվազել է 17%-ով, այս տատանումը միլիարդատերի վրա նստել է 2 մլրդ դոլար և Wanda Cinema Line կազմակերպությունը, որի բաժնետոմսերի գինը նվազել է 10%-ով՝ զրկելով միլիարդատերին 1 մլրդ դոլարից:

Հետաքրքիր է, որ Forbes-ի ցուցակում Վանի կարողությունը գնահատվել է 25.5 մլրդ դոլար, և նա Չինաստանի ամենահարուստ մարդն է: Այլ կերպ ասած՝ 2015 թվականի սկզբից նրա կարողությունը զգալի աճել է, այնուհետև արժեթղթերի շուկայի փլուզման ֆոնին՝ նվազել: Bloomberg-ը հիշատակում է նաև, որ Վանը կորցրել է մասնավոր ընկերություններում ներդրած գումարների մի մասը:

Հարկ է նշել, որ Վանը իր գումարները պահում է իր անձնական ընկերությունների բաժնետոմսերում, և նրա հետաքրքրությունները հիմնականում տարածվում են անշարժ գույքի բիզնեսի և կինեմատոգրաֆիայի վրա: Կինոթատրոնների ցանցի և շինարարական ակտիվների սեփականատերը նույնիսկ առաջարկում է Չինաստանում կառուցել Հոլիվուդի կրկնօրինակը: Բացի այդ, նա Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատգամավոր է:

Լի Կաշինը (Li Ka-shing) «սև երկուշաբթի» օրը զրկվել է 1.5 մլրդ դոլարից : Հոնկոնգի այս բնակչի կարողությունը գնահատվում է 30,4 մլրդ դոլար:

Ջեկ Ման (Jack Ma) ասիացի հարուստների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, նա կորցրել է 546 մլն դոլար: Alibaba-ի հիմնադրի կարողությունը գնահատվում է 29.6 մլրդ դոլար: Այսպիսով, երեք միլիարդատերերը միասին կորցրել են 5.6 մլրդ դոլար։ Նշենք, որ Alibaba-ի բաժնետոմսերը այսօր արդեն բարելավել են իրենց դիրքերը, ընկերության բաժնետոմսերի գինն աճել է 3.5%-ով՝ կազմելով 165 մլրդ դոլար:

Այս ցուցանիշները չի կարելի համեմատել անցած տարվա հետ, երբ Ջեկ Մայի բիզնեսն ամերիկյան արժեթղթերի շուկայում  առաջնային տեղադրումից հետո մոտավորապես երկու անգամ բարձր գին ուներ:

Աշխարհի 400 ամենահարուստ մարդիկ վերջին երեք ամիսների ընթացքում կորցրել են ընդհանուր առմամբ 124 մլրդ դոլար: Եթե այս գումարը վերածենք թղթադրամի, կունենանք տասնյակ կիլոմետրանոց «կանաչ ճանապարհ»: Իհարկե, ասիացի գործարարները միայն երկուշաբթի չէ, որ «աղքատացել են», իսկ ահա ճապոնացիները դեռևս շահույթ են գրանցում: Bloomberg-ը հայտնում է, որ Ճապոնիայի ամենահարուստ գործարար Տադաշի Յանաին ավելացրել է իր ունեցվածքը 106 մլն դոլարով՝ հասցնելով այն 21 մլրդի, չնայած նրա ընկերության` Fast Retailing-ի բաժնետոմսերի գինը նվազել է 6%-ով:

Տնտեսությանը օժանդակելու նպատակով Չինաստանի կենտրոնական բանկը որոշում է կայացրել նվազեցնել տոկոսադրույքները. 2014 թվականի նոյեմբերից սա թվով չորրորդն է: Միևնույն ժամանակ, կարգավորող մարմինը վերանայել է բանկերի պահուստային նորմատիվների պահանջները: Վարկերի տարեկան տոկոսադրույքներն իջեցվել են 25 բազիսային միավորով՝ մինչև 4.6%, տարեկան դեպոզիտների տոկոսադրույքները՝ ևս 25 բազիսային միավորով՝ մինչև 1.75%: Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 26-ից: Պահուստավորման նորմերը կրճատվել են 50 բազիսային միավորով, որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 6-ից, այս նորմատիվները 2015 թվականի ընթացքում արդեն երկու անգամ նվազեցվել են: Չինաստանում վերամշակման արդյունաբերության ոլորտում գործնական ակտիվությունը օգոստոս ամսին նվազել է՝ վերջին վեց տարիների ընթացքում գրանցելով ամենացածր ցուցանիշը: Այս մասին վկայում են Caixin Media-ի և Markit Economics-ի՝ հինգշաբթի օրը հրապարակած հաշվետվությունները:

Նյութի աղբյուրը՝ միջազգային մամուլ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter