HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոյեմբերյանում գործող վարկային կազմակերպությունում երեք աշխատող ղեկավարի հետ վեճի արդյունքում գործազուրկ դարձավ

Լիլիթ Թադևոսյան

«Կամուրջ» վարկային կազմակերպության Նոյեմբերյանի մասնաճյուղի երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, իրենց ղեկավարի պատճառով, ով աշխատողների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք է ցուցաբերել: Այդ մասին «Հետք»-ի հետ զրույցում ասացին ազատված աշխատակիցներ Աշխեն Ասլիկյանը, Սարգիս Մարտիրոսյանը և Շամաղա Ամիրաղյանը: Նշենք, որ նոր ղեկավարը Հեղինե Ամիրաղյանն է, ով 2015 թ․ հունվարից է նշանակվել այդ պաշտոնում:

«Մենք մեր դիմումի համաձայն ենք դուրս եկել աշխատանքից և խնդիրը մեր ղեկավարի հետ է կապված, ով մեզ հետ շատ վատ էր վերաբերվում»,- ասաց Շամաղա Ամիրաղյանը: Վերջինս նշեց, որ նախկին ղեկավարի հետ իրենք մոտ երկու տարի աշխատել են և որևէ խնդիր չի առաջացել: Բացի դրանից մեր զրուցակիցը նշեց, որ իրենք «Կամուրջ»-ի հետ որևէ խնդիր չունեն, այլ իրենց խնդիրն ընդամենը տեղի մասնաճյուղի ղեկավարի հետ էր:

Շամաղա Ամիրաղյանը նաև տեղեկացրեց, որ իրենք մինչև այս բողոք-դիմում են ներկայացրել գործադիր տնօրենին՝ խնդրելով լուծում տալ այդ լարված իրավիճակին, սակայն գործադիր տնօրենը ոչինչ չարեց և իր փոխարեն ուղարկեց ստուգող հանձնաժողով, ովքեր տեսան իրական վիճակը:

«Սակայն, օրեր անց, երբ գործադիր տնօրենը գտնվում էր արձակուրդում, նրա փոխարեն փոխտնօրենը, ով իր հովանու ներքո էր վերցրել Նոյեմբերյանի մասնաճյուղի ղեկավարին , առանց ցանկանալու իմանալ և ուսումնասիրել կոնֆլիկտի պատճառները, միանգամից գերադասեց կորցնել 3 փայլուն աշխատակցի, բայց պահել մեկ  ղեկավարի` պատճառաբանելով, որ եթե չեք ուզում, մի աշխատեք, փոխարինողները շատ են: Նա կանչեց 3 աշխատակցին Երևան, և ազատեց աշխատանքից՝ հաշվի չառնելով ոչ մեկի կարծիքը և ոչինչ»,- ասաց Ամիրաղյանը՝ հավելելով, որ աշխատանքի ազատման որոշումը կամայական չէր, այլ՝ հարկադրված:

Այս առնչությամբ մենք զրուցեցինք նաև «Կամուրջ» վարկային կազմակերպության անձնակազմի կառավարման բաժնի ղեկավար Անահիտ Մանուկյանի հետ: Վերջինս մեզ ասաց, որ Նոյեբերյանի «Կամուրջ» վարկային կազմակերպության երեք աշխտողներ սույն թվականի օգոստոսի 13-ին գործատուին ծանուցում են ներկայացրել աշխատանքային պայմանագիրը լուծելու վերբերյալ:

«Այնուհետև գործատուի կողմից հրավիրվել է գործարար էթիկայի նիստ, մենք ունենք հանձնաժողով, որտեղ որ բոլոր աշխատողներին հուզող հարցերը ժամանակ առ ժամանակ նիստի ընթացքում լսվում են և լուծուներ են տրվում աշխատողներին հետաքրքրող բոլոր հարցերին: Նաև այս դեպքում է հրավիրվել նիստ, որպեսզի հասկանանք ինչ խնդիր կա, որ նրանք ներկայացրել են ծանուցում աշխատանքային պայմանագիրը լուծելու: Հրավիրվել են Երևան և այստեղ նիստի ընթացքում հանձնաժողովը հասկացավ, որ իրենց անմիջական ղեկավարի հետ որևէ խնդիր չկա, ընդամենը միջանձնային հարաբերությունների մասին է խոսքը: Այսինքն՝ որևէ այլ խնդիր, որի շրջանակներում գործատուն կկարողանար որևէ ձևով միջամտեր՝ չկա»,- ասաց Անահիտ Մանուկյանը:

Նա տեղեկացրեց, որ Ամիրաղյան Հեղինեն «Կամուրջ» վարկային կազմակերպությունում աշխատում է 2008 թվականից, ով իր խոսքերով բավականին լուրջ, կրթված, պրոֆեսիոնալ աշխատող է և այս տարվա հունվարին նշանակվել է Նոյեմբերյանի մասնաճյուղում ղեկավար և հավանաբար այս 8 ամիսների ընթացքում իրենց մեջ որոշակի միջանձնային խնդիրներ են առաջացել: Այն հարցին, թե այդուհանդերձ չեն փորձել որևէ կերպ միջամտել և այդ խնդիրը լուծել, Անահիտ Մանուկյանն ասաց. «Մենք փորձել ենք հասկանալ, թե արդյոք սա վերջնական որոշում է և արդյոք իրենք որպես աշխատող որևէ ելք չեն տեսնում անմիջական ղեկավարի հետ աշխատելու գործընթացում, իրենք ասել են, որ իրենք չեն կարող աշխատել այդ ղեկավարի հետ և միակ լուծումը, որն իրենք այս պահին տեսնում են, դա ծանուցում ներկայացնելն է և աշխատանքային պայմանագիրը լուծել: Մեր ղեկավարությունը փորձել է հարթել խնդիրը, բայց իրենք հենց նիստի ժամանակ նշել են, որ որևէ այլ բան քան պայմանագրի լուծումը չեն տեսնում: Որևէ բան թաքցված չի, լրիվ օրենսդրության սահմաններում է եղել»,- ասաց Անահիտ Մանուկյանը:

Մեր այն հարցին, թե չեն ափսոսում այդ երեք աշխատակցին, մանավանդ նկատի ունենալով այն, որ սահմանամերձ քաղաքում ևս գործազրկության խնդիր կա, Անահիտ Մանուկյանն ասաց, որ  ափսոսում են, բայց քանի որ իրենք ֆինանսական կառույց են, ու որպեսզի աշխատանքը չտուժի, իրենք արդեն մրցույթ են հայտարարել և փորձում ենք աշխատողներ գտնել նույն տարածաշրջանից:

«Այսինքն՝ այնպես չէ, որ մենք չենք մտածում Նոյեմբերյանի՝ որպես սահմանամերձ քաղաքի մասին և աշխատատեղերի կրճատում որևէ տեսակի չենք անում, աշխատատեղերը կան: Մեր բոլոր աշխատողներին մենք շատ լավ ենք վերաբերվում: Դա ուղղակի միջնանձնային խնդիր է և և կազմակերպության կողմից հատուկ գործողություններ չի արվել, ուղղակի բավարարվել է  աշխատողի ծանուցման պահանջը»,- նշեց Անահիտ Մանուկյանը:

Հարցին, թե չե՞ն փորձել խնդրի վերաբերյալ խոսել հենց Հեղինե Ամիրաղյանի հետ, Անահիտ Մանուկյանն ասաց, որ խոսել են և վերջինս նշել է, որ այդ աշխատողներն իրեն չեն ենթարկվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter