HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի անօրինական և օրինական աղբավայրերը. Գառնի-Գեղարդ

Գառնի-Գեղարդ. տուրիզմն սպասարկող ծառայություններին զուգահեռ ավելանում է չհսկվող եւ չարտոնագրված աղբավայրերի քանակը

Այն օրից, երբ որոշվեց, որ Կոտայքի մարզի Գառնիի ենթաշրջանի 6 գյուղեր՝ Գառնի, Գողթ, Գեղարդ, Հացավան, Գեղադիր եւ Ողջաբերդ, համատեղ աղբահանություն պետք է իրականացնեն, Գառնի գյուղի 4 հա տարածք զբաղեցնող աղբավայրն ընդհանուր դարձավ նշված գյուղերի համար: Կառավարությունը 2008 թ.-ի դեկտեմբերի18-ին, N 1575-Ն որոշմամբ այդ համայնքների ղեկավարներին պարտավորեցրեց աղբահանում իրականացնել Չարենցի կամարից մինչեւ Գեղարդ վանական համալիրն ընկած տարածքը: Նպատակը՝ Գառնի-Գեղարդ տուրիստական առաջնային երթուղին աղբից մաքրելն էր:

Աղբահանումը հնարավոր եղավ իրականացնել միայն 2010 թ· հունիս 1-ից, երբ Կառավարությունն աղբատար ավտոմեքենա տրամադրեց Գողթ համայնքին, որն էլ պետք է կազմակերպեր աղբահանումը: Մինչ այդ, հիշյալ գյուղերում աղբահանություն չէր իրականացվում եւ Ջրվեժից Գեղարդ ընկած ճանապարհահատվածի ողջ երկայնքով, ամենուր աղբակույտեր էին: Նշված գյուղերի ղեկավարները համայնքային բյուջեով աղբամաններ ձեռք բերեցին եւ տեղադրեցին Գառնի-Գեղարդ տուրիստական երթուղու  մայթեզրերին:

Կառավարության ցանկությունը՝ աղբից զերծ, մաքուր եւ բարեկարգ տեսնել Գառնի-Գեղարդ ավտոճանապարհը, լիովին չիրականացավ: Մայթեզրերին տեղադրված աղբամանները մշտապես ծանրաբեռնված են աղբով, որովհետեւ մեկ աղբատար մեքենան չի կարողանում սպասարկել ողջ տարածքը: Փաստ է, որ մի քանի հազար բնակիչ ունեցող գյուղերում մի քանի աղբաման տեղադրելով աղբահանության հարցը չէր լուծվելու: Եվ պետք չէ զարմանալ, որ հնարավոր չի եղել խուսափել նշված համայնքների տարածքներն աղբանոցի վերածելուց: Հիշյալ գյուղերի տարբեր վայրերում մարդիկ ինքնակամ աղբանոցներ են հիմնել, երբեմն 2, 3 եւ ավելի, ուր կուտակում են ե՛ւ կենցաղային, ե՛ւ շինարարական աղբը:

Ստորև ներկայացված քարտեզում ծանոթացեք Գառնիում, հարակից գյուղերում և Ազատի կիրճում մեր արձանագրած աղբանոցներին: Կուրսորը մոտեցնելով սև կետերին, կարող եք տեսնել տվյալ աղբանոցի լուսանկարը, իսկ սեղմելով կետերի վրա, կարող եք կարդալ աղբանոցի վերաբերյալ մանրամասներ: Ըստ սև կետի մեծության՝ նշված է աղբանոցի չափը:

Գառնիի ենթաշրջանում աղբահանում կազմակերպելու պարտավորությունը Գողթ համայնքինն է, իսկ մյուս համայնքները ծառայությունների մատուցման պայմանագիր են կնքել Գողթի համայնքապետարանի հետ: Գառնիի համայնքապետարանը, բացի դրանից, տրամադրել է նաեւ գյուղի աղբավայրը: Գողթ համայնքի ղեկավարի ասելով՝ այդ որոշումը համայնքների ղեկավարները միասին են կայացրել՝ աղբը կենտրոնացնել Գառնիի աղբավայրում, որպեսզի բոլոր գյուղերի տարածքներն աղբանոցի չվերածվեն:

Գառնիի աղբավայրը, որը գործընկերոջս բնութագրումով հավակնում է երկրորդը լինել Նուբարաշենի աղբավայրից հետո, գրեթե հասել է բնակելի տներին: Դժվար է ասել՝ տվյալ դեպքում պահպանվո՞ւմ է բնակելի շենքերից ոչ պակաս 500 մ հեռավորության վրա գտնվելու պահանջը: Նշված 6 գյուղերում տեղադրված աղբամանների պարունակությունն աղբատար մեքենան դատարկում է այստեղ: Գյուղերում աղբի տեսակավորում չի կատարվում· սննդի մնացորդներից, պլաստմասե եւ ապակյա տարաներից, կոշտ կենցաղային իրերից ու առարկաներից բացի աղբամաններն են լցնում անգամ սատկած կենդանիներ: Աղբավայրում նույնպես թափոնները պարզապես կուտակում են, այստեղ հայտնաբերվեցին նաեւ թափոններ, որոնք գոյանում են մորթիների դաբաղման հետեւանքով: Գառնիի համայնքապետի ասելով՝ տարեկան մեկ-երկու անգամ  աղբն այրում են, իսկ հետո  ծածկում հողով, որպեսզի տեղ բացվի շարունակ կուտակվող աղբի համար:

   

Կառավարության նպատակը համայնքներում աղբահանում կազմակերպելը չէր

Կառավարությունն աղբատար մեքենան տրամադրեց Գեղարդ վանական համալիրից մինչեւ Գառնիի տաճարի շրջակայքը մաքրելու համար: «Այս աղբատար մեքենան նախատեսված չէր գյուղերում աղբահանում կատարելու համար, բայց այդ էլ ենք հիմնականում ներառում: Գյուղերի մեջ չենք մտնում, հիմնականում կենտրոնական հատվածներում ենք աղբամանները տեղադրել եւ այդ հատվածից մաքրում ենք, բայց միեւնույնն է, մյուսներն էլ աղբը այլ տեղերում չեն թափում, բերում են աղբամաններում կամ դրանց շուրջն են կուտակում: Այն, որ տարածքն աղբից փրկեցինք՝ դա փաստ է»,- հայտնեց Գողթ համայնքի ղեկավար Արտավազդ Հակոբյանը:

Վերջին տարիներին ընդլայնվել է նաեւ զբոսաշրջային երթուղին· Գառնիի հեթանոսական տաճար այցելող զբոսաշրջիկների մի զգալի զանգված այցելում է նաեւ Ազատի կիրճ՝ Քարե սիֆոնիան տեսնելու: Գեղարդ գյուղն ամբողջությամբ ներառվել է զբոսաշրջային երթուղում, էկոտուրիզմի սիրահարներն այս գյուղի միջով են հասնում Աժդահակ լեռ, Դարբանդ եւ այլ տեսարժան վայրեր: Աղբահանման տարածքը նույնպես տարեցտարի ընդլայնվել է, Գառնիում ավելացել է նաեւ Գառնի բանավանը եւ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը: Սակայն անցնող 5 տարիների ընթացքում ոչ աղբ հավաքող տեխնիկան է ավելացել, ոչ էլ աղբամանների քանակը:

«Աղբահանումը դժվար, ծախսատար գործ է, իսկ մեր ունեցած գումարը քիչ է բավարար աղբահանում կատարելու համար: Մեքենան մեզ տվել են, բայց սպասարկման գումար չունենք: Իմ պատկերացումով՝ աղբահանման գումարը պետք է ըստ բնակավայրի՝ հավասարաչափ բաշխվի, բայց մյուս համայնքների ղեկավարները պատճառաբանում են, թե գումար չունեն, իրենց աղբամանների թիվը քիչ է, եւ մեզ տարեկան փոքր գումար են վճարում»,- ասում է Ա· Հակոբյանը:

Աղբահանության համար 6 գյուղերի հատկացրած գումարի հանրագումարը 8 մլն 650 հազար դրամ է կազմում, որը ներառված է Գողթ գյուղի տարեկան բյուջեում: Այդ գումարի հիմնական մասը հատկացնում է Գողթ համայնքը՝ 5 մլն 750,000 դրամ:  Ըստ Արտավազդ Հակոբյանի՝ Գեղարդ համայնքի ղեկավարը 50,000 դրամ է ուզում փոխանցել, ասելով, թե 100,000 դրամ տալու հնարավորություն չունի: Այդ գումարով հնարավոր չէ աղբահանում կատարել: Գառնիի փոխանցած գումարը դարձյալ քիչ է` իր տարածքի համեմատությամբ, բայց համայնքի ղեկավարն ասում է՝ թող մյուսներն էլ տան:

Garni-finance-ARM | Create infographics

Գառնի-Գեղարդ երթուղում գտնվող համայնքներն աղբի վճար չեն գանձում

Համայնքներում կանոնավոր աղբահանություն կազմակերպելը համայնքների ղեկավարների ուղղակի պարտավորությունն է եւ այն անհնար է իրականացնել առանց վարձավճարներ գանձելու: Գողթ համայնքի ղեկավարի ասելով՝ գյուղերն սպասարկելու համար երեք մեքենա է պետք: Ամենաերկար հատվածը Գեղարդից մինչեւ Գառնիի վարչական տարածքն ընկած հատվածն է, որտեղ աղբահանում իրականացնելու հենց առաջին տարին 67 աղբաման են տեղադրել: Գառնի գյուղում 30 աղբաման է տեղադրվել: Աղբամաններն ամեն օր ծանրաբեռնվում են ոչ միայն զբոսավայր այցելուների սննդային, այլեւ կոշտ կենցաղային աղբով, որն աղբամաններն են լցնում կենտրոնական ճանապարհին ավելի մոտ բնակվող գյուղացիները:

Սակայն, նշված 6 գյուղերում աղբահանման համար վարձավճարներ չեն գանձում անգամ այն դեպքում, երբ այն հաստատել են տարեկան վարձավճարների դրույքաչափերով:

Գառնի համայնքում ավագանին տարեկան վարձավճարների դրույքաչափերը սահմանելիս նաեւ կենցաղային աղբի աղբահանության վճարի դրույքաչափ է սահմանել՝

ա) ըստ հաշվառման անձանց քանակի` համայնքում անձնագրային հաշվառման կանոններով` ըստ հասցեի հաշվառումը ունեցող եւ բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական 50 դրամ:

բ) ոչ կենցաղային խոշոր եզրաչափի աղբի համար` ըստ ծավալի` 1խ/մ աղբի տեղափոխման համար` 2000 դրամ, ըստ զանգվածի 1 տոննա աղբի տեղափոխման համար` 5000դրամ:

Իրավաբանական անձանց համար ավագանին աղբի վճար չի սահմանել, մինչդեռ, ակնհայտ է, որ աղբամաններն արագ բեռնվում են հատկապես այն տեղերում, որտեղ խանութներն ու սննդի ծառայություն մատուցող ընկերություններն են գտնվում:

«Բնակչությունից աղբի համար գումար չենք գանձում, պայմանագրեր ենք կազմել, մի երկու անգամ փորձել ենք, բայց դեռ չեն ընտելանում այդ մտքին»,- ասում է Գողթ համայնքի ղեկավարը:

Տուրիզմը նպաստել է նշված համայնքներում փոքր, միջին, նաեւ խոշոր բիզնեսի կայացմանը: Ողջաբերդ գյուղից սկսած մինչեւ Գեղարդ վանական համալիր, հատկապես Գողթ գյուղի ողջ երկայնքով, հանգստյան գոտիներ են հիմնվել, որոնք սպասարկման ծառայություններ են մատուցում զբոսաշրջիկներին: Գյուղերում նաեւ արտադրական ձեռնարկություններ կան, խանութներ, որոնք մեծ քանակի կենցաղային աղբ արտադրողներ են եւ օգտվում են ճանապարհի եզրերին տեղադրված աղբամաններից: Սակայն, ոչ ֆիզիկական եւ ոչ էլ իրավաբանական անձանցից համայնքապետարաններն աղբահանման գումարներ չեն գանձում:

Գառնիի համայնքապետարանն իր ենթակայությամբ «Գառնի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առեւտրային («Գառնի ԿՏ» ՀՈԱԿ) կազմակերպություն է հիմնել, սակայն աղբահանումը նույնպես պատվիրակել է Գողթ համայնքին: Համայնքապետարանները բյուջեից աղբահանման համար գումար հատկացնելու իրավասություն չունեն, այն վճարովի ծառայություն է եւ կարող է զարգանալ միայն վարձավճարները պատշաճ մակարդակով հավաքագրելու դեպքում: Ուստի, ե՛ւ Գառնիի համայնքապետարանը եւ այս միավորման մեջ ընդգրկված մյուս համայնքները Գողթ համայնքի հետ կնքած պայմանագրում առաջին հերթին շեշտել են «փողոցների սանիտարական մաքրման, կենցաղային աղբի հեռացման, անձրեւաջրատար առուների եւ ձյան ծածկույթի մաքրման ծառայությունների» մատուցում: Բնականաբար, միայն մեկ աղբատար մեքենա ունեցող համայնքապետարանը սանիտարական մաքրում չի կարող իրականացնել:

Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանն ասում է, որ եթե աղբահանում իրականացվի ողջ գյուղի տարածքում՝ կարող են գումար հավաքագրել, սակայն դրա համար աղբահավաք տեխնիկա է պետք, որը չունեն: Անցյալ տարի աղբի վարձավճար գանձել են միայն Գառնի բանավանի բազմաբնակարան շենքերի բնակիչներից, բայց նրանք տեղեկանալով, որ Գառնի գյուղում աղբահանության գումար չեն գանձում, այս տարի հրաժարվել են վճարել:

Աղբահանում իրականացվում է միայն գյուղի կենտրոնական հատվածում, սակայն Ա· Վարդանյանի ասելով՝ ամբողջ գյուղն օգտվում է այդ աղբամաններից, հիմա այլ տարածքներում չեն լցնում: Միաժամանակ շեշտում է· «Այս աղբամանները զբոսաշրջիկների համար է»:

Ընդունում է նաեւ, որ Ազատի կիրճում ահավոր հակասանիտարական վիճակ է, սակայն այստեղ հարցը թողնված է հանգստացողների բարեկրթությանը, որի հետեւանքով նրանցից հետո Ազատ գետն ու նրա շրջակայքը «հարստացվում են» սննդի մնացորդներով, պլաստիկ տարաներով, պոլիէթիլենի տոպրակներով եւ այլն: «Գառնիի ձորում ընդամենը 2 կմ հատվածն է սեփականություն եւ օբյեկտի տերը մաքրում է այդ հատվածը, բայց 12 կմ չեն կարող մաքրել, մնացած հատվածն անվերահսկելի է, մի մասն էլ տոպրակներով աղբը հավաքում եւ բերում է գյուղի աղբամաններում լցնում»,- ասում է նա:

Ըստ էության, 6 համայնքները միասին միջհահամայնքային միավորում են ձեւավորել, սակայն այն չի զարգացել, որովհետեւ աղբահանման գումար չի հավաքագրվել բնակչությունից եւ իրավաբանական անձանցից, հետեւաբար տեխնիկա եւ գույք ձեռք բերելու հնարավորություն չի եղել: Աղբահանության վատ կառավարման մեկ այլ պատճառ է համայնքի ամբողջ տարածքում աղբահանում չիրականացնելը ՝ չնայած դա համանքի ղեկավարի պարտավորությունն է:

Պատրաստեցին՝ 
Սառա Պետրոսյանը
Անի Հովհաննիսյանը
Նարեկ Ալեքսանյանը

Մեկնաբանություններ (2)

GB
Shame on those fat belly corrupted governors, who don't care, for beautiful Armenian lands! They have the power to impose on people, and force them to obey waste management programs, like anywhere else in our civilized world, and fine those who dump their unwanted garbage wherever they want!
Josef
What about burn out this garbage? I don t know but when I was in Armenia it s for european people terrible to see beautiful country with such bad points.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter