HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չեք անցկացնի» նախաձեռնությունը մոտ ժամանակներում համագումար կանցկացնի

Լիլիթ Թադևոսյան

«Չեք անցկացնի» նախաձեռնությունը, որը պայքարում է սահմանադրական փոփոխությունների դեմ, մոտ ժամանակներս պատրաստվում է համագումար անցկացնել:  Այդ մասին «Հետքի» հետ զրույցում ասաց «Չեք անցկացնի» նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Արշակ Մուսախանյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ նախաձեռնությունը ստեղծվեց անցյալ տարի հոկտեմբերին, այն ժամանակ, երբ հրապարակվեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը:

«Մենք՝ մի խումբ երիտասարդներով, որոնք անձնապես իրար ճանաչում էին, ակտիվ էին և՛ քաղաքական, և՛ հասարակական դաշտում՝ միավորվեցինք, որպեսզի պայքարենք սահմանադրական փոփոխությունների դեմ և ավելի ակտիվացանք վերջերս, երբ արդեն սահմանադրական փոփոխությունների նախագիծը եկավ: Այդ նախագիծը կարդալուց հետո հասկացանք, որ լուրջ մարտահրավեր է նետված Հայաստանի հասարակությանը և մենք պետք է լրջորեն պայքարենք սահմանադրական փոփոխությունների դեմ»,- ասաց Արշակ Մուսախանյանը:

Նա նաև ասաց, որ առաջիկայում իրենց  հանդիպումները քաղաքական գործիչների ու հասարակական խմբերի հետ կշարունակվեն: Վաղը նախաձեռնության անդամները կհանդիպեն ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ, իսկ մի քանի օր առաջ հանդիպել են ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ, դրանից առաջ հանդիպել են Հայ Ազգային  Կոնգրեսի, «Ժառանգության» և «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչների հետ:

Ինչ վերաբերում է  համագումարին, ապա Արշակ Մուսախանյանն ասաց, որ իրենք ցանկանում են այդ համագումարին հրավիրել այն բոլոր քաղաքական ուժերին և հասարակական խմբերին, որոնք համաձայն են «Ոչ»-ի ճակատի մեջ մտնելու և որոնք համաձայն են իրենց ամբողջ ռեսուրսը ներդնել, որպեսզի տապալեն սահմանադրական փոփոխությունները:

 «Համագումարից հետո մենք նախատեսում ենք որոշ հրապարակային գործողություններ և դրա պատրաստությունը մենք պետք է  տեսնենք մարզերում և Երևանի շրջաններում՝ հանդիպումներով: Այդ առումով մենք պլանավորում ենք այցեր մարզեր, նաև որոշ ակցիաներ, պիկետներ և ինչ-որ պահի եթե զգանք, որ մեր ուժերը ներում են՝ նաև անցկացնել հանրահավաքներ: Մենք կապի մեջ ենք մարզերի երիտասարդների հետ, նրանք սպասողական վիճակում են և անընդհատ մեզ կոչ են անում, որ մարզեր այցելենք, օրինակ՝ Գյումրի, Վանաձոր և այլ մեծ քաղաքաներ և անպայման հանդիպում ունենանք իրենց հետ: Ընդհանուր առմամբ, մարզերում հատկապես՝ հասարակությունն այնպես չի, որ շնչում է սահմանադրական փոփոխությունների հարցով, բայց արդեն կան խմբեր, որոնք լուրջ են ընդունում այս մարտահրավերը և որոնք պատրաստ են միանալ մեզ»,- ասաց Արշակ Մուսախանյանը:

Վերջինս նաև ասաց, որ իրենք պատրաստվում են նամակ գրել հանրային հեռուստաընկերությանը, որպեսզի հանրային հեռուստաընկերությունը ապահովի իրենց միջոցառումների  լուսաբանումը, որպես «Ոչ»-ի կողմնակից միավոր և իրենք կարողանան իրենց տեսակետը հասցնել հանրությանը:

«Մենք այն պատճառով ենք դիմում Հանրային հեռուստաընկերությանը, որովհետև այն համարվում է հանրային, իսկ  բոլոր հեռուստաընկերությունները ամեն դեպքում մեզ համար փակ են: Այսօր որևէ ազատ հեռուստաընկերություն չկա Հայաստանում՝ բոլորս գիտենք և մենք հասարակության հետ հեռուստատեսությամբ շփվելու հնարավորություն չունենք, այդ պատճառով փորձում ենք դիմել հենց հանրային հեռուստաընկերությանը: Իսկ եթե մերժեն՝ մենք այդ մասին հրապարակային կտեղեկացնենք»,- եզրափակեց Արշակ Մուսախանյանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter