Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

«Պետք է փակ աչքերով կյանքը տեսնել»


Նկարչուհի Արևիկ Պետրոսյանի գործերը, կարծես, երազի և իրականության հատման կետերում են: Այդ երկու շերտերը երբեմն միաձուլվում են իրար, և մարդը ներս է մտնում մի տարածություն, որտեղ նախկինում գուցե չի եղել: Ցուցասրահ ներս մտնելիս առաջին հայացքից այդ գործերը կարող են թվալ նույնիսկ ահռելի իրենց չափերով, իսկ երբ կանգնում ես ապակուն դրոշմված ասելիքի դիմաց, ֆիզիական չափսերն անէանում են: Ապակու միջից տեսնում ես նաև քեզ: Ինքնաբերաբար դառնում ես այդ պատկերի մի մասը:

Արևիկի նյութը օրգանական ապակին է, բայց ասում է՝ իր համար կարևորը նյութի թափանցիկությունն է: Սառը նյութ հանդիսացող ապակուն կարող ես ջերմություն հաղորդել, թափանցիկության շնորհիվ խորությունն այլ կերպ կարող ես տեսնել, ոչ այնպես, ինչպես ցանկանում ես: «Ապակի լինի, թե որևէ այլ թափանցիկ նյութ, էական չէ: Թափանցիկությունը քեզ շնչելու հնարավորություն է տալիս: Դրանք միաժամանակ արտացոլում են այն աշխարհը, որում դու կաս: Եվ հետաքրքիր միտք կա այդտեղ՝ ոչ միայն նկարը, այլև ինքդ քեզ ես տեսնում նկարի մեջ, աշխարհն ես տեսնում նկարի մեջ: Հետաքրքիր հայելապատում է»,- նկատում է Արևիկը:

«Քեզ տեսնում ես, որովհետև դու ես տեսնում»

Երեկոյան ցուցասրահի բակում զրուցում ենք Արևիկի հետ: Երեկոյի գույները, կարծես, Արևիկի նկարներից պոկված-լցված լինեն բակ: Արևիկն ասում է՝ ցուցասրահը մաքրում է նաև մարդուն, երբ օրվա հոգսերի բեռով մարդը մտնում է ցուցասրահ, որոշ ժամանակ անց մարդու դեմքին հայտնվում է ժպիտ, հոգնությունը, կարծես, տարրալուծվում է: Նրա ցուցասրահում մեծ չափսերով գործերի մոտ տեղադրված են նաև քանդակագործներ Բենիկ և Արեգ Պետրոսյանների գործերը (Արևիկի հայրը և եղբայրն են):

Արևիկին հարցնում եմ՝ քանդակագործությամբ զբաղվո՞ւմ է: Ասում է՝ հիմա փորձում է նկարչությունը ծավալային նկարչություն դարձնել, դուրս գալ մակերեսից, խորություն փնտրել շերտերով:

-Արև, ի՞նչն է պակասում մեր հասարակությանը:

-Թիվ մեկ խնդիրն ինձ համար նեգատիվի և ծանր մթնոլորտի առկայությունն է հասարակության մեջ:

Իհարկե, Հայաստանում շատ խնդիրներ ունենք, բայց դա չէ խնդիրը: Ավելի վատ ժամանակաշրջաններում, ինչպես օրինակ պատերազմի ժամանակ, լավատես էին, մի կտոր հաց են կերել, աշխատել են, կառուցել են իրենց երկիրը: Նույնիսկ Երևանը կառուցելիս մարդիկ հաց չեն ունեցել, եղած հացը 15 կտորի են բաժանել,բայց կառուցել են ամենագեղեցիկ քաղաքը: Հավատ են ունեցել, տենչ են ունեցել, մարդիկ ինչ-որ բաներ են մտածել, որ համախմբեն բոլորին հանուն ինչ-որ նպատակի կառուցման կամ երեխաների ապագայի: Իսկ թե ինչ է կատարվում հիմա՝ չգիտեմ, կարծես, մարդիկ հուսալքված լինեն: Իրականում եթե ես ուզենայի որևէ բան փոխել քաղաքում, դա մարդկանց տրամադրությունն է:

-Գույները պակասո՞ւմ են քաղաքում:

-Մարդկանց մեջ գույնը չէ, որ պակասում կամ ավելանում է, կամ ինչ-որ բան է խոսում: Կարող է լինել չոր գծագիր, գրաֆիկական աշխատանք կամ քանդակային մոտեցում, բայց այդ ամենի մեջ լինի հզորություն, ուժ, տրամադրություն:

Չեմ կարծում, թե գույները պակասում են, ուղղակի դրանք տեսնել է պետք: Կարծում եմ՝ պետք է փակ աչքերով կյանքը տեսնել, զգալ: Համընդհանուր հուսալքություն կա, որ մարդիկ չեն ուզում աշխատել, և փորձում են գովելի դարձնել այն աշխատանքը, որին նպատակադրված են գնացել: Օրինակ, գովում են, թե ոստիկանը կաշառք չվերցրեց, բայց դա այդպես պիտի լինի: Կամ երբ ասում են՝ ինչ նվիրված մայր ես, բայց եթե մայր ես, որոշակի չափանիշներ կան, որոնք բոլոր մայրերը պետք է ունենան իրենց երեխաների հանդեպ:

-Արվեստանոցում հրաժարվում եք հարցազրույցներ տալ: Այն փա՞կ տարածք է Ձեզ համար:

-Իմ արվեստանոցը, հավանաբար, այն տարածքներից է, որտեղ հյուրեր չեմ ընդունում: Դա իմ տարածքն է, որտեղ ստեղծագործում եմ, որտեղ ես մտածում եմ: Չեմ կարծում, թե ուրիշ տեղ չկա հանդիպման համար: Կան շատ այլ տեղեր, որտեղ կարող ենք ընկերներով սուրճ խմել, զվարճանալ: Լինում է, որ ընկերուհիներս շատ կարճ ժամանակով մտնում են իմ արվեստանոց:

Երբ մտնում եմ արվեստանոց, դուրս եմ լինում տարածությունից և ժամանակից: Նկարելիս կորցնում եմ ժամանակի զգացողությունը, շատ հաճախ նկատում եմ, որ լույսն սկսել է բացվել: Երբ խորասուզված ես աշխատանքում կամ բարձր ինչ-որ վիճակում ես, չես զգում քո թուլությունը կամ ուժը, չես զգում այդ ժամանակը, որ անցկացրեցիր, չես զգում անգամ՝ դու կի՞ն ես, թե՞ տղամարդ: Օրինակ, օրգանական ապակու վրա գործերս բավականին մեծ են, շատ հաճախ արվեստանոցում պառկացնում եմ, այս ծայրից այն ծայրն եմ տեղափոխվում, հենց բերում եմ ցուցասրահ, չեմ կարողանում բարձրացնել, ուժ չեմ ունենում, որ բարձրացնեմ: Իսկ նկարելու պրոցեսում չեմ զգում, թե ոնց եմ շարժվում: Ժամանակը մի տեսակ կանգնում է: Արվեստը, ինձ թվում է, թրմանյութի պես բան է:

Երբ կարողանում ես կառավարել միտքդ կամ մտքիդ ասելիքը ձեռքով դուրս հանել ինչ-որ մեծ տարածքից, շատ հետաքրքիր կապ է: Դու ունես մի անսահմանություն, որը բերում ես աշխարհ: Դա շատ հետաքրքիր պրոցես է: Ամեն անգամ աշխատելուց հետո հասկանում ես, որ առանց դրա չես կարող: Էլի ես ուզում, էլի ես ուզում, սոված ես… Ինձ թվում է՝ երբ արվեստանոցում ես լինում, տխուր չես լինում և ուրախ էլ չես լինում: Գիտեք, կա մի ավելի բարձր վիճակ, երբ այդ էմոցիաները ծիծաղելի են քեզ համար: Կարծում եմ՝ բացարձակ երջանկությունը գալիս է այն ժամանակ, երբ դու ոչ տխուր ես, ոչ ուրախ ես: Շատ ուրիշ ես:

Կարծրատիպերից դուրս վիճակ է, երբ պարտավորված չես ցույց տալ քո տրամադրությունը՝ ժպտալ, տխրել կամ ուրախանալ: Դու ուղղակի շատ հանդարտ ես: Գուցե այդ վիճակի համար հանդարտ բառը մի քիչ սխալ է, դու լուռ ես:

-Բենիկ Պետրոսյանի գործերի քանակը տեսնելով՝ մտածում ես, թե ինչ աշխատասեր է եղել: Ձեր աշխատասիրությամբ, կարծես, նման եք նրան:

-Ինձ թվում է՝ դա շատ մեծ հաճոյախոսություն է ինձ համար: Առավոտից առավոտ էլ աշխատեմ, երևի չհասնեմ հայրիկի աշխատասիրությանը, որովհետև նա կարողանում էր զուգահեռ տանել: Մինչ օրս չեմ կարողանում աշխատել մարդկանց շրջապատում, իսկ հայրս կարողանում էր:

Ամեն մի վայրկյանն աշխատել է, քարեր կան, որոնք թողել է բնության մեջ, քարանձավներ կան, օրինակ, Լաստիվերի քարանձավը, որի մասին այդքան խոսում են, անհայտ ստեղծագործողի աշխատանքի մասին, Բենիկ Պետրոսյանի աշխատանքն է: Երբ ընկերների հետ որսորդության էր գնացել, մինչև խորովածը պատրաստ կլիներ, ինքը քարանձավի պատերի վրա ստեղծագործել է: Մի մարդ, որն ապրում էր ստեղծագործելու համար:

Շատ հաճախ ինձ կենցաղը թույլ չի տալիս: Գոյություն ունեն առաջնահերթություններ, և առաջնահերթ է միշտ երեխայի կերպը, առողջ լինելը, այնուհետ՝ քո նախասիրությունները:

Հիմա, օրինակ, հասկանում եմ իր հաջողության կամ տաղանդի գրավականը, արգելք չուներ ստեղծագործելու համար: Նա ստեղծագործում էր մութ տարիներին, երբ լույս չկար, և այդ վառարանը վառում էր բոլոր հարևանների համար, իսկ հայրս աշխատում էր: Նրա ձեռքերը միշտ աշխատում էին:

Ինձ երբ հաճախ հարցնում են՝ աշխատո՞ւմ ես, ասում եմ՝ ոչ, ես չեմ աշխատում, ես ապրում եմ: Դա կյանքի կերպ է, տեսակ, ստեղծագործ կյանքի տեսակ, դու ապրում ես այնպես, ինչպես ապրում ես, դու ուրախ ես այն երեկոյի համար, որ կաս այստեղ, կամ այն երեկոյի համար, երբ արվեստանոցում մենակ ես և ստեղծագործում ես, կամ այն ժամերի համար, որ անցկացնում ես երեխայի համար: Եվ անկախ ամեն ինչից դու ուրախ ես և չես ուզում որևէ բան փոխել: Այս պահի դրությամբ երջանկությամբ ընդունում եմ որևէ քամի, որ կհպվի դեմքիս՝ ինչ էլ լինի դա, ուղղակիորեն շնորհակալ եմ պահի, վիճակի համար, որ ունեմ, անկախ այն ամենից, թե ինչ էի ծրագրել և ինչ ստացա: Իհարկե, տեսլական ունեմ, թե ինչ եմ ուզում, բայց հիմնականում բնավ չեմ լարվում, մեծ ուրախությամբ եմ ընդունում կյանքում այն նվերները, որոնք տրվում են՝ թե՛ մարդու, թե՛ դժվարությունների տեսքով: Ընդհանրապես հասկացել եմ, որ խնդիր ասվածը չունեմ, որովհետև ընդունում եմ խնդիր, որը պետք է լուծվի:

Շատ փոքր էի, որ մեքենայի էի վարում: Առաջին մեքենայիս վնասը պապայիս հասցրել եմ 12 տարեկանում: Իր կողքին նստեցնում էր, և ես մեքենայի էի վարում: Շորժայի ճանապարհին մեքենան շուռ էի տվել, 9 տարեկանից քշում էի, լեգենդար պատմություն էր դարձել արվեստագետների շրջանում: Երբ մեծացա և արդեն իմ մեքենան ունեի, մտածում էի՝ ե՞ս եմ մարդկանց տեսնում մեքենայի միջից, թե՞ մարդիկ են տեսնում ինձ մեքենայի մեջ: Ինչպես ակվիարիումի մեջ՝ ձո՞ւկն է քեզ նայում, թե՞ դու ես նայում ձկանը: Մի օր շատ հեշտ լուծվեց այդ խնդիրը. տանգոն մենակ չեն պարում, դու տեսնում ես, որովհետև դու ես տեսնում: Երկկողմանի հարաբերություն է: Գաղափարն ինձ դուր եկավ, հատկապես նկարչության մեջ ոչ միայն դու ես քեզ դիտում, այլև քեզ են դիտում: Օրինակ, այստեղ շարք ունեմ՝«Հայացք անցյալից», կրկին նույն հարցն է ծագում, այդ հին ֆոտոների մարդիկ ներկա են և քեզ նայում են անցյալից, բայց եթե չլինես դու, չի լինի հայացքն անցյալից:

-Ի՞նչ եք փնտրում, Արևիկ:

-Ոչինչ, ամեն ինչը կա իմ մեջ, իրականում ոչինչ չեմ փնտրում: Կար ժամանակ, երբ ինչ-որ բաներ ցանկանում էի ունենալ, տեսնել, հասնել, ձգտել, հետո հասկացա շատ տարօրինակորեն և միանգամից, որ ամեն ինչն իմ մեջ է: Այն, ինչ ես փնտրում եմ, իմ մեջ է, այսինքն՝ առանձնապես կարող եմ չփնտրել, ուղղակի պետք է հնարավորություն և ժամանակ ունենամ լինել ինձ հետ:

Լուսանկարները՝ Դավիթ Բանուչյանի և «Arev Art Gallery»-ի, քանդակները՝ Բենիկ և Արեգ Պետրոսյանների


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։