HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցիալական ծրագրով կառուցվող շենքերի շահառուները դիմել են ՀՀ նախագահին

Երևանի Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում սոցիալական ծրագրով կառուցվող շենքերի շահառուները դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի լրացված դրույթները բացառության կարգով տարածել նշված հասցեներում կառուցվող շենքերի շահառուների վրա: Ստորեւ՝ նամակի տեքստն անփոփոխ:

«ԵՊՀ շրջանավարտների միավորման» հոգաբարձուների խորհրդի նախագահ,

ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանին

 Մեծարգո պարոն նախագահ,

Մենք՝ ք. Երևան Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում կառուցվող շենքերի շահառուներս, ծանոթացել ենք «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացմանը, համաձայն որի՝ վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով վճարված) եկամտային հարկը հետ է վերադարձվում Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռք բերման նպատակով վարձու աշխատողի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստացված եւ փաստացի բնակարանի ձեռք բերմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:

Չափազանց ողջունում և գնահատում ենք նման օրենքի ընդունումը: Սակայն, միևնույն ժամանակ, կարծում ենք, որ դրա կարևորությունը հատկապես արդի է երիտասարդ ընտանիքների համար:

Մենք բոլորս գիտակցում և ընդունում ենք այն փաստը, որ հիպոթեքային վարկի մի մասը մենք ստացել ենք նախքան 2014թ. նոյեմբերի 1-ը (ավելի կոնկրետ՝ վարկային պայմանագրերի կնքումը սկսվել է 2014թ. փետրվար ամսից սկսած): Սակայն խնդրում ենք հաշվի առնել նաև այն հանգամանքը որ մինչ օրս մենք նույնիսկ ամբողջովին չենք ստացել վարկի գումարը: Վարկավորման վերջին փուլը բանկը կատարելու է բնակարանները շահառուներիս հանձնելիս, այն է՝ ըստ շինարարական կազմակերպության տվյալների՝ 2015թ. վերջում կամ 2016թ. սկզբին:

Քանի որ տվյալ ծրագիրը իրականացվում է Ձեր բարձր հովանու ներքո և կրում է սոցիալական բնույթ, իսկ տոկոսի վճարումը նորաստեղծ ընտանիքի համար ծանր ֆինանսական բեռ է՝ հաշվի առնելով նաև օրեցօր գրանցվող թանկացումները, հայցում ենք  Ձեր միջնորդությունը առ այն, որ վերոնշյալ օրենքի դրույթները բացառության կարգով տարածվեն նաև ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում կառուցվող շենքերի շահառուների վրա:

Հավատացնում ենք, որ այս հարցում Ձեր աջակցությունը բազմաթիվ երիտասարդ ընտանիքների համար չափազանց կարևոր է և մեծագույնս կնպաստի ամրապնդվելու մեր մայր հայրենիքում:

Ակնկալում ենք Ձեր աջակցությունը երիտասարդ ընտանիքներին:

 Հարգանքներով,

Ք. Երևան Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում կառուցվող շենքերի շահառուներ»:

Լուսանկարը՝ www.ysugu.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter