HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեմ է սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծին

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ արտահայտելով իր դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծի վերաբերյալ: Հայտարարության տեքստն ամբողջությամբ՝ ստորեւ.

«Սահմանադրությունը հանդիսանալով պետության մայր օրենքը և սահմանելով պետական և քաղաքական կառավարման համակարգերի կառուցվածքը, պետք է ծառայի քաղաքացիների շահերին` երաշխավորելով ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարության ապահովումն ու զարգացումը, իշխանությունների տարանջատումը, քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, քաղաքական և տնտեսական ազատ մրցակցության ապահովումը։

Պետք է արձանագրենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների այն նախագիծը, որն այսօր դրված է քննարկման, ամենևին չի բխում ՀՀ քաղաքացիների կյանքի բարելավման և վերոնշյալ սկզբունքների իրացման մեկնակետից:

Գաղտնիք չէ, որ Ազատ դեմոկրատներ կուսակցության համար խորհրդարանական կառավարման համակարգին և 100 տոկոս համամասնական ընտրակարգին  անցումը եղել է նախընտրական ծրագրի մի մաս, սակայն խորհրդարանական կառավարման այն տարբերակը, որն առաջարկվում է ներկայացված նախագծում չափազանց հեռու է այն խորհրդարանական կառավարման համակարգերից, որոնք հաջողությամբ գործում են զարգացած ժողովրդավարական երկրներում և ծառայում են ի շահ այդ պետությունների քաղաքացիների: Սահմանադրության փոփոխությունների առաջարկվող նախագիծն Ազատ դեմոկրատներ կուսակցության համար անընդունելի է և հեռու է ժողովրդավարական համարվելուց:

Հարկ ենք համարում անդրադառնալ Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած մի քանի ակնհայտ անընդունելի դրույթների.

  1. Սահմանադրության փոփոխությունների նախագծի  89.3 և 89.4 հոդվածներում խոսվում է կայուն խորհրդարանական մեծամասնության և ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին: Այս դրույթները, մեր գնահատմամբ, ժողովրդավարության հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում են, քանզի  քաղաքացին իր ընտրական իրավունքի իրացման միջոցով պետք է հնարավորություն ունենա համաչափ ազդեցություն ունենալ  իշխանության ձևավորման և քաղաքական որոշումների կայացման վրա։ Իսկ այս դրույթներով, փաստացիորեն, կայուն խորհրդարանական մեծամասնություն ունենալու պատրվակով ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում, որի արդյունքում փոքրամասնությունից արհեստականորեն բացարձակ մեծամասնություն է ձևավորվում։ Այդ դեպքում խորհրդարանում ուժերի բաշխվածությունը դառնում է ոչ արդարացի և չի արտահայտում ընտրողների տված վստահության քվեների իրական պատկերը: Այդ կերպ ձևավորված խորհրդարանը չի կարող հանդիսանալ ներկայացուցչական մարմին։ Փաստացի փոքրամասնությունը օրենքի ուժով ձևավորում է կառավարություն և իրացնում մեծամասնության գործառույթները, ինչն էլ կհանգեցնի քաղաքական ակնհայտ անկայունության։
  2. Նախագծի 104-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է ԱԺ նախագահի և նրա տեղակալների ընտրության կարգը, սակայն հստակ չէ ԱԺ նախագահի լիազորությունների դադարեցման կարգը, ինչն անընդունելի է, քանզի խորհրդարանական կառավարման համակարգին անցնելով ԱԺ նախագահին առավել մեծ ազդեցություն և լծակներ են տրվում՝ առանց որևէ պատասխանատվության հանձնառման և հետկանչի կամ այդ լիազորությունների դադրեցման մեխանիզմի:

Ընդհանրապես վերոնշյալ խնդրի վերաբերյալ հարկ ենք համարում շեշտել, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծով մեկ անգամից ավել ընտրվելու վերաբերյալ սահմանափակումներ կան միայն ՀՀ Նախագահի վերաբերյալ /հոդված 124, մաս 3/, Վարչապետի և Ազգային ժողովի նախագահի վերաբերյալ նման սահմանափակում չկա, ինչը, մեր դիտարկմամբ, սխալ մոտեցում է և Սահմանադրությամբ պետք է հստակ ամրագրվի, որ նույն անձը չի կարող երկու անգամից ավել ընտրվել ՀՀ վարչապետ կամ ՀՀ Ազգային ժողովի նախագահ: Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում նման սահմանափակման բացակայությունը բերում է քաղաքական դաշտի լճացման։

  1. Սահմանադրության փոփոխությունների նածագծով նախատեսված այն դրույթը, համաձայն որի սահմանադրության հոդվածները/բացառությամբ 201-ի 1-ին մասում ամրագրված մի քանի հոդվածների/ կարող են փոփոխվել Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդի ձայների մեծամասնությամբ/Հոդված 201 մաս 2-րդ/ համարում ենք չափազանց վտանգավոր , քանզի այս կերպ Սահմանադրությունը կարող դառնալ  տվյալ պահին խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ձեռքի խաղալիքը և ցանկացած պահի նրանք կարող են Սահմանադրության մեջ իրականացնել ցանկացած փոփոխության առանց դա հանրաքվեի դնելու և ՀՀ քաղաքացիների ձայնն ու դիրքորոշումը հարցնելու, ինչը իրավաճակային և ոչ ցանկալի լուծումների կարող է հանգեցնել:
  2. ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ակնհայտ վտանգ սպառնացող հոդված ենք համարում նախագծի 204 հոդվածը, որով առաջարկվում է ՀՀ տարածքային ամբողջականության հարցը լուծել հանրաքվեով: Նմանատիպ ձևակերպումները պետականորեն հաստատված տարածք, անկախություն և ինքնիշխանություն ունեցող պետության Սահմանադրությունում ներառելն ուղղակի անթույլատրելի է, և հղի է հետագա վտանգներով:
  3. Սահմանադրության նախագծի 47 հոդվածի 2–րդ մասով ամրագրված սահմանափակումները, համաձայն որի ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել  վերջին 5 տարում ՀՀ–ում մշտապես բնակվող յուրաքանչյուր ոք, անընդունելի են, քանզի առաջին հերթին այս սահմանափակումը չի հստակեցնում, թե ինչ է նշանակում մշտապես բնակություն եզրույթը և երկրորդ` այս արգելքը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի այն որոշմանը` համաձայն որի չի կարելի սահմանափակել մարդու ընտրելու և ընտրվելու իրավունքը ծննդավայրի կամ բնակության վայրի վերաբերյալ խտրական և չհիմնավորված պահանջներով:  Մեր գնահատմամբ, այս դրույթը լուրջ խոչընդոտ է ՀՀ քաղաքացիների կրթության, բժշկության և այլ իրավունքների իրացմանը ՀՀ սահմաններից դուրս։
  4.  Լուրջ սահմանափակում ենք համարում Ազգային ժողովում նոր խմբակցություններ ձևավորելու արգելքի մասին դրույթը/ Հոդված 105 մաս 2/, որի կիրառումը հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացում, քանզի նախագծով մեծամասնության նշանակած վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշումը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ/Հոդված 115/: Փաստացիորեն, հստակեցված  չեն օրենսդիր և գործադիր մարմինների միջև հակակշիռների և վերահսկողության մեխանիզմները:
  5. Դատական իշխանության ձևավորման մեջ չափազանց մեծ է Ազգային ժողովի դերակատարությունը, ինչն էլ մեծապես կասկածի տակ է դնում համակարգի անկախությունը: Մեր դիտարկմամբ, պետք է նվազեցնել ԱԺ-ի միջամտությունը  դատավորների նշանակման և ազատման գործընթացում:

Բացի վերոնշյալ դրույթներից  սահմանադրական փոփոխությունների նախագծում կան մի շարք բացեր և խութեր, որոնք մասնավորապես վերաբերում են ազգային անվտանգության համակարգին, մարդու իրավունքների ոլորտին։ Չի ապահովվում  նաև օրենսդիր, գործադիր և դատական մարմինների տարանջատումը, հետևաբար` վերանում է զսպումների և հակակշիռների մեխանիզմը: Հաշվի առնելով վերոնշյալ դրույթները` Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դեմ է սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter