HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքցի շրջանավարտների համար օրենքն ամեն տարի տարբեր կիրառություն է ունենում

Սարգիս Կարապետյանն այս տարի ավարտել է Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի Ջիվանու անվան հանրակրթական դպրոցը։ Աչքի է ընկել մաթեմատիկայի և բնական գիտությունների իմացությամբ:

Սարգիսը բազմազավակ ընտանիքի կրտսեր զավակն է, երեք քույր ունի: Այս տարի եկել է Հայաստան, որպեսզի ընդունվի Երևանի պետական ճարտարագիտական համալսարան: Սակայն ավարտական քննություններ հանձնելիս «Վրաստանի պատմություն» առարկայից կտրվել է: Համաձայն Վրաստանում գործող կարգի՝ եթե որևէ առարկայից շրջանավարտն անբավարար է ստանում, նա զրկվում է ավարտական վկայականից՝ ատեստատից, սակայն ստանում է ավարտական սերտիֆիկատ:

Սարգիսն ավարտական սերտիֆիկատով փորձել է ընդունվել ԵՊՃՀ-ն, սակայն ընդունող հանձնաժողովը մերժել է նրան: Սարգիսը, պարզվում է, միակը չէ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այս տարի որոշել է, որ «օրենքը թույլ չի տալիս» սերտիֆիկատով մասնակցել ընդունելությանը և հետ է ուղարկում Ջավախքի շրջանավարտներին՝ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հայտը մերժելով:  Սակայն նախորդ տարիներին «օրենքը թույլ է տվել», և ավարտական սերտիֆիկատներով ջավախքցի երիտասարդներն ընդունվել են ՀՀ բուհեր:

Սարգիսը պատմում է, որ Կարծախ գյուղում 17 շրջանավարտներից 9-ը կտրվել են քննություններից: Ջավախքցի րջանավարտները կտրվում են հիմնականում վրացագիտական առարկաներից՝ «Վրաստանի պատմություն», «Վրաստանի աշխարհագրություն», «Վրաց լեզու» քննություններից, իսկ դրանք ՀՀ բուհերում չեն անցնում և ոչ էլ ՀՀ ավարտական քննական առարկա են:  

«Այդ առարկաներն անցնում ենք վրացերեն գրքերով, նոր՝ երկլեզու ուսուցման ծրագիրն է, և ուզես թե չուզես, երկու տարում չես կարող յուրացնել վրացերենով: Այդ պատճառով շատ շրջանավարտներ կտրվում են»,-ասում է Սարգիսը:

Սարգիսը 2 անգամ դիմել է ԿԳՆ սփյուռքի բաժին, սակայն մերժում է ստացել՝ հիմնավորելով, որ ՀՀ օրենսդրությունը ընդունելությունը թույլատրում է միայն ավարտական ատեստատով:

Սարգիսի քույրը՝ Հերմինե Կարապետյանն ասում է, որ եղբայրը շատ ընդունակ ու խելացի տղա է, ուժեղ է հատկապես մաթեմատիկայից, սակայն նրան նույնիսկ նախապատրաստական՝ «0 կուրս» ընդունվելու հնարավորություն չեն տվել:

Նույն իրավիճակում են նաև Սարգիսի համադասարանցիները՝  Պավլիկ Աղաբաբյանը, Սյուզաննա Կոբալյանը և Լիլիթ Բրսոյանը:

«Հետաքրքիր է, թե ինչ քաղաքականություն է վարում Հայաստանը՝ հակահայկական, թե՞ հակավրացական։ Այս փաստը մտածելու տեղիք է տալիս, քանի որ բազմաթիվ շրջանավարտներ, չունենալով բարձրագույն կրթության հնարավուրություն, ստիպված Ջավախքից մեկնելու են արտագնա աշխատանքի»,-ասում է Սարգիսի քույրը՝ Հերմինեն: Նա մտավախություն ունի, որ նույն ճակատագիրը կունենա նաև իր եղբայրը:

Հերմինեն նաև նախարար Արմեն Աշոտյանի ֆեսյբուքյան էջին նամակ է գրել՝ բացատրելով իրավիճակը: «Ես բացատրեցի, որ այդ ծրագիրը, որ մշակել է Վրաստանը, մշակել է հայերիս դեմ, իսկ դուք դա օգտագործում եք էլի մեր դեմ»:  Նախարար Աշոտյանը, ով հայտնի է Ֆեսբուքում իր ակտիվությամբ, Հերմինեի նամակին չի արձագանքել:

«Ճիշտ է, իմ եղբայրն է, բայց նա այնքան մեծ ձգտումով տղա է, իր՝ սովորելու ցանկությունն այնքան մեծ էր, կենտրոնացել էր մաթեմատիկայի վրա, և մենք չենք ուզում, որ մի սերտիֆիկատի պատճառով նրա ողջ կյանքն այլ կերպ դասավորվի,-ասում է Հերմինեն,-այս ճակատագրին են արժանանում Ջավախքի գրեթե 40-50 տոկոս շրջանավարտներ»:

Արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Նունե Վարդանյանը «Հետքի»  հետ զրույցում ասաց, որ դպրոցի տեղեկանքով բուհ ընդունվել որևէ երկրում հնարավոր չէ: «Եթե դուք մեր մոտ դպրոցը չեք ավարտում, ատեստատ չեք ստանում, կարողանո՞ւմ եք կրթությունը շարունակել: Վկայականը մեկ բան է, ատեստատը՝ մեկ այլ բան,-ասաց նա: -Տեղեկանքով ուսումը որևէ երկրում չեն շարունակում: Մենք չենք դասակարգում որ առարկան է կարևոր, որը՝ ոչ: Երեխան ավարտել է դպրոցը, պետք է ունենա ատեստատ»:

Մեր դիտարկմանը, թե անցյալ տարի նման իրավիճակում հայնտված ջավախքցի շրջանավարտներ ընդունվել են ՀՀ բուհեր, նրանց գործերն ընդունվել են, ինչո՞ւ այս տարի նրանց թույլ չի տրվել, Նունե Վարդանյանը պատասխանեց. «Խնդրում եմ այդ հարցն ուղղեք վարչության պետին: Անցյալ տարի զբաղվել է այլ մարդ, այս տարի զբաղվում է այլ աշխատակից»:

Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանն այս օրերին արձակուրդում է: Վարչության պետի տեղակալ Վահագն Բագոյանի խոսել նույնպես չստացվեց. օրվա տարբեր ժամերին մեր հեռախոսազանգերին պատասխանող բաժնի աշխատակիցը տեղեկացնում էր, որ  վերջինս «դուրս է եկել»: 

Մեկնաբանություններ (1)

Ջավածքցի
Տրամաբանությունն այստեղ հետևյալն է. կամ պետք է նախորդ տարի առանց ատեստատի ընդունած պաշտոնյային դատարան կանչել ու համապատասխան քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկել / պատժել, կամ՝ ստիպել նախարարությանը՝ այս տարի ևս հասունության վկայականով ընդունել ջավախքցի շրջանավարտների գործերը: Օրենքը մեկ րոպեում ներքին հատուկ որոշմամբ կարելի է ճկուն դարձնել ու ջավախքցի շրջանավարտներին, որոնք շատ խելացի են, օրինակ, քիմիայից, սովորելու են ՀՀ բուհերում, սակայն վրացերենի պարտադրանքի պատճառով ունեն ատեստատի փոխարեն հասունության վկայական, հեշտությամբ ընդունել ՀՀ բուհեր... Աշխարհի բոլոր երկրներն իրենց օրենքները ծառայեցնում են սեփական ազգային շահերին, անգամ Վրաստանը բոլորի աչքի առաջ ցեղասպանում է ջավախահայերին՝ սահմանին անխտիր խլելով գրքերը վերջիններիս ձեռքից, իսկ մենք հանկարծ դարձել ենք օրինապաշտ... Կներեք, սակայն մեր իրականության մեջ ես կասկածում եմ, որ խնդիրն այստեղ օրենքը չխախտելու մեջ է. այստեղ ես տեսնում եմ մի ինչ-որ հերթական դավադրություն՝ ընդդեմ ջավախահայության, այստեղ ես տեսնում եմ անգամ վրացական գայլի ականջներ... Իսկ Նունեն ու մնացյալ քաղծառայողներն ընդամենն այս քաղաքականության զոհերն են...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter