HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տրանսպորտի և կապի նախարարությունը խախտել է քաղաքացիների իրավունքը՝ նրանց դիմումն անպատասխան թողնելով»

Տրանսպորտի և կապի նախարարության «Հատուկ կապ» ՓԲԸ-ի աշխատակիցներ Սարիբեկ Մկրտչյանը և Անանիա Մարգարյանը դիմել են օմբուդսմենին՝ նշելով,որ իրենց պակաս վճարված աշխատավարձի և հավելավճարների գումարների վճարման կապակցությամբ դեռևս ապրիլին դիմել էին նախարարություն, սակայն մինչ օրս այնտեղից որևէ պատասխան չեն ստացել:

Այս մասին տեղեկացնում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Նախարարությունից օմբուդսմենին տեղեկացրել են, որ դիմումատուների խնդիրները քաղաքացիաիրավական բնույթ ունեն և չեն առնչվում նախարարության գործառույթներին: Տեղեկացրել են նաև, որ «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերությունից քաղաքացիներին պարզաբանումներ են տրամադրվել, սակայն միայն հունիս ամսին:

Արդյունքում. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսանում անձի դիմումը, բողոքը: Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի ուժով` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է, որից բխում է, որ ներկայացված դիմումին անհրաժեշտ է պատասխանել 30-օրյա ժամկետում: Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի` վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից: Իսկ 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:

Այսպիսով, Ս. Մկրտչյանին և Ա. Մարգարյանին իրենց դիմումի կապակցությամբ տրանսպորտի և կապի նախարարությունից օրենքով սահմանված ժամկետում չի տրվել պատշաճ պատասխան, մասնավորապես՝ քաղաքացիների 2015 թվականի ապրիլ ամսվա դիմումին պատասխանվել է նույն թվականի հունիս ամսին, այն էլ ոչ թե դիմումը հասցեագրված մարմին կողմից, այլ «Հատուկ կապ» ՓԲԸ-ի կողմից:

Արդյունքում խախտվել է վերջիններիս՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքները, ինչի կապակցությամբ էլ օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում:

Օմբուդսմենը նախարարությանն առաջարկում է ապահովել քաղաքացիների դիմումի պատշաճ ընթացքը և ձեռնարկել արդյունավետ ու բավարար միջոցներ հետագայում նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ:

        

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter