HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու պղնձաձուլական գործարանի ազդակիր համայնքներից միայն Օձունին կհատկացվի բնապահպանական սուբվենցիա

«Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի ազդակիր Ալավերդի, Աքորի, Հաղպատ, Հագվի համայնքերի բյուջեներին 2016թ.-ին պետբյուջեից բնապահպանական սուբվենցիաներ չեն հատկացվի, 47,9մլն. դրամ սուբվենցիա կհատկացվի միայն ազդակիր Օձուն համայնքին: Այս մասին հուլիսի 14-ին ազդակիր համայնքների ղեկավարների հետ իր հանդիպմանը հայտնել է նաև ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Հագվի համայնքի բյուջեի 2015 և 2016թ.թ.-ին նախատեսված բնապահպանական սուբվենցիան զրոյացվել է: Պատասխանելով «Հետքի» հարցին` նախարար Ա. Գրիգորյանը պարզաբանել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ընկերության բնապահպանական վճարներից համայնքները ավել սուբվենցիաներ են ստացել, դրա պատճառով էլ 2016թ.-ին սուբվենցիաները զրոյացվել են. «Բայց Ձեր պրոբլեմը «Էյ-Սի-Փի» ընկերության բնապահպանական վճարների նվազեցման հետ է կապված, որը պետք է վերականգնել»,- բացատրեց նախարարը:

Հիշեցնենք, որ փորձագետ Արամ Գաբրիելյանը դեռ 2014թ.-ի մայիսին Ալավերդու Օրհուս կենտրոնում տեղի ունեցած բնապահպանական սուբվենցիաների մասին քննարկմանը «Էյ-Սի-Փի» ընկերության բնապահպանական վճարների նվազեցումը որակեց խարդախության և մանիպուլիացիայի արդյունք. «Գործարանը 100 մետրանոց խողովակից իրականացվող իր հիմնական արտանետումները տեղափոխել  է Կոշաբերդ սարի գագաթ, տեղադրելով այնտեղ 20 մետրանոց նոր արտանետման խողովակ,  համարելով, որ իր խողովակի բարձրությունը 300 մետրից բարձր է: Այդ թիվը նրանք «ստացել են» խողովակի բարձրությանը գումարելով նաև սարի բարձրությունը: Գործող իրավական ակտերով արտանետումների նորմերը մեծապես կախված են արտանետող խողովակի բարձրությունից:

Ընդունելով խողովակի 300 մ բարձրությունը՝ ընկերությունը իր  արտանետման նորմը (վերին թույլատրելի սահմանը) ավելացրել են գրեթե 10 անգամ: Բնապահպանական վճարներն էլ կախված են նրանից, թե քանի անգամ են գերազանցում արտանետումները այդ նորմը: Այստեղից էլ գործարանի մուծումների շեշտակի նվազումը: Ընդունելով պղնձաձուլական գործարանի արտանետումների խողովակի բարձրությունը իրական 20 մետր՝ նշանակում է, որ գործող օրենսդրությամբ «Էյ-Սի-Փի» ընկերությունը պետք է վճարի տարեկան գրեթե 2 միլիարդ դրամ բնապահպանական վճար»,- ասում է փորձագետը:

Մինչ ծխնելույզը 2011թ.-ին Կոշաբերդ սարի գագաթ բարձրացնելը «Էյ-Սի-Փի»-ն գործարանի վտանգավոր արտանետումների համար պետբյուջե վճարել է 444 մլն. դրամ բնապահպանական վճար: Ծխատարի տեղափոխելուց հետո գործարանի արտադրության և արտանետումների ծավալները չեն փոխվել:

«Հետաքրքիր է նաև մեկ այլ փաստ: Բնապահպանության նախարարության կողմից 2013թ.-ին ընկերությանը արդեն երկրորդ անգամ 5 տարվա ժամկետով տրվել է նորմերը գերազանցող արտանետումների ժամանակավոր չափաքանակներ: Թեև անհասկանալի է  օրենքով ամրագրած գերնորմատիվային արտանետումներ կատարող գործարանին  ֆինանսական արտոնություններ տրվող այս կարգը,  այնուամենայնիվ,  այս բոլորի հետևանքով  «Էյ-Սի-Փի»-ի  պետբյուջե վճարվող բնապահպանական վճարները նվազել են 359 մլն. դրամով»,- բացատրում է Ա. Գաբրիելյանը:

Այստեղից էլ սկսվել է  ազդակիր համայնքների պետբյուջեից տրվող բնապահպանական սուբվենցիաների  աստիճանական նվազեցումը, ապա՝ զրոյացումը: Ժամանակավոր չափաքանակների վերջին ակտը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից հաստատվել է 2013թ.-ի մարտի 20-ին: Ուժի մեջ է 2012թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2017թ.-ի հոկտեմբերի 7-ը: Այդ չափաքանակներով գործարանը Կոշաբերդի 20 մետրանոց ծխատարով մինչև 2016թ.-ի հոկտեմբերի 1-ը օդային ավազան է նետելու 27,979,1 տոննա, 2016թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2017թ.-ի հոկտեմբերի 1-ը` 13,988,5 տոննա, 2017թ.-ի հոկտեմբերի 1-ից` 5595,8 տոննա արտանետումներ:

Հիշեցնենք, որ գործարամի արտանետումների 99,4% կազմում է ծծմբային անհիդրիդը: Արտանետվող ծծմբային անհիդրիդի քանակը 90 տոկոսով նվազեցնելու համար մինչև 2017թ.-ի հոկտեմբերի 1-ը «Էյ-Սի-Փի»-ն պարտավորվել է կատարել արտանետվող գազերի  քիմիական մաքրման համակարգի ներդրում, այսինքն՝ շահագործել ծծմբական թթվի արտադրամասը:

Մոռանալով ժամանակավոր չափաքանակներով իր սեփական ընկերության պարտավորությունները՝ «Վալլեքս» խմբի նախագահ Վալերի Մեջլումյանն այսօր էլ ասում է, որ ծծմբական թթվի արտադրամաս մոտակա տարիներին չի կարող բացել, քանի որ Հայաստանի շուկայում ծծմբական թթվի պահանջարկ չկա, երկրի տրանսպորտային միջոցներն էլ բավարար չեն այն միջազգային շուկա դուրս բերելու համար:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, հաշվի առնելով Ալավերդի և հարևան ազդակիր համայների բնակչության ահազանգը. հուլիսի 20-ին «Էյ-Սի-Փ» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Արզումանյանին հայտնել է, թե Ալավերդու պղնձաձուլական գործարանին 20.03.2013թ.-ին բնապահպանության նախարարության կողմից տրված «Անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու ժամանակավոր չափաքանակները» այլևս ուժի մեջ չեն և ենթակա են վերանայման: Այլ բացատրությունների հետ Գագիկ Արզումանյանն էլ նախարար Ա.Գրիգորյանին 30.07.2015թ.-ին պատասխանել է, թե ՀՀ կառավարության 06.10.2005թ.-ի որոշման համաձայն արտանետումների չափաքանակները կարող են վերանայվել դրա տրամադրման պահից 5 տարի հետո, այսինքն 07.10.2017թ.-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter