HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

PicsArt-ն աշխատանքի է ընդունել Facebook-ի և Instagram-ի նախկին մարքեթոլոգին

Հայկական PicsArt ստարտափը, որը լուսանկարների խմբագրման հավելվածի հեղինակ է, հայտարարել է, որ աշխատանքի է ընդունել Էրիկ Էդջին՝ որպես մարքեթինգի փոխնախագահ:

TechCrunch-ը գրում է, որ վերջին չորս տարիներին Էդջն աշխատել է Facebook սոցիալական ցանցում՝ զբաղվելով Եվրոպայում, Միջին Արևելքում և Աֆրիկայում ընկերության մարքեթինգով, ինչպես նաև նույն սոցցանցի տնօրինած Instagram ընկերությունում, որտեղ զբաղվել է դրա ապրանքանիշի ռազմավարությամբ: Էդջը TechCrunch-ին ասել է, որ չէր պլանավորել հեռանալ Facebook-ից, սակայն երբ լսել է PicsArt-ի մասին, մտածել է, որ սկսնակ այս ընկերությունը «դեպի ապագան է ընթանում» և ինքն ինչ-որ նոր բան ստեղծելու հնարավորություն է տեսել:

Անդրադառնալով լուսանկարների հետ աշխատող PicsArt և Instagram ընկերությունների մրցակցության հարցին՝ Էրիկ Էդջը նշել է, որ դրանք «հիմնավորապես տարբեր» ծառայություններ են: Instagram-ը մարդկանց հնարավորություն է տալիս օգտագործել լուսանկարները՝ իրենց կյանքի պահերը կիսելու համար, մինչդեռ PicsArt-ը, ըստ Էդջի, «բովանդակության համատեղ ստեղծում» է. օգտագործելով #freetoedit հաշթագը (թարգմանաբար՝ «ազատ է՝ խմբագրման համար»)՝ կարելի է տեսնել, թե ինչպես են խմբագրում լուսանկարը ուրիշները:

PicsArt-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը անցնում է 60 մլն-ը: Հավելվածն կիրառելի է iOS, Android, Windows Phone, Windows 8.1 օպերացիոն համակարգերում: Ըստ ընկերության՝ բոլոր հարթակներում միասին հավելվածի ներդրման քանակը հասնում է 250 մլն-ի:

«Սա մի ընկերություն է, որն իսկապես մեծ թափ է հավաքել շուկայում:- ասել է Էդջը՝ հավելելով, որ PicsArt-ը նախկինում կենտրոնացած էր համայնք ստեղծելով,- Այժմ այն կարիք ունի մեկի, ով կգա ու կօգնի կառուցել բիզնեսը: Ինձ դրա համար են կանչել»:

լուսանկարը՝ Էրիկ Էդջի linkedin-ի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter