HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է Հատուկ քննչական ծառայություն ուղարկված` ծանր հանցագործության գործի նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով Հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Քրիստինե Մանգասարյանը, Քրիստինե Նազարեթյանը, Սիրակ Սաքանյանը և Կամո Հայրապետյանը` իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով ու որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարել են խուլիգանություն:

Մասնավորապես՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Սիրակ Սաքանյանն իր վարած ավտոմեքենայով  բախվել է կայանված մեկ այլ ավտոմեքենայի: Առաջացած վթարի հետևանքով Ս. Սաքանյանի վարած ավտոմեքենայի ուղևորուհի Քրիստինե Նազարեթյանն ուշագնաց է եղել: Վարորդ Ս. Սաքանյանի և ուղևորուհի Ք. Մանգասարյանի հետ ավտոմեքենայից իջնելուց հետո, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Կ. Հայրապետյանը սկսել է  անհասցե հայհոյանքներ տալ, որի պատճառով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները մոտեցել են նրանց՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և Կ. Հայրապետյանի օրինախախտ վարքագիծը կանխելու նպատակով:

Կամո Հայրապետյանը ցավագին ընդունելով Քրիստինե Նազարեթյանին առաջին օգնություն ցուցաբերելու, միաժամանակ, շտապօգնության կանչ տալու՝ ոստիկանների նախաձեռնությունը, ինչպես նաև իր և Սիրակ Սաքանյանի կողմից հայհոյանքներ հնչեցնելուն ուղղված նրանց դիտողությունները, խմբի կազմում՝ Սիրակ Սաքանյանի, ուշքի եկած Քրիստինե Նազարեթյանի և Քրիստինե Մանգասարյանի հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ՝ խաթարելով փողոցի երթևեկությունը, դեպքի վայրում հավաքված բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին: Խուլիգանական գործողությունները զուգորդելով իշխանության ներկայացուցչին ակտիվ դիմադրություն ցույց տալով՝ նրանց նկատմամբ բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով՝ Կամո Հայրապետյանը ձեռքով հարվածել է ոստիկանության ծառայող Հակոբ Ս.-ի մարմնի տարբեր մասերին, իսկ Սիրակ Սաքանյանը՝ բռունցքով հարվածներ է հասցրել դեպքի վայրում գտնվող մեկ այլ ոստիկան՝ Հայկ Ն.-ի գլխին: Այդ ժամանակ Քրիստինե Նազարեթյանը, քաշքշելով Հայկ Ն.-ի հագուստներից, պահանջել է բաց թողնել իր ընկերներին, իսկ Ք. Մանգասարյանը որպես զենք օգտագործվող առարկայի` ապակու բեկորի, գործադրմամբ սպառնացել է վնաս պատճառել ոստիկանության ծառայող Հակոբ Ս.-ին:

Խուլիգանություն կատարած անձանց ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացիները շարունակել են հանցավոր վարքագիծ դրսևորել՝ տևական ժամանակ խաթարելով ոստիկանության հիշյալ բաժնի բնականոն աշխատանքը:

Այնուհետև հայհոյանքներ հնչեցնելու կապակցությամբ ոստիկանի դիտողությանն ի պատասխան՝ Քրիստինե Ն.-ն շարունակել է խուլիգանական գործողությունները: Այդ ընթացքում վերջինս ոստիկանության ծառայողին ակտիվ դիմադրություն ցույց տալով՝ բռնություն է կիրառել նրա նկատմամբ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Սիրակ Սաքանյանին, Կամո Հայրապետյանին և Քրիստինե Նազարեթյանին  մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Քրիստինե Մանգասարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter