HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Տարոն-Ավիան» իր 3 ինքնաթիռներից մեկը վարձով տվել է սուդանցիներին

Հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը, որը հավակնում է օդուղիների շահագործման լիցենզիա ստանալ եւ ուղեւորափոխադրումներ կատարել, վերջերս վարձակալության է հանձնել իր 3 ինքնաթիռներից մեկը: Ընդ որում, սա ներկայում միակ հայկական ավիաընկերությունն է, որը 3 մարդատար օդանավ ունի: Դրանց մասին «Հետքը» գրել է: Երեքն էլ «Boeing 737-500» տիպի ինքնաթիռներ են:

Դրանցից մեկը, որի սեփականատերը ամերիկյան «ILFC» կորպորացիան է, վերջերս, փաստորեն, վեճի ու ծեծկռտուքի առարկա դարձավ երկու հայ ավիատորների միջեւ: «Տարոն-Ավիայի» հիմնադիր ու տնօրեն Գառնիկ Պապիկյանն «Էյր Արմենիայից» իր պարտքը ստանալու համար դիմել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով բռնություն էր գործադրել «Էյր Արմենիայի» ղեկավար Արսեն Ավետիսյանի նկատմամբ, կոտրել վերջինիս քիթը: Հայտնի է, որ այսքանից հետո Ավետիսյանը չբողոքեց Հայրապետյանի դեմ, ու քրեական գործ չհարուցվեց: Մենք չէինք բացառել, որ ծեծի պատճառ կարող է լինել EK-73797 գրանցման համարով ինքնաթիռի վարձակալության գումարային խնդիրը, նշել էինք նաեւ, որ «Էյր Արմենիան» ավելի քան 5 մլն դրամի պարտք ունի Պապիկյանի որդիներից Տավրոսին, ով օդաչու է աշխատել Ավետիսյանի ընկերությունում:

EK-73797-ը. ինքնաթիռի ֆյուզելաժի վրա «Տարոն-Ավիայի» անունն է, իսկ պոչին մնացել է «Էյր Արմենիայի» օրոք նկարված ՀՀ եռագույնը

Ապա մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ 2013-2014 թթ. EK-73797-ը վարձակալելու դիմաց «Էյր Արմենիան» 2,5 մլն դոլար պարտք է մնացել Պապիկյանի ընկերությանը, բայց ոչ «Տարոն-Ավիային»: Ավետիսյանը չնայած գումարի չափ չի նշել, սակայն հաստատել է, որ Պապիկյանի «Ala International» ընկերության հանդեպ է «Էյր Արմենիայի» պարտքը: Այս ընկերությունը գրանցված է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքի օդանավակայանի միջազգային տնտեսական ազատ գոտում (SAIF-Zone): Հատկանշական է, որ 1997-ին Գառնիկ եւ Գագիկ Պապիկյանները ՀՀ-ում հիմնադրել էին «Ալա-Ավիա» անունով ՍՊԸ, որը հետագայում դադարեցրել է գործունեությունը: Ato.ru կայքը նշել էր, որ Պապիկյանը գրասենյակ ունի ԱՄԷ-ում, որը, մասնավորապես, ՀՀ-ից դուրս գրանցված «Ան-12» եւ «Իլ-76» տիպի օդանավերով բեռնափոխադրումներ է կատարում Աֆրիկայում: Երբ Գ. Պապիկյանից վերջերս հետաքրքրվել էինք, թե արդյոք այլ գրասենյակներ ունի ՀՀ-ից դուրս, ինչպես նշված էր ռուսական մամուլում, ասել էր, որ կամ ռուս լրագրողը ճիշտ չի հասկացել իրեն, կամ մենք ճիշտ չենք ընկալել գրվածը: Բայց փաստ է, որ այդպիսի գրասենյակ գոյություն ունի, թեկուզ ոչ «Տարոն-Ավիայի» անունով: Համացանցում կարելի է տեղեկություններ գտնել «Ala International»-ի մասին, ըստ որոնց՝ այն զբաղվում է ոչ կանոնավոր (չարտեր) թռիչքների կազմակերպմամբ եւ օդանավերի վարձակալությամբ: Հետաքրքիր է, սակայն, որ «Տարոն-Ավիայի» երկու կայքերից (taron-avia.am, taronavia.com) երկրորդում «Ala International»-ի հասցեն ներկայացված է իբրեւ «Տարոն-Ավիայի» Շարժայի գրասենյակի հասցե: Սա հերթական ապացույցն է նրա, որ երկու ընկերությունները փոխկապակցված են: Նշվում է նաեւ, որ «Տարոն-Ավիան» գրասենյակ ունի ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում՝ Ջորջ Բուշի անվան օդանավակայանի հարեւանությամբ:

Կայքում ընկերությունն իբրեւ շարժակազմ նշել է այնպիսի բեռնատար օդանավեր, ինչպիսիք են «Boeing 747-200»-ը, «Airbus A300»-ը, «Իլ-76ՏԴ»-ն, «Ան-12»-ը, ինչպես նաեւ «Մի-8» ուղղաթիռը, իսկ մարդատարներից՝ «Boeing 737»-ը: Օդանավերի քանակի ու այլ տվյալների մասին որեւէ նշում, սակայն, չկա:  

«Հետքի» հետ զրույցում Գառնիկ Պապիկյանը շեշտել էր, որ «Տարոն-Ավիան» սեփականության իրավունքով օդանավ չունի, ու 3 «Boeing»-ները վարձակալական հիմունքներով են շահագործվում: Օգոստոսին կայացած մեզ հետ զրույցում նա նշել էր նաեւ, որ EK-73797-ի լիզինգի ավարտին մնացել է 8 ամիս, սակայն իրենք մտադիր են շարունակել դրա շահագործումը: Իսկ EK-73775-ի եւ EK-73772-ի մասին մանրամասներ չէր հայտնել: 3 օդանավերն էլ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում վերջերս անցել են տեխնիկական սպասարկում («C-check» տիպի), ներկվել հայկական ավիաընկերության գույներով, սակայն, ըստ Պապիկյանի, ՀՀ կբերվեն, եթե «Տարոն-Ավիան» ստանա օդուղիների շահագործման թույլտվություն:  

Ինչպես արդեն նշել ենք, EK-73775-ը եւ EK-73772-ը 2011-2013 թթ. շահագործում էր «Արմավիան»: Ըստ aerotransport.org-ի՝ «Արմավիայի» ու «Տարոն-Ավիայի» շահագործման տարիներին սեփականատերերը նույնական են եղել, այսինքն՝ ինքնաթիռները պատկանել են հենց օպերատորներին: Սակայն, եթե հավատալու լինենք Գ. Պապիկյանին, ապա «Տարոն-Ավիան» չի կարող սրանց սեփականատերը լինել: Չի բացառվում, որ սեփականատերը նույն «Ala International»-ը լինի:

Եվ չնայած «Տարոն-Ավիան» օդուղիների շահագործման լիցենզիա ստանալու համար դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, հայտնի է դարձել, որ Ամմանում գտնվող 3 օդանավերից մեկը՝ EK-73775-ը, վարձակալման է հանձնել սուդանական «Badr Ailines» ընկերությանը: Այս մասին իմանում ենք ch-aviation.com-ից: Օգոստոսի 12-ին «Boeing 737-500»-ը թագուհի Ալիայի անվան օդանավակայանից, որտեղ գտնվում են «Տարոն-Ավիայի» 3 օդանավերը, տեղափոխվել է Սուդանի մայրաքաղաք Խարթում: Հետաքրքիր է, թե ինչու է հայկական երկինք բարձրանալ ցանկացող ավիատորը թեկուզ ժամանակավոր հրաժարվել իր մի ինքնաթիռից:

Սուդանական ընկերությունը հիմնադրվել է 1997-ին «Sarit Airlines» անվամբ: Թռչել սկսել է 1998-ից: 2005-ից կոչվում է «Badr Airlines»: Ավիաընկերությունը 2010-ից ընդգրկված է Եվրամիության «սեւ ցուցակի» առաջին հավելվածում, ինչպես Սուդանի բոլոր ավիաընկերությունները: Սա նշանակում է, որ եթե ինքնաթիռը թռչում է, օրինակ, «Badr Airlines»-ի ՕՇՎ-ի (օդանավ շահագործողի վկայական) ներքո, դրա մուտքը ԵՄ արգելված է: Արգելքը շրջանցելու միակ տարբերակը «wet-leased» տարբերակով շահագործումն է, երբ ինքնաթիռի սպասարկող անձնակազմը, ապահովագրությունը կլինեն «սեւ ցուցակում» չգտնվող (ցուցակում ընդգրկված հայկական ավիաընկերություններ չկան) վարձատուի, տվյալ դեպքում՝ «Տարոն-Ավիայի» պատասխանատվության ներքո: Ըստ ch-aviation.com-ի՝ սուդանական օպերատորը հենց «wet-leased» ձեւով է վարձակալել ինքնաթիռը, սակայն aerotransport.org-ը նշում է սովորական (այլ կերպ՝ «dry lease», երբ վարձակալությունն ամբողջությամբ վարձակալի պետասխանատվության ներքո է) լիզինգի մասին: Հատկանշական է, որ «Badr Airlines»-ը գրասենյակ ունի Շարժայի օդանավակայանի միջազգային տնտեսական ազատ գոտում (SAIF-Zone), որտեղ տեղակայված է նաեւ «Ala International»-ը, այստեղից էլ ծագում է կապը երկու կողմերի միջեւ:

Հետաքրքիր է, որ սա սուդանական ընկերության վարձակալած առաջին հայկական ինքնաթիռը չէ: 2003-ի նոյեմբերի 3-ին EK-11997 հայկական գրանցումով «Ան-12ԲՊ» ինքնաթիռը, որը շահագործում էր «Sarit Airlines»-ը, Սուդանի մայրաքաղաք Խարթումից դեպի Դարֆուրի Էլ Գենեինա քաղաք թռչելիս վերջինիս օդանավակայանում անհաջող վայրէջք կատարեց՝ հարվածելով թռիչքուղուն, որից հետո շասսին շարքից դուրս եկավ: Օդանավը գետնի վրա սահեց 800 մ, մինչեւ կանգ կառներ: Այն հետագա շահագործման համար անպիտան դարձավ: Բարեբախտաբար, դրանում գտնվող 5 հոգուց ոչ ոք չտուժեց:

Վթարված EK-11997-ը՝ Էլ Գենեինայի օդանավակայանում

Այս միջադեպից ընդամենը երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 17-ին, Խարթումից Վաու քաղաք (ներկայում գտնվում է անկախացած Հարավային Սուդանի տարածքում) թռչելիս մեկ այլ «Ան-12ԲՊ», որ կրում էր սուդանական ST-SAA գրանցման համարը ու շահագործվում նույն «Sarit Airlines»-ի կողմից, կործանվեց Վաուից 6 կմ հեռավորության վրա: Ինքնաթիռում 13 հոգի կար՝ անձնակազմի 4 հայ եւ 2 ուզբեկ անդամները, անվտանգության 3 աշխատակից, Սուդանի բանկից 1 պաշտոնյա, ավիաընկերության ինժեները, 1 ոստիկան եւ 1 զինվորական: Բոլորն էլ զոհվեցին: Օդանավը Վաու էր տեղափոխում մթերք եւ բանկին պատկանող գումար: Ըստ ականատեսների՝ այն հրկիզվել էր երկնքում ու վայր ընկել: Կասկած կար, որ դրա վրա կրակել են անջատողականները, սակայն վերջիններս հերքեցին իրենց մասնակցությունն աղետին:

Թե ինչ ճակատագիր կունենա EK-73775 համարով «Boeing 737-500»-ը Սուդանում, ցույց կտա ժամանակը: Հուսանք, որ այն չի արժանանա Աֆրիկայում կործանված հայկական օդանավերի բախտին ու ապագայում դեռ կծառայի հայկական ավիացիային: 

Գլխավոր լուսանկարում՝ EK-73775-ը, որն «Արմավիայի» կողմից ստացել էր «Հովհաննես Այվազովսկի» անունը, Մոսկվայի երկնքում (28.03.2013): Սա, թերեւս, այս օդանավի մարդատար թռիչքներից վերջին նկարն է, քանի որ ժամեր անց «Արմավիան» հայտարարեց իր գործունեությունը դադարեցնելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter