HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանը մասնակցել է հայ և թուրք տուրօպերատորների հանդիպմանը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը օգոստոսի 26-ին, Երևանում մասնակցել է Հայ և թուրք տուրօպերատորների ցանցի (TATON) հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատունը:

Տուրօպերատորների ցանցը ձևավորվել է ԱՄՆ ՄԶԳ «Կամուրջներ» ծրագրի շրջանակում, որի նպատակն է տուրիզմի միջոցով ստեղծել միջսահմանային  տնտեսական ակտիվություն: Ցանցին անդամակցում են տարածաշրջանի ամենաակտիվ տուրիստական կազմակերպություններն ու տուրօպերատորները:

«Հայ և թուրք տուրօպերատորների ցանցն իր անդամների հետ փորձում է հաղթահարել միջսահմանային համագործակցության դժվարին խնդիրը, - հանդիպման ժամանակ ասել է դեսպան Միլսը, - համագործակցության ամենաարդյունավետ խթաններից մեկը ընդհանուր բիզնես շահերն են: Հայաստանի  և Թուրքիայի համայնքներում բիզնեսը և բիզնես շահերն  առաջ մղելու այս ասոցիացիայի նպատակը շատ գովելի է»:

Հայ և թուրք  տուրօպերատորներն արդեն իսկ առաջարկում են միջսահմանային շրջագայություններ: Համաձայն դեսպանատան պաշտոնական հաղորդագրության` թուրք տուրօպերատորները տուրիզմի կայացած ոլորտ են ներկայացնում և ձգտում են ավելի բազմազան դարձնել դեպի Թուրքիա առաջարկվող ավանդական տուրիստական փաթեթները: Հայ տուրօպերատորները փորձում են ընդլայնել եղած հնարավորությունները՝ առաջարկելով շրջագայություններ մեկից ավելի երկրներ: Տուրօպերատորների ցանցը հեշտացնում է միջսահմանային ճամփորդությունների շուրջ համագործակցությունը: Չնայած տուրօպերատորների ցանցը գործում է սոցցանցի միջոցով, պարբերական դեմ առ դեմ հանդիպումները հնարավորություն են տալիս երկու երկրների տուրօպերատորներին կիսել մտահոգությունները և համաձայնեցնել միասնական ճամփորդական առաջարկները:

«Տուրիզմը կարևոր է տնտեսական զարգացման համար: Համայնքների միջև համագործակցությունը տնտեսական ոլորտում ընդլայնում է մտահորիզոնը և օգուտներ ապահովում բոլորի համար, - ասել է դեսպան Միլսը, - միջսահմանային տուրիզմը ընդգծում է ինչպես համայնքների ընդհանրություններն, այնպես էլ տարբերությունները: Հայաստանն ու Թուրքիան ունեն ավելի շատ ընդհանրություններ, քան կարելի է պատկերացնել՝ միջավայր, պատմություն, մշակույթի տարբեր ոլորտներ»:

ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի տուրիզմի ոլորտի հետ սկսել է աշխատել 2000 թվականից: Սկզբնական շրջանում աշխատանքներ են տարվել ծառայությունների մատուցումը բարելավելու և տուրիստական ոլորտում ներուժ ձևավորելու ուղղությամբ: Հայաստանում շարունակվող «Կամուրջներ» ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցում է ԱՄԱՓ Մարդկային զարգացման ՀԿ-ի հետ,  որն առավել հայտնի Հայաստանի պատմամշակութային վայրերում տեղադրած տեղեկատվական վահանակներով: 
Նախքան տուրօպերատորների ցանցի հիմնադրումը «Կամուրջներ» ծրագիրն օգնել է տեղացի գործընկերներին ձևավորել  Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքը Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի միջև:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter