HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. գաղտնի հուշանվեր` հանուն Ազնավուրի

Աննա Բաբաջանյան

Երբ ֆրանսահայ նշանավոր շանսոնիե Շառլ Ազնավուրը 1964-ին առաջին անգամ այցելեց Հայաստան, նրան ընդունեցին մեծ ոգեւորությամբ եւ կարոտով. թե´ երգիչը, թե´ ժողովուրդը այդ պահին բավական երկար էր սպասել: Հռչակավոր հայի գալստին մարդիկ պատրաստվել էին նախօրոք, իսկ ոմանք էլ նրա հանդեպ իրենց ջերմ վերաբերմունքն արտահայտելու յուրօրինակ լուծումներ էին գտել:  Ցուցանմուշը, որն այսօր պահվում է Երեւանի Գիտության եւ տեխնիկայի թանգարանում, Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի այդ տարիների աշխատակիցների մտքի թռիչքի եւ  երգահանի հանդեպ նրանց տածած սիրո  երաշխիքն է:

Գործարանի աշխատակիցները, որոնց համար շանսոնիեի գալուստն իսկական տոն էր, որոշում են նրա պատվին հատուկ հուշանվերներ արտադրել: Դա, սակայն,  վերածվեց մի  իսկական «գաղտնի օպերացիայի», քանի որ հուշանվերները ստեղծվեցին շատ քիչ քանակությամբ, իսկ պաշտոնական վաճառքի դրանք, առհասարակ, չհանվեցին:

Աշխատակիցներն այդ սիմվոլիկ իրերը պատրաստում էին խորհրդային իշխանություններից թաքուն, քանի որ վերջիններս հրաշալի հասկանում էին, որ Ազնավուրի այցը Խորհրդային Հայաստանում ազգովի համախմբվելու, ժողովրդի շրջանում ազգային գիտակցության զարթոնքի առիթ էր:

Առհասարակ, Խորհրդային Հայաստանում տարբեր ժամանակներում արտադրվել են, օրինակ, «Արարատ 73» հայկական ֆուտբոլային ակումբին, երեւանյան տարբեր պատկերների, հայ դերասանների, երգիչների նվիրված կրծքանշաններ, որոնք, սակայն, թողարկվել են վաճառքի հանելու նպատակով, եւ դրանց մասին պետությունը, բնակաբար, տեղյակ էր, իսկ ահա Ազնավուրի պատկերով հուշանվերները բոլորովին այլ  հանգամանքներում էին ստեղծվել:

Հուշանվերներն արտաքինից հիշեցնում էին մի տուփի, որի մեջ  թափանցիկ, հաստ  ապակու վրա  պատկերված էր Ազնավուրի նկարը: Ընդ որում, թանգարանում պահվող սեւ ու սպիտակ գունավորում ունեցող հուշանվերից զատ` քիչ թվով արտադրվել են նաեւ դրանց գունավոր տարբերակները. էլեկտրական լարման միջոցով հնարավոր է եղել ապակուն տարբեր երանգներ հաղորդել: Հուշանվերները հիմնականում շրջանառվել են  գործարանի աշխատակիցների եւ նրանց մտերիմների շրջանում. մեկը մյուսին փոխանցելով` նրանք կարծես սրտից սիրտ են հասցրել Ազնավուրից մի «մասնիկ»:

Առանց այդ էլ  քիչ թվով հուշանվերները ժամանակի ընթացքում ձեռքից ձեռք են անցել, եւ հայտնի չէ, թե դրանցից քանիսն են պահպանվել, սակայն Գիտության եւ տեխնիկայի թանգարանում տեղ գտած այս  մեկ նմուշը, որը նախորդ տարի տրամադրել է «Սիրիուս» գործարանի նախկին աշխատակիցներից մեկը, շարունակում է պատմել հայերիս համար պատմական այդ պահի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter