HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը արժանացել է Սախալինի կինոփառատոնի Գրան Պրիին

Կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը արժանացել է «Աշխարհի ծայրը» Սախալինի 5-րդ միջազգային կինոփառատոնի Գրան Պրիին:

Կինոփառատոնը շնորհել է երկու Գրան Պրի` ժյուրիի և հանդիսատեսի: Արամ Շահբազյանը արժանացել է հանդիսատեսի Գրան Պրիին: Ռեժիսորը «Հետք»-ին ասում է, որ մրցանակի կարևորությունը հենց լսարանի անունից շնորհվելն է. «Շատ կարևոր է, որ ֆիլմդ ընդունելի է դառնում հանդիսատեսի կողմից: Այսինքն դու չես նկարում փոփքորնային մի ֆիլմ, դու փորձում ես նկարել լուրջ ասելիք ունեցող դրամատուրգիա, պատմություն, և դա շատ ընկալելի է դառնում լայն հանդիսատեսի կողմից: Դա գերխնդիր է ինձ համար, որ ես միշտ փորձում եմ լուծել: Հենց էս մրցանակը գալիս է դա ապացուցելու»:

«Մոսկվիչ, իմ սեր» (2014) գեղարվեստական ֆիլմը տարեց փախստական Հմայակ Ավանեսյանի մասին է, ով Ադրբեջանից գաղթում է Հայաստան և կնոջ հետ հաստատվում գյուղերից մեկում: Համոն երազում է «Մոսկվիչ» մակնիշի մեքենա ունենալու մասին և խնայողություններ է անում դրա համար: Մի օր իմանում է, որ հարևան գյուղում վաճառվում է իր ցանկացած մեքենան, պայմանավորվում է այն գնելու մասին, մեքենայի հետ լուսանկարվում ու լուսանկարն ուղարկում է Ռուսաստանում աշխատող որդուն… Սակայն այդպես էլ չի կարողանում ձեռք բերել 800 դոլար արժեցող մեքենան:

Համոյի կինը (Հիլդա Օհան) և Համոն (Մարտուն Ղևոնդյան)` Մոսկվիչի հետ լուսանկարվելիս: Հետևի պլանում` Մոսկվիչի տերը / կադր ֆիլմից

Ֆիլմը հիմնված է մի փախստականի օրագրի վրա, որին լրագրող Էդիկ Բաղդասարյանն ու ռեժիսորը ծանոթացել են տարիներ առաջ, Մարտակերտում[1]: Օրագրում նշված են խնայված գումարի չափերն ու դրանց ժամանակագրությունը:

Արամ Շահբազյանը սպասում էր, որ պատմությունը կընդունվի ռուս հանդիսատեսի կողմից, սակայն իր համար անսպասելի է եղել ֆիլմի մեծ արձագանքն ու այն, որ դահլիճում շատ են եղել երիտասարդ հանդիսատեսները: «Ինձ համար շատ կարևոր էր, թե այդ նոր սերունդը ոնց է ընդունելու էս ֆիլը: Չնայած ֆիլմը Սովետական միության փլուզման մասին չէ: Ֆիլմը ընդամենը փոքր մարդու ողբերգության մասին է: Հասարակարգը երբ փլուզվել է, մարդը մի օր արթնացել է ու տեսել է` ինքը ոչ մեկին պետք չի…»,- պատմում է ռեժիսորը:

«Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը հուլիսին հաղթել էր նաև «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի  Ֆիպրեսի և Էկումենիկ մրցույթներում: Արամը կարևորում է այն հանգամանքը, որ ֆիլմին շնորհվող մրցանակների բնույթը տարբերվում է:

Արամ Շահբազյանը` «Կոմսոմոլեց» կինոթատրոնում, «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի դիտման ժամանակ / sakhalin.info

Սախալինում ռեժիսորը հասկացել է, որ Ռուսաստանում վարձույթի հանելու դեպքում ֆիլմը մեծ հաջողություն կունենա: Հայաստանի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ արտադրությունը կներկայացվի այլ կինոփառատոնների ևս: Ա. Շահբազյանը առանձնացնում է ԱՊՀ և Մերձբալթյան երկրների «Կինոշոկ» կինոփառատոնը: Այլ կինոփառատոններից մասնակցության հաստատում դեռևս չի ստացել:

Գլխավոր լուսանկարը` MK.ru-ից



[1] Այս մասին ավելի մանրամասն` Արամ Շահբազյանի հետ «Հետք»-ի հարցազրույցում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter