HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պղնձի ներկա «վարքագիծը». ինչպես է տուժում Հայաստանը

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 147 հազ. տոննա պղնձի խտանյութ և 4,8 հազ. տոննա չզտած (կոնվերտորային) պղինձ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ), 2014 թվականի առաջին կիսամյակի համեմատ պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 54,2%-ով, իսկ չզտած պղնձինը՝ նվազել 3,7%-ով։ 

Պղնձի խտանյութի արտադրության ծավալների աճին, ինչպես սպասվում էր, հիմնականում նպաստել է Թեղուտի պղնձամոլիբդենային գործարանը, որի մեկնարկը տրվել է 2014-ի դեկտեմբերին։

Եթե մի կողմ թողնենք բնապահպանական գործոնները, ապա երկրում պղնձի արտադրության ծավալների աճն առաջին հայացքից գոհացնող է։ Սակայն համաշխարհային շուկայում ձևավորված բացասական պատկերը, որն անմիջապես ազդում է նաև Հայաստանի վրա, բոլորովին էլ գոհ լինելու առիթ չի տալիս։  Վերջին շրջանում պղնձի միջազգային գներն այնքան են նվազել, որ նույնիսկ արտադրության ծավալների աճը դժվար թե ամբողջությամբ փակի գնանկումից առաջացող վնասները։ Հատկապես, եթե նվազման միտումը շարունակվի։

Ինչպես հայտնի է, պղինձը Հայաստանի արտահանման ընդհանուր ցուցանիշում մեծ տեսակարար կշիռ ունի, ուստի դրա գնանկման հետևանքն այն է լինում, որ նվազում են արտահանումից ստացվող եկամուտները, հետևաբար արտարժութային ռեսուրսների հոսքը դեպի Հայաստան։ Դա էլ իր հերթին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման հիմնական պատճառներից մեկն է։

Պղնձի «վարքագիծը»

Լոնդոնի մետաղների բորսայի տվյալներով՝ օգոստոսի 24-ի դրությամբ պղնձի մեկ տոննայի գինը նվազեց 5հազ. ԱՄՆ դոլարից ու սահմանվեց 4888 դոլար։ Իսկ այսօրվա՝ օգոստոսի 28-ի դրությամբ այն կազմում է 5029 դոլար։ Ամսվա սկզբին էլ 5176 դոլար է եղել։ Տարեսզբից պղնձի համաշխարհային գները ձևավորել են հետևյալ պատկերը.

Օգոստոսի ցուցանիշներն արդեն Հայաստանի տնտեսության համար մտահոգիչ են։ Ըստ որոշ տնտեսագետների ու փորձագետների հաշվարկների՝ եթե գինը հասնի 4500-4600 դոլարի, դա արդեն ավելի քան մեծ խնդիրներ կառաջացնի հայաստանյան տնտեսության համար։

Պղնձի գնանկումը մեծամասամբ պայմանավորված է դրա խոշորագույն սպառողի` Չինաստանի տնտեսական ցնցումներով: Եվ որքան ուշ այս երկրում տնտեսական վիճակը կայունանա, այնքան պղինձը կէժանանա։

ՀՀ մաքսային ծառայությունը դեռևս չի հրապարակել արտահանման այս տարվա ցուցանիշները, հետևաբար չենք կարող ասել, թե քանի տոննա պղինձ է արտահանվել, ինչ գնով և ինչ փոփոխությունների են ենթարկվել այդ ցուցանիշները 2014-ի կամ մյուս տարիների ցուցանիշների համեմատ։ Յուրաքանչուր դեպքում մի բան ակնհայտ է՝ Հայաստանի տնտեսությունը տուժում է գնանկումից, քանի որ 2014-ի տարեսկզբին, օրինակ, պղնձի մեկ տոննայի համաշխարհային գինը գերազանցել է 7300 դոլարը, իսկ ամբողջ տարվա ընթացքում չի նվազել 6400 դոլարից։ Այսինքն՝ առաջին 8 ամիսների համեմատությամբ 2014-ին պղինձն ավելի թանկ է եղել, քան այս տարի։

Իսկ երբ պատկերը դիտարկում ենք վերջին տարիների կտրվածքով, տեսնում ենք, որ մինչև 2013-ի մարտ ամիսը պղնձի համաշխարհային գները համեմատաբար բարձր են եղել։ 2012-ի առաջին կիսամյակում ամենաբարձր գինը գերազանցել է 8500 դոլարը, տարվա կեսից՝ նվազել, հետո՝ նորից բարձրացել։ Բայց 2013-ի մարտից աստիճանաբար նվազել է. ամբողջ տարվա ընթացքում տատանվել է 6750-8200 դոլարի շրջակայքում։ 2012-ի համեմատ գնանկումն արդեն ակնհայտ էր։ Այդ միտումը շարունակվեց նաև 2014-ին. գինը տատանվեց  6300-7300 դոլարի շրջակայքում։ Իսկ այս տարի ամենացածր գինն առայժմ կազմել է  4888 դոլար, ամենաբարձրը՝ 6383 դոլար։

Ի դեպ, 2014-ի տվյալներով՝ Հայաստանից կատարված արտահանման ընդհանուր ցուցանիշում, ըստ մաքսային արժեքի, պղնձի խտանյութն առաջին տեղում է (ընդհանուր արտահանման 20,5%-ը): Ըստ ՀՀ մաքսային ծառայության՝ Հայաստանից արտահանվում է երեք տեսակի պղինձ՝ պղնձի խտանյութ, չզտած պղինձ և պղնձի ջարդոն։ 2014-ին, օրինակ, արտահանվել է 185 հազ.տոննա պղնձի խտանյութ (ընդհանուր մաքսային արժեքը՝ մոտ 236 մլն դոլար), 9,8 հազ. տոննա չզտած պղինձ (71,1 մլնդոլար) և 1,9 հազ. տոննա պղնձի ջարդոն (մոտ 3,6մլն դոլար)։ Այսինքն՝ հիմնականում արտահանում ենք պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա գնորդներն են եղել Չինաստանը (107,7 հազ. տոննա), Բուլղարիան (64 հազ. տոննա) և Սերբիան (12,5 հազ. տոննա)։

Պղինձ արտադրողները՝ խոշոր հարկատուներ

Հայաստանում պղնձի արտադրությամբ զբաղվող մի քանի ընկերություններ խոշոր հարկատուների ցանկում են։ Նրանցից ամենախոշորը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ, Քաջարանի կոմբինատ,  շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը)։ 2015-ի առաջին  կիսամյակի տվյալներով՝ այս ընկերությունը ՀՀ պետբյուջե է վճարել ավելի քան 9,75 մլրդ դրամի հարկ։ 2014-ի առաջին կիսամյակի համեմատ այն հարկերի չափը մեծացրել է ավելի քան 3,7 մլրդ դրամով և 1000 խոշոր հարկատուների ցանկում 5-րդ հորիզոնականից բարձրացել 2-րդ հորիզոնական։

Հաջորդը «Թեղուտ» ՓԲԸ-ն է։  Շահագործում է Թեղուտի հանքավայրը: Այն խոշորների ցանկում 18-րդն է։ Վճարել է 2,5 մլրդ դրամի հարկ՝ 1 մլրդ դրամ ավելի, քան 2014-ի նույն ժամանակահատվածում։

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» ևս խոշոր հարկատուների ցանկում է:  Ագարակի հանքավայրը շահագործում է «ԳեոՊրոՄայնինգԳոլդ» ՍՊԸ-ն, որի կազմի մեջ է մտնում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն: Վերջինս վճարել է 1,56 մլրդ դրամի վարկ (38-րդ տեղ) ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի  1,6մլրդ դրամի դիմաց։

Հաջորդ խոշոր հարկատուն «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն է:  Շահագործում է   Կապանի պղնձահանքերը: Պետբյուջե է վճարել  1,5մլրդ դրամի հարկ  (39-րդ տեղ)՝  ավելի քան 800 մլն դրամով պակաս 2014-ի առաջին կիսամյակի ցուցանիշից։

Այս տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների առաջին 100-յակում պղնձի արտադրությամբ զբաղվող ընկերություններից այս չորսն են ընդգրկված։ 100-րդ հորիզոնականից հետո բոլոր ընկերությունների վճարած հարկերից յուրաքանչյուրի չափը  չի գերազանցել 550 մլն դրամը։

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter