HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Կարմիր խաչն Արցախում սկսել է անհայտ կորածների ԴՆԹ նմուշառման գործընթացը

Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հունիսից վերսկսել է անհայտ կորած անձանց հարազատներից ԴՆԹ-ի նմուշների հավաքագրումը։ Այս տարի ծրագրի լայնամասշատաբ տարբերակը գործարկվել է Հադրութի շրջանում, եւ այսօրվա դրությամբ կենսաբանական նմուշ է վերցվել անհայտ կորածների ավելի քան 30 հարազատներից: Ծրագրի պիլոտային փուլում, որն անց է կացվել անցյալ տարի Մարտունու շրջանում, անհայտ կորածների 29 արյունակից բարեկամների նմուշ են  հավաքել։

«Այդ նպատակով ԿԽՄԿ-ն իր կողմից գրանցված բոլոր անհայտ կորածների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ է հավաքել՝ լրացնելով հարցաթերթիկներ, որոնք  շատ մանրամասն տվյալներ են պարունակում անհայտ կորած անձի  մասին: Այս փուլում մենք  ԴՆԹ նմուշներ ենք հավաքում (գենետիկ նյութ)` վերցնելով ներթշային քսուք անհայտ կորած անձի հարզատներից՝ հնարավորության դեպքում միջինը չորս արյունակիցներից: Երբ ծրագիրն ավարտվի, այն կօգնի պարզել պատերազմի ժամանակ այս կամ այն վայրում հուղարկավորված մնացորդների ինքնությունը, քանի որ ընտանիքի բոլոր մերձավոր  անդամներն իրար հետ կապված են միատեսակ ԴՆԹ-ով: Այս աշխատանքը միաժամանակ տարվում է եւ՛ Լեռնային Ղարաբաղում եւ՛ Հայաստանում եւ՛ Ադրբեջանում»,- ասաց Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Թոմաս Հալլիեն:

Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղից անհայտ կորած ազատամարտիկ Ալեքսանդր Բալայանի կինը՝ Մարտինա Բալայանը, հույս ունի, որ գոնե այս ծրագրի շնորհիվ վերջապես կխախտվի 20 տարուց ավելի տեւող լռությունը։

«20 տարուց ավելի է՝ մենք ապրում ենք սպասելով, որ մի օր նա կհայտնվի, կամ գոնե մի տեղեկություն կիմանանք նրա գտնվելու վայրի մասին»,-ասում է կինը։

Ազատամարտիկ Ալեքսանդր Բալայանի մայրը՝ Սեդա Բալայանը, պատմում է, որ մինուճար որդին անհայտ կորել է 1993թ. Ֆիզուլիի շրջանի Քյուրմամուդլու գյուղում, երբ շրջափակման մեջ են հայտնվել։

«Նրան վերջին անգամ տեսած զինակիցները պատմել են, որ շրջափակման ժամանակ վերջին անգամ գետնին պառկած են տեսել, որտեղից էլ ադրբեջանցիները գերի են տարել։ Նրանք այդպես էլ չգիտեին՝ Ալեքսանդրը վիրավո՞ր էր, թե՞ մահացած»,- ասում է որդեկորույս մայրը։

Բոլոր փորձերը՝ ինչ-որ տեղեկություն իմանալ որդու մասին, այդպես էլ արդյունք չեն տվել։ Տիկին Սեդան ասում է, որ այս տարիների ընթացքում շատերն են կցկտուր տեղեկություններ հայտնել, բայց երբ իրավապահ մարմինները փորձում էին ճշտել այդ տեղեկությունները, նրանք կամ խոսքերն են փոխել կամ ընդհանրապես հրաժարվել են իրենց ասածներից։

«Վերջին անգամ հարևան գյուղերից մեկում ապրող մի փախստական հայ կին ասել է, որ տեսել է Ալեքսանդրին ադրբեջանական ինչ-որ հեռուստաալիքով խոսելիս։ Իբրև թե նա ասել է, որ ինքը կենդանի է, ու որ նրան փնտրող չկա»,-ասում է տիկին Սեդան ու հավելում, որ երբ գնացել են պարզելու այդ տեղեկությունը, փախստական կինը հերքել է, թե նման բան է ասել։

Անհետ կորած ազատամարտիկ Ալեքսանդրի հայրը՝ Արկադի Բալայանը

Չնայած որդու անհետացման փաստին՝ տիկին Սեդան իրատեսորեն է մոտենում և ցավով  ասում, որ 22 տարվա անորոշությունը հանգեցնում է այն մտքին, որ որդին կենդանի չէ, միևնույն ժամանակ մայրական սիրտն այլ բան է հուշում։

«Մեկ է, աչքս միշտ նրա ճամփին է։ Որ գնում եմ բանջարանոց կամ մեկ ուրիշ տեղ, ականջս միշտ ձայնի է սպասում, կարծես մեկն ինձ պետք է կանչի։ Երբ զինվորական եմ տեսնում, այնպիսի զգացողություն է, որ պետք է ինձ լուր բերի։ Սթափ հասկանում եմ, որ մեծ հավանականությամբ նրան կենդանի չեն թողել, բայց միևնույն է, անգամ գիշերը ինձ թվում է՝ ինքը կգա ու կկանչի ինձ։ Էդ հույսը սրտումս էլ ապրում եմ»,- ասում է տիկին Սեդան։

ԿԽՄԿ –ի ծրագրի շրջանակներում անհայտ կորածների ընտանիքների հետ աշխատող հոգեբան Զոյա Մայիլյանը, «Հետք»-ի հետ զրույցում պարզաբանելով ԴՆԹ նմուշառման գոծընթացի ազդեցությունը անհայտ կորածների հարազատների վրա, ասաց, որ այն կարող է հոգեբանական երկակի ռեակցիա առաջացնել։

«Այս գործընթացի նկատմամբ դրական ռեակցիան այն է, որ վերջապես 20 տարուց ավելի լռությունից հետո հարազատները վերջապես որևէ լուր կունենան անհայտ կորածների մասին։ Բացասականն այն է, որ շատ ընտանիքներ տարիների ընթացքում քիչ թե շատ համակերպվել են իրողության հետ ու նրանց համար և՛ հոգեբանորեն և՛ ֆիզիոլոգիապես ծանր է մասնակցել ԴՆԹ-ի նմուշառման գործընթացին»,-ասաց Զ. Մայիլյանը։

Առ այսօր ծրագրի իրականացման ընթացքում միայն մեկ ընտանիք է հրաժարվել մասնակցել ԴՆԹ նմուշառման գոծընթացին, այն դեպքում, երբ նույն առաջարկով ամենաառաջինը հենց իրենք են հանդես եկել։

ԴՆԹ նմուշառման ծրագիրը կշարունակվի այնքան, մինչև ԿԽՄԿ –ի կողմից գրանցված բոլոր անհայտ կորածների համար ԴՆԹ նմուշեր չհավաքվեն:  

Ներկա դրությամբ ԿԽՄԿ-ի գրանցած 373 անհայտ կորածներ կան Արցախում։ Իսկ ահա ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի տվյալներով՝ նրանց թիվը հասնում է 600-ի։

«Շատ կարևոր է հասկանալ, որ այդ ցուցակը անհայտ կորած բոլոր անձանց ցուցակը չէ, այլ այն անհայտ կորածների ցուցակն է, ում հարազատները դիմել են ԿԽՄԿ։ Վերջին 20 տարվա ընթացքում մարդիկ շատ  անգամ  բնակության վայր են փոխել ինչպես Լեռնային Ղարաբաղի սահմաններում, այնպես էլ նրա սահմնաներից դուրս են մեկնել: Կան անհայտ կորածներ, որոնց հարազատների հետ ԿԽՄԿ-ն կապ չի պահպանում: Այդ պատճառով, եթե դուք ճանաչում եք անհայտ կորածների հարազատների, որոնք այլևս չեն բնակվում Լեռնային Ղարաբաղում, խնդրում եմ փոխանցեք նրանց, որպեսզի դիմեն ԿԽՄԿ»,-ասացԼեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Թոմաս Հալլիեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter