HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատեք Սողոմոնին, նա արժանի է ամենալավին

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Չեմ կարող գրել ուրախ ու հաճելի բաների մասին: Մտահոգված ու տխուր եմ, քանի որ իմացել եմ Սողոմոնի հիվանդության մասին՝ սրտի իշեմիկ հիվանդություն, չորրորդ աստիճանի սրտային անբավարարություն: Փաստորեն՝ սա էր «պետական» գաղտնիքը, որ չէին ուզում բացահայտել «Նուբարաշեն» բանտում: Սակայն ճշմարտությունը զորեղ է, այն փորձում են թաղել, բայց մի տեղից ծիլ է տալիս, դուրս գալիս: Ուղղակի դեռ գաղտնիք է մնում, թե ինչու նրան շուտ չէին հոսպիտալացնում, որ այդքան ծանր վիճակի չհասներ:   

Նախորդ նամակումս գրել էի բժշկական ինստիտուտում սովորելու տարիներին տեսածս հիվանդի մասին, որի մոտ ախտորոշել էին սրտի իշեմիկ հիվանդություն, բայց այն ժամանակ դեռ չգիտեի, որ Սողոմոնը նույն հիվանդությունն ունի: Այդ հիվանդության ժամանակ գիտեմ, որ մաքուր օդ է պետք, օրվա հանգիստ ռիթմ, մարդու հոգեկան վիճակը պիտի հանգիստ լինի, մշտապես պետք է անհրաժեշտ դեղեր օգտագործի: Գիտեմ, որ նաև շունտավորում կարելի է անել: Այս ամենի մասին ավելի ճիշտ ու մանրամասն Սողոմոնի բուժող բժիշկը կասի: Իսկ ես ուզում եմ գրել այս ամենի մասին այլ պրիզմայով, քանի որ վաղուց վերջ եմ տվել բժշկական անցյալիս: Ուզում եմ գրել հարցի իրավական կողմի մասին:

Այդ հիվանդությունով Սողոմոնին պիտի ազատեն պատժի կրումից: Օրենքը պիտի վերջապես գործի: Ասեմ, որ մեկ տասնյակից ավելի մարդիկ այստեղ մահացել են, նրանց երևի կեսը կարող էր պատժի կրումից ազատվել հենց հիվանդության հիմնավորմամբ, սակայն օրենքը չի կիրառվել: Ամենադժվար բանը ցանկացած ժամանակներում նախադեպ ստեղծելն է եղել: Հիման էլ բացառություն չէ: Բայց չի կարող լճացումը հավերժ շարունակվել: Օրենք կիրառողներ, կիրառե՛ք օրենքը, ստեղծե՛ք նախադեպ, ազատե՛ք Սողոմոնին, նա արժանի է ամենալավին:

Մյուս կողմից էլ՝ մտածում եմ, որ եթե Սողոմոն Քոչարյանը կապեր ունենար իշխանությունում, «նրանց մարդը» լիներ, միգուցե նույնիսկ չազատազրկվեր, կամ ազատվեր մի քանի տարի անց, օրինակ՝ ներումով, ինչպես բոլորիս հայտնի դեպքերում են անում:        

Ցանկացած պետության մասին պատկերացում կազմելու համար, իմանալու՝ արդյոք բռնապետական է, ավտորիտար, ժողովրդավար, թե այլ տեսակի, պետք է պարզել երկու բան. 1. ի՞նչ արժեք, տեղ ու դիրք ունի այդ հասարակության մեջ քաղաքացին, 2. արդյո՞ք օրենքի առջև բոլոր քաղաքացիները հավասար են: 

Հայաստանն ինձ հիշեցնում է ծուռ հայելիների թագավորություն, որտեղ ամեն ինչ գլխիվայր շուռ եկած է երևում՝ պատկերները, արժեքները, իրականությունը…

Կարծում եմ՝ նամակս կարդացողներից շատերը կհամաձայնեն, որ ցանկացած այլ պետության համար պատիվ կհամարվեր ունենալ Սողոմոն Քոչարյանի պես մարդ, հետախույզ: Նա ու նրա ընտանիքը կապրեին ըստ պահանջի: Իսկ ո՞ւր են հիմա Սողոմոնի ընտանիքի անդամները: Նրանք ապրել են տանջանքով ու մահացել նույն կերպ: Մի պահ պատկերացրեք՝ 20 տարի՝ մի ամբողջ կյանք, Սողոմոնին բանտում են պահում՝ դատարանի դատավճռով դրոշմելով առանձնապես ծանր հանցագործի պիտակ ու հանրությանը նրան ներկայացնելով որպես վտանգավոր անձ: Սակայն Սողոմոն Քոչարյանի հետ անցնելով ամենածանր փորձությունների միջով՝ վստահաբար կարող եմ ասել, որ նա էությամբ, հոգով հանցագործ չէ, ընդհակառակը՝ կարգին մարդ է՝ երբեք չդավաճանող ընկերոջը, հայրենիքը, պարզ, երեխայի մաքրություն ունեցող տեսակ: Պատերազմով անցած, մահը մոտիկից տեսած մարդը, թվում է, պիտի կորցրած լիներ հուզվելու, կարեկից լինելու որակները: Բայց Սողոմոնն այդ դեպքը չէ:

Հիշում եմ՝ երբ  Սողոմոնի հետ նույն խցում էինք (գումարային հաշվով 5-6 տարի ենք նույն խցում եղել), կես բառից կամ լուռ իրար հասկանում էինք: Երկուսս էլ օրերով գիրք էինք կարդում: Պատմական գրականություն էր շատ սիրում, հատկապես՝ հայ թագավորների մասին: Երկար համոզում էի, որ պատմեր պատերազմի տարիներից: Չի սիրում գլուխ գովել: Բառերը աքցանով էի բերանից քաշում: Ավելի շատ իր քաջության, իր գործերի մասին իմացել եմ Գորիսի բանտի աշխատակիցներից, ովքեր Սողոմոնին ճանաչում էին դեռ պատերազմի տարիներից: Նրան մեծ հարգանքով էին վերաբերվում:

Սողոմոնը հաճախ ինձ ասում էր, որ ինքը մենակ Սողոմոն չէ, այլ Սողոմոն Թեհլերյան է, ասում էր, որ հայրենիքի զինվորն է ու պատրաստ է մեռնել հայրենիքի համար:

Եթե Սողոմոնը կարողանա կարդալ այս տողերը, ես իրեն կասեմ կարևորի մասին, իսկ ամենակարևորի մասին կլռեմ, որովհետև ամենակարևոր բաները խոսքերով չես ասի. «Հիշի՛ր ազատության ամեն պահը, ոնց էինք էրեխեքի պես վազում, թռչկոտում բաց երկնքի տակ, ոնց էինք չհագենալով թթվածին ուղարկում թոքեր: Մտածի՛ր ազատության մասին, կյանքի մասին: Իմացիր, որ դու մի քանի անգամ արդեն հաղթել ես մահին՝ պատերազմ, երկու անգամ փախուստ մահվան տնից: Կհանդիպենք Ազատության մեջ»:

Մեկնաբանություններ (2)

Մարտիկ
Պարզից էլ պարզ է, որ կանխամտածված ձևով հայաստանյան չարդարադատությւոնն ուզում է արագացնել Սողոմոնի մահը։ Համ աչքից կպրծնի, համ աչքացավից։ Ողբամ քեզ, անթասիբ հայոց աշխարհ, որ զինվորիդ հանդեպ նման վերաբերմունք ունես։ Իսկ թասիբով ադրբեջանն ինչ է անո՞ւմ головорез իր հերոսին...
Սամվել
Մհեր ջան շուտափույթ ազատություն եմ ձեզ մաղթում,իսկ արդարության համար պայքարողներս շատ ենք,թե ճաղերի ներսում եվ թե ճաղերից դուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter