HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Ուր են հասցնում երկրից դուրս տանող ճանապարհները

Նրա ամուսնանալուց հետո մեկ-երկու տարի կորցրել էինք միմյանց, երբ ինտերնետային սոցիալական ցանցերից մեկով մի օր գրեց: Պատմեց, որ Շվեդիայում է ամուսնու հետ եւ երեխայի է սպասում: Մի քանի օր անց գրեց, որ մորաքույր եմ դարձել: Չնայած նրա հետ խոսելիս միշտ ինչ-որ տարօրինակ տխրություն էի զգում, բայց կարծում էի' ամեն ինչ լավ է, քանի որ ինքն է այդպես ասում եւ, ի վերջո, Շվեդիայում է ապրում:

Շվեդիա գնալուց առաջ այնքան խնդիրներ ունեցա, որ այլեւս չէի հավատում իմ այնտեղ հայտնվելուն: Բայց Ամանորի նախօրեին հասցրի ոտք դնել Ստոկհոլմի Սկավստա օդանավակայան: Ինձ այնտեղ դիմավորելու էր ընկերուհուս ամուսնու ընկերը, ում պետք է հայի արտաքինից ճանաչեի:

Չորս տարի առաջ, երբ նույն բնակարանում ամսական 15 հազար դրամով ապրում էինք ընկերուհուս հետ, ծիծաղում, վարունգներ շպրտում պատշգամբից ներքեւ, կեսգիշերին ձնագնդի էինք խաղում ու ձնեմարդ սարքում, երբեք չէինք պատկերացնի, որ մի օր հանդիպելու ենք միմյանց հեռու Սկանդինավիայում:

Հայտնվելով Եվրոպայում՝ որո-շեցի այցելել նրան, քանի որ երկուսս էլ շատ կարոտած էինք ու մենակ: Ինչպես արդեն ասացի, օդանավակայանում ինձ դիմավորում էր ընկերուհուս ամուսնու ընկերը' Լեւոնը: Բազմաթիվ ու բազմաձեւ մարդկանց միջից, այո, միանգամից ճանաչեցի նրան, մոտեցա, ներկայացա, ու միասին ուղղվեցինք դեպի մեքենան:

Լեւոնի տեսակի մարդիկ Հայաստանում երբեք ամրագոտիներ չեն կապում, իսկ Շվեդիայում նա մեծ պատասխանատվությամբ դա արեց: Մեր մեքենան առանձնանում էր մյուսներից նրանով, որ սովորականից ավելի արագ եւ նյարդային պտույտներով էր ընթանում, ինչպես Հայաստանում բոլոր մեքենաները:

- Բա ոստիկանությունը չի կանգնեցնի՞, ինչի՞ եք սենց արագ քշում,- հարցրի:
- Տո մեզ ո՞վ կարա կանգնացնի: Մենք ստեղ էլ ենք հայավարի քշում:
- Բա ի՞նչ եք աշխատում էստեղ...
- Չեմ աշխատում, անգործ... սոցիալականն ենք ստանում ու այ սենց (մատը տանելով կզակին) ապրում ենք...
- Սոցիալականը ո՞րն է:
- Դե մենք որ ստեղ ենք, համարվում ենք փախստական. մեզ ամեն ամիս փող են տալիս: Հինգ տարի առաջ ես եկա, հետո ընտանիքիս բերեցի: Հիմա թուղթ ենք ստացել, ոչ մեկս էլ չենք աշխատում: Ես գործ կարամ գտնեմ, ուղղակի եթե աշխատեմ, սոցիալականից կկտրեն, իսկ աշխատավարձն ավելի քիչ ա, քան սոցիալականը: Ես սենց 5 հոգու թոշակ եմ ստանում: Էրեխեքս շվեդերեն «չրթում են», դպրոց են գնում ստեղ, կավարտեն, կաշխատեն... Գնամ Հայաստան ի՞նչ անեմ, ապրել չէինք կարողանում, սոված չէի՞նք մնա...

Մեքենան ճռռաց, ու մենք կանգնեցինք մի շենքի բակում:

Բոլորի պատուհաններից վառվում էին սուրբ ծննդյան մոմերը, առատ ձյունն արագորեն փակում էր բոլոր ճանապարհները, իսկ շվեդ բանվորները ձյուն մաքրող մեքենաներով պայքարի էին դուրս եկել...

- Սրանք, տես, գիշերներն աշխատում են բանվորի շորերով, բայց գործից հետո ամեն մեկն օրական 300 եվրոյանոց տղա ա: Հայաստանում էս գործն անողներն ինչքա՞ն փող են ստանում,- ավելացրեց Լեւոնն ու ներս հրավիրեց:

Տանն ինձ դիմավորեց Լեւոնի կինը, հողաթափեր տվեց, ասաց.

- Քեզ զգա ինչպես հայի տանը, հանկարծ չամաչես:

Քիչ անց իրենց սենյակներից դուրս եկան Լեւոնի երկու աղջիկներն ու տղան: Երբ հյուրասենյակում մենակ էի աղջիկներից մեկի հետ, ասաց.

- Հայաստանից նո՞ր ես եկել, մի քիչ պատմի, էլի, Երեւանն ի՞նչ ձեւի ա հիմա... Շա՞տ ա փոխվել... Ախր էնքան եմ կարոտել: Փոքր էի, որ եկանք ստեղ: Հայաստանի ընկերներիս եմ կարոտել, տատիկիս տունը... Ստեղ էլ ընկերներ ունեմ, բայց էն չեն, էլի... Էս նեգրերի հետ շփվում ենք, լավ էրեխեք են, բայց ստեղ բոլորը մտածում են մենակ իրենց բոյֆրենդների մասին...

Նրա հարցերին ու դիտարկումներին կիսով չափ պատասխանեցի, հետո էլ չկարողացա ոչինչ ասել... 15-ամյա աղջկա աչքերում մեծ թախիծ կար. նա էլ էր ինքն իրեն կարոտածներից...

Լեւոնենց տանը սպասում էի մի մարդու, ով ինձ պետք է տաներ 600 կմ հեռու գտնվող այն քաղաքը, ուր ապրում էր ընկերուհիս՝ Լիլին: Այդ ընթացքում հասցրի աչքի անցկացնել տունը, որը վերանորոգված էր, լավ կահավորված: Իսկ տնային կինոթատրոնի էկրանին փոփոխվում էին հայկական արբանյակային ալիքները:

Մեկ ժամ անց տանտիկինը բացեց դուռը, եւ ներս եկան մոտ 25-ամյա մի տղա եւ 35-ամյա խնամված մի կին: Հենց նրանց հետ էլ պիտի ճանապարհ ընկնեի: Երկուսն էլ շատ ակտիվ էին ու շատախոս: Կինը ռուսերեն էր խոսում, հետո պարզեցի, որ Ուկրաինայից է: Պատմեց, որ փախստական է, Ստոկհոլմում է ապրում հաշմանդամ երեխայի հետ: Իսկ հայազգի տղային գտել էր «օդնոկլասնիկի»-ից:

Մեքենայի մեջ նա ամուսնության բազմաթիվ ակնարկներ արեց տղային եւ, շրջվելով դեպի ինձ, ծիծաղեց.

- Տեսնո՞ւմ ես, ոչ մի կերպ չի համոզվում ամուսնանալ...

Իսկ տղան՝ Արտակը, ավելացրեց հայերենով.

- Գիտե՞ս' ինչ շունն ա...

Կնոջն իջեցրինք Ստոկհոլմում, իսկ մենք շարունակեցինք ճանապարհը: Չնայած արդեն կեսգիշերն անց էր, ես էլ՝ սարսափելի հոգնած, բայց չկարողացա քնել ողջ ճանապարհին: Ինձ վրա պարտավորություն էի վերցրել խոսեցնել վարորդին, որպեսզի չքնի, քանի որ ձյունն ուղիղ դիմապակու վրա էր իջնում:

- Տես, ստեղ լուսաֆորները սենսորային են... Նայի, լույսը գցում եմ վրան, ինքը կանաչ ա բացում: Կարո՞ղ ա մնաս ստեղ, հետ չգնաս: Գիտե՞ս՝ սխալ կանես: Սա երկիր ա, քեզ մարդ ես զգում, թե չէ էն ի՞նչ կյանքով ենք ապրում մենք Հայաստանում,- խոսեց Արտակը:

- Ինչի էստեղ ի՞նչ կյանքով եք ապրում,- մի տեսակ հիասթափված հարցրի:

- Անի ջան, սա հարուստ երկիր ա, բայց ժողովուրդը շատ դեբիլ ա... Էնքան որ փող ունեն, ապրում են, էլի: Չնայած շատ ուժեղ սիստեմ ունեն՝ բոլորը հավասար: Մեր Հայաստանն էնքան դեռ պիտի աճի սենց երկիր դառնալու համար...

Ճանապարհի կեսին Արտակն ասաց, որ պետք է 5 րոպեով մի քաղաք մտնենք. բան կա փոխանցելու: Հետո ասաց, որ այդ քաղաքում է գտնվում ճամբարը, ուր «հանձնվում» են փախստական հայերը: Կանգնեցինք մութ ու չհղկված մի շենքի առջեւ:

- Հա, ապեր, դուրս արի,- հեռախոսով խոսեց Արտակը:

Քիչ անց մեր մեքենան նստեց մոտ 30-ամյա մի տղամարդ:

- Հը, ապեր, ո՞նց ես,- հարցրեց Արտակը:
- Այ ախպեր, սա կյանք չի, ո՞նց պիտի լինեմ: Ոնց որ բանտում լինեմ, ոչ լինում ա հեռախոսով խոսել, ոչ կարողանում եմ մի բան հասկացնել դրանց: Ոչ էլ գիտեմ՝ երբ են ինձ հասցե տալու, մի տեղ ուղարկեն: Ամեն ինչ չոտկի ասել եմ ինտերվյուի ժամանակ, տեսնենք, էլի...
- Հա, դե դիմացի ապեր, մի երկու օր ա, էլի, ինձ թվում ա՝ երկուշաբթի քեզ հասցե կտան, մենակ շատ վերեւները չգցեն,- ասաց Արտակն ու տղամարդուն փոխանցեց 4 տուփ ծխախոտ:- Էս վերցրու, Արտյոմն ա (ընկերուհուս ամուսինը) տվել, մինչեւ տեսնենք' ինչ ա լինում:

Մենք շարունակեցինք ճանապարհը, իսկ տղամարդն իր քայլերն ուղղեց դեպի չհղկված շենքը՝ ճամբար:

- Նոր ա հանձնվել: Կնոջ հետ են եկել, բայց կինն էստեղ չի: Հեսա մի քանի օրից իրենց արդեն կուղարկեն ինչ-որ քաղաք, տուն կտան, փող կտան ամեն ամիս, մինչեւ քաղաքացիություն ստանան:

Ինձ հետաքրքրեց՝ իսկ կինն ո՞ւր է, բայց Արտակը չցանկացավ մանրամասնել:

Եւս 200 կմ, եւ մենք կանգ առանք մի մութ թաղամասում: Շենքի մուտքի մոտ ինձ դիմավորեց ընկերուհուս ամուսինն, ու ոլորապտույտ, կեղտոտ աստիճաններով վեր բարձրացանք:

Այդ գիշեր ես ու Լիլին ուղղակի գրկեցինք իրար ու քնեցինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter