HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

The Clash, "London Calling". Քանի դեռ պատերազմը մարդկանց մտքում է

Նաիրա Հայրապետյան

Բրիտանական փանք-ռոքի սկզբնավորման ակունքներում է գտնվում «The Clash» (Դը Քլէշ) խումբը, որը ռոք երաժշտության այս ժանրի թերևս ամենահայտնի ներկայացուցիչներից է: Այս խումբը, անկախ բեմում լինել-չլինելու հանգամանքից, իր երկրպագուներին մշտապես շրջապատելու է ոչ միայն հայտնի երգերով և երաժշտությամբ, այլև հանրության հետ երկխոսելու, երաժշտությունն իբրև լեզու ընտրելու սկզբունքային և շատ առանձնահատուկ մոտեցմամբ:

Նրանց համերգներին ներկա եղած մարդիկ հավանաբար կհաստատեն, որ «The Clash»-ը, հասնելով համաշխարհային հաջողության, համերգներին ունենալով հսկայածավալ, լեփ-լեցուն դահլիճներ ու անծայրածիր ստադիոններ, հաճախ էր դիմում անսպասելի քայլերի: Համերգի դժվարությունը մոռացած՝ նա կարողանում էր նկատել ամենահասարակ, մի կերպ հեռավոր անկյունում ծվարած  հանդիսատեսին, որը սովորաբար հենց այն բացառիկ իսկականն է լինում, ամենափնտրվածն ու ոգևորողը:

Խմբի անդամները ուղղակիորեն պահանջում էին իրենց մենեջերներից վաճառել էժան տոմսեր, որպեսզի համերգները հասանելի լինեն բոլորին, կուլիսներում երկար ժամանակ զրուցում էին երկրպագուների հետ: Ասում են՝ նրանք հաճախ նույն երկրպագուներին նվիրում, կամ  ստիպում էին կրկնակի և եռակի բովանդակությամբ իրենց ալբոմները վաճառել նրանց մեկի գնով և փոխարենը, թողարկող ընկերությանը «փակվել» սեփական հաշվից: Խմբի մասին մեկ այլ առիթով, առանձին կանդրադառնանք, իսկ այսօր կվերհիշենք մի երգ, որի միջոցով ինչ-որ չափով նաև կներկայացնենք խմբի գաղափարական էությունը:

Ինձ համար «The Clash»-ը առանձնանում  է առաջին հերթին իր հետևյալ մոտեցմամբ` ապրել և ստեղծագործել՝ չմոռանալով նայել  իրականությանը պարզ աչքերով: Մի երևույթ, որը, ցավոք, հազվադեպ է պատահում արտիստների կյանքում, նամանավանդ, երբ նրանք հասել են աստղային աննկարագրելի բարձունքների:

Խմբի վոկալիստ և կիթառահար Ջո Սթրամերը մեկն էր այն քչերից, ով, բացի երգելուց և երգեր գրելուց, ուշադրությամբ հետևում էր աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: Նա ամեն օր դիտում, լսում էր լուրերի թողարկումներ, կարդում լրագրեր և վերլուծություններ, մասնակցում նեղ քննարկումների, բանավեճերի, որոնց արդյունքում իր ընկալումները  փոխանցում էր երաժշտությանը: Ահա այսպիսի տրամադրության արդյունքում է ծնվել հանրահայտ «London calling» ալբոմը (1979թ.), որում էլ ընդգրկված է համանուն երգը:

Աշխարհի տարբեր անկյուններից հավաքված լուրերը 70-ականներին, մեղմ ասած, այնքան էլ ուրախալի չէին, և պետությունները արտաքին խնդիրների հետ մեկտեղ ունեին ներքին մի շարք հարցեր, որոնք շատ մտահոգիչ էին: Երգի անվանումը ծնվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հնչող ռադիոարտահայտությունից, որը վաղուց խորհրդանշական է դարձել աշխարհամարտի դաժանությունը տեսած մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում՝ խորհրդային ինտոնացիոն մատուցմամբ:

«Բի բի սի» ռադիոկայանը իր արտասահմանյան հաղորդումների հեռարձակումը սկսում էր «Լոնդո'նն է խոսում» արտահայտությամբ, որից հետո մարդիկ լարված սպասում էին լուրերին: Երգը, որը շատ հաճախ անվանվում է ապոկալիպտիկ, լի է ժամանակի խնդիրներին ուղղված ակնարկներով՝  դրանք ատոմակայաններն են, աշխարհում սովից մեռնող մարդիկ, հասարակության և պետությունների ստահակները, այդ թվում՝ մահակավոր ոստիկանները, բնական աղետները, որոնց մեծ մասը մարդկային ագահության հետևանք են, կեղծ ու եսասեր սովորույթները, ինչպիսին ըստ նրանց բիթլոմանիան էր... և այլն: Մի խոսքով՝ լոնդոնյան կանչով ներկայացվող իրավիճակ, որով լի է մեր իրականությունը մինչ օրս:

London calling to the faraway towns
Now war is declared, and battle come down
London calling to the underworld
Come out of the cupboard, you boys and girls
London calling, now don’t look to us
Phoney Beatlemania has bitten the dust
London calling, see we ain’t got no swing
‘Cept for the ring of that truncheon thing

...

«London calling» երգի հեղինակներն էին Ջո Սթրամերն ու Միք Ջոնսը («The Clash», առաջին կիթառ, վոկալ): Նրանք այդ ժամանակ նաև շատ ազդված էին 1979թ. ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում տեղի ունեցած ատոմային էներգիայի պայթյունից: Հարիսբուրգ քաղաքում գտնվող «Թրի Մայլ Այլենդ»  ատոմակայանի վթարի հետևանքով մթնոլորտ արտանետվեցին ռադիոակտիվ նյութեր, հարակից գետը լցվեց մոտ 185 խորանարդ մետր ռադիոակտիվ ջուր, իսկ ռադիացիոն տարածքից տարհանվեց 200 հազար մարդ: Եվ այս ամենը բնության ու մարդկանց կյանքի հաշվին:

Այդ էտապում երաժիշտների տրամադրության և ներսում տիրող ալեկոծության մասին Ջոն մի առիթով ասել է, թե այնպիսի զգացողություն կար, որ իրենք եղունգներով կառչած, ողջ ուժով ասես պայքարում էին փրկելու ինչ-որ բան, որը ներքև էր սահում: Եվ ոչ ոք այդ պահին չկար այդտեղ, որպեսզի օգներ իրենց: Թերևս այս նկարագրության մեջ կարելի է ինչ-որ չափով տեսնել նաև խմբի՝ այդ էտապում ոչ այնքան փայլուն գործունեությունը, քանի որ այն ժանրը, որում իրենք էին հանդես գալիս, իր դիքերը նկատելիորեն զիջել էր:

«London calling»-ը ոչ միայն «The Clash»-ի աշխարհաքաղաքական հայացքների արտահայտությունը եղավ, այլև խումբը վերածնելու և մեծ թափով առաջ մղելու կարևորագույն հիմնաքար: Համանուն ալբոմը գրեթե ամբողջությամբ  ըմբոստության և բողոքի ճիչ էր և համարվում է խմբի լավագույնը և ամենաճանաչվածը:

Երաժշտասերների միջավայրում մեծ ուշադրության է արժանացել նաև ձայնասկավառակի շապիկը, որը տարբեր հարցումների արդյունքում ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն ձևավորումներից մեկը:

«The Clash» խմբի՝ հեռավոր 70-ականներից եկած «London calling» երգը արդիական է հատկապես մեր օրերում, և հավանաբար դա է պատճառը, որ մի շարք կարևոր միջոցառումների, նախագծերի ժամանակ երգի ընտրության նախապատվությունը տրվում է հենց այս մեկին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter