HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը նախատեսվում է ավարտել 24 ամսում

Օգոստոսի 28-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ընդունել է  Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի գլխավոր կապալառու «Սանիր» ընկերության տնօրեն Բահման Սալեհիի գլխավորած պատվիրակությանը:     

Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Սանիր ընկերության տնօրենը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Հայաստան կտեղափոխվի 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության համար անհրաժեշտ ապրանքների և սարքավորումների առաջին խմբաքանակը և նշել, որ շինարարական աշխատանքները կիրականացվեն ժամանակացույցին համապատասխան:                                                                                                             

Նախարար Երվանդ Զախարյանն ընդգծելով ծրագրի կարևորությունը երկու երկրների էներգահամակարգերի համար՝  նշել է, որ ծրագիրը պետք է իրականացվի բարձր որակով և սահմանված ժամկետում:

Նախարարը նշել է նաև, որ ծրագրի իրականացման ընթացքում գլխավոր կապալառուին կցուցաբերվի ամենայն աջակցություն՝ շինարարությունը պատշաճ կերպով ավարտին հասցնելու համար:

Տեղեկացնենք, որ օգոստոսի 12-ին «Սանիր» ընկերության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է  Իրան-Հայաստան 400  կՎ երրորդ գծի  և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի շինարարության պայմանագիրը:

Օգոսոսի 9-ին, Թեհրանում  Իրանի Արտահանման  Զարգացման Բանկի և ՀՀ ԷԲՊՆ   «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև  ստորագրված  Ֆիանասական  պայմանագրի համաձայն՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 107,9 մլն. Եվրո  գումարը կտրամադրի իրանական կողմը: Նշված գումարի 77 տոկոսը կտրամադրի Իրանի Արտահանման  Զարգացման Բանկը: Շինարարության համար անհրաժեշտ գումարի 23 տոկոսը կհատկացնի ծրագրի գլխավոր կապալառու՝ «Սանիր» ընկերությունը:                

Իրան–Հայաստան 400կՎ երկշղթա օդայի գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է:

«Իրան–Հայաստան 400կՎ երրորդ  էլեկտրահաղորդման գծի» և «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350ՄՎտ-ից հասցնել մինչև 1000ՄՎտ-ի և կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգի հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիությունը, երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը:

Ծրագրի նպատակն է նաև միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանի մոտ Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Հրազդանից 400 կՎ գծի միջոցով: Հայաստան-Վրաստան և Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի միացման նպատակով Հրազդանի տարածաշրջանում նախատեսվում է կառուցել նաև 400/220 կՎ լարման ենթակայան: Արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից կհասցվի 700 ՄՎտ-ի:

Վերոհիշյալ ենթակառուցվածքների զարգացումը ուղղված է ՀՀ-ի տարածաշրջանային և միջտարածաշրջանային  ինտեգրման համար՝ ՀՀ-ով տարանցիկ փոխադրումների միջոցով էներգակիրների սեզոնային հյուսիս-հարավ (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Իրան) փոխանակումներն ապահովելու համար:

Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման  գծի  և համապատասխան ենթակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 24 ամսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter