HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան. «Ներկա փուլում ՀՀ-ին սահմանադրական փոփոխություն և դրան զուգահեռ անխուսափելի ցնցումներ պետք չեն»

Լիլիթ Թադևոսյան

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ես իմ կարծիքը բազմիցս հրապարակավ ասել եմ ու մնում եմ այն կարծիքին, որ ներկա փուլում Հայաստանի Հանրապետությանը սահմանադրական փոփոխություն և, բնականաբար, դրան զուգահեռ անխուսափելի ցնցումներ պետք չեն: Այդ մասին «Հետքի» հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Որովհետև Սահմանադրության ցանկացած փոփոխություն ցնցում է, ուզենք, թե չուզենք, որովհետև ամբողջ օրենսդրական բազայի փոփոխության խնդիր է առաջանում դրանից հետո, փոխվում են ընդհանրապես խաղի կանոնները՝ պետության մեջ Սահմանադրությամբ ամրագրված և այլն: Դա միանշանակ է, որ այս փուլում նման փոփոխության անհրաժեշտություն չկա, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ գործող Սահմանդրությունն, ըստ էության, երբեք չի գործել և միայն դրա գործելու պայմաններում կարելի էր խոսել այն մասին, որ գործող Սահմանադրությունը այս հարցերն է կարգավորում, կարելի է դա ավելի արդյունավետ կարգավորել և այլն»,-ասաց Երվանդ Վարոսյանը:

Խոսելով Վենետիկի հանձնաժողովի մասին, որի անդամները երեկ հանդիպում են անցկացրել ՀՀ քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ Երվանդ Վարոսյանն ասաց, որ  Վենետիկի հանձնաժողովի երեկվա դիտարկումները՝ կապված միասեռական ամուսնությունների հետ, մեծ նվեր էր այն անձանց, ովքեր, ըստ էության, սահմանադրական փոփոխությունների քննարկումից կցանկանային այս հարցը շեղել:

«Այսինքն՝ փոխանակ քնննարկենք, թե արդյոք անհրաժեշտ են Սահմանադրության փոփոխությունները, հիմա տևական ժամանակ այս թեման այսպես կշահարկվի այն առումով, որ տեսեք, տեսեք՝ ինչ վտանգների առաջ ենք կանգնած, հիմա էլ միասեռական ամուսնությունների թույլատրման դրույթ  կմտցվի, այնուհետև մի երկու ամիս հետո հերոսական դեմքերով կհայտնվեն անձինք, որոնք կասեն՝ տեսեք այդ վտանգից մենք խուսափեցինք, և նախագծում նման կարգավորումներ չկան, ուստի այդ նախագիծը տեսեք ինչ լավն է: Այսինքն՝ այս թեման, ըստ էության, օգտագործվելու է հարցի քննարկումից հասարակությանը շեղելու համար»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Նա նշեց, որ փորձ է արվելու քաղաքական կարևորագույն հարցերը մղել երկրորդ պլան, և այս հարցը տևական ժամանակ շահարկելուց հետո հասաարակությանը կներկայացվի, որ ոմանց հերոսական ջանքերի շնորհիվ հաղթեցին Վենետիկի հանձնաժողովին, և այդ առաջարկը տեղ չգտավ նախագծում, այսինքն՝ ամեն ինչ կտարվի այդ դաշտ:

Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վենետիկի հանձնաժողովի անդամ, Ավստրիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Գրաբենվարտերը, խոսելով միասեռականների ամուսնության մասին, ասել էր, որ իրենց մեկնաբանությունը հոդվածի վերաբերյալ որևէ կերպ ուղղված չի եղել ընտանիքի պաշտպանության կամ ամուսնության իրավունքների սահմանափակմանը, այլ  պարզապես դա ևս մեկ տեղեկատվություն է հայկական իշխանություններին, որ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ նույնասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն:

Լուսանկարը՝ Ե․Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter