HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որ երկրները և ինչ ծավալի մարդասիրական օգնություն են ուղարկում Հայաստան

Այս տարվա առաջին կիսամյակում մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 996,2 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 8,9 մլրդ. դրամ կամ 18,7 մլն. ԱՄՆ դոլար: Դոլարով հաշվարկի դեպքում ստացվում է, որ 2014-ի առաջին կիսամյակի համեմատ այս տարվա նույն ժամանկաշրջանում Հայաստանի ստացած մարդասիրական օգնության ծավալը 19,5% -ով նվազել է։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, որին տրվյալները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Ստացված օգնության մեծ մասը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը։ Ուշագրավ է, որ սնունդ կամ կոշկեղեն, որոնք ենթադրաբար պետք է ավելի շատ ներմուծվեին որպես մարդասիրական օգնություն, մնացած ապրանքների համեմատ քիչ են ներմուծվում։ Համենայնդեպս, ներմուծվել է ընդամենը 555 հազ. դոլարի կոշկեղեն, գլխարկ ու հովանոց։ Փոխարենը մանածագործարական իրերի տեսակարար կշիռն է համեմատաբար մեծ։  Ներմուծվել է նաև 349 հազ. դոլարի բուսական ծագման արտադրանք,  127  հազ. դոլարի կենդանական և բուսական ծագման յուղեր ու ճարպեր, 274 հազ. դոլարի պատրաստի սննդի արտադրանք։ Համեմատության համար նշենք, որ քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի արժեքը կազմել է 8,67 մլն դոլար։ Ընդ որում, այս պատկերը միայն այս տարի չէ, 10 տարի առաջ էլ նույնն է եղել. Հայաստանին  ուղարկվող մարդասիրական օգնության մեջ մեծ տեղ են զբաղեցրել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, մանածագործական իրերը, սարքերն ու  ապարատները։

Ստացված օգնության մեծ մասն ուղարկվել է Ավստրալիայից՝ 28,6%-ը, Միացյալ նահանգներից՝ 22,4%-ը, Չինաստանից՝ 11,3%-ը։

21,7%-ն էլ ԵՄ երկրներից է (ամենաշատը Իտալիայից՝ 5,1%-ը),   միայն 0,2%-ը՝ ԱՊՀ երկրներից, մնացածն՝ այլ երկրներից։

Նկատենք, որ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ Նիդերլանդները կտրուկ նվազեցրել է Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալը։ Եթե 2014-ի հունվար-հունիսին տրամադրել է   ավելի քան 5,65 մլն դոլարի օգնության, ապա այս տարվա հունվար-հունիսին՝ ընդամենը 380  հազ. դոլարի, նվազումը՝ 93,2%:

Իսկ Ավստրալիայից ստացված օգնության ծավալը կազմել է  ավելի քան 5,3 մլն դոլարը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 60,5%-ով։

Մնացած երկրների դեպքում փոփոխություններն ակնառու չեն։

Նշենք, որ վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս՝ Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրող երկրների կողմից այդ օգնության ծավալները ամեն տարի տարբեր են լինում։ Կայուն է, թերևս, Միացյալ նահանգներից ստացվող օգնությունը, որի տեսակարար կշիռը միշտ զգալի է ընդհանուր ցուցանիշում։

Առհասարակ, վերջին  10 տարում Հայաստանի ստացած մարդասիրական օգնության ծավալները մեկ աճել են, մեկ՝ նվազել։ Ընդհանուր պատկերը, որի տվյալները հավաքագրել ենք ՀՀ ԱՎԾ արխիվային հրապարակումներից,  այսպիսին է.

Հավելենք, որ այլ երկրներից մեծ ծավալի մարդասիրական օգնություն են ստանում այն երկրները, որոնց աղքատության ցուցանիշը բավականին բարձր է, որոնք գտնվում են պատերազմական իրավիճակում, տուժել են բնական աղետներից կամ համաճարկաներից և այլն։  Բարեբախտաբար, Հայաստանն այդ երկրների թվում չէ։

Մեկնաբանություններ (1)

Աիդա
իսկ ու՞մ եւ ինչպե՞ս է այն բաշխվել, արդյոք վաճառվել է ոմանց խանութներում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter