HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզում շահագործման է հանձնվել հանրապետության ամենախոշոր սպանդանոցը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզի Մասիս համայնքում մասնակցել է հայ-իրանական համատեղ «Ոսկե կացին» ընկերության հիմնադրած սպանդանոցի բացման արարողությանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մոհամմադ Ռեիսին, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և այլ պաշտոնատար անձինք:

Սպանդանոցը զբաղեցնում է 2400 քմ տարածք և ունի բոլոր անհրաժեշտ սառնարանային սարքավորումները մսի պահպանությունը իրականացնելու համար: Այն մեկ հերթափոխում կարող է մորթի ենթարկել 1000 գլուխ մանր եղջերավոր և մինչև 200 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ:

   Ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է սպանդանոցի կառուցման կարևորությունը Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացման համար:

«Այսօր շահագործման հանձնվեց հանարապետությունում ամենախոշոր սպանդանոցը, որի շահագործմամբ հնարավոր կդառնա մեծացնել դեպի հարևան երկիր հատկապես ոչխարի մսի արտահանման ծավալները, ինչը կնպաստի մեր երկրում անասնապահության ոլորտի զարգացմանը», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը նաև հավելել է, որ սպանդանոցում մորթն իրականացվելու է մուսուլմանական «հալալ» կանոնների համաձայն, ինչը մեծապես կնպաստի դեպի մուսուլմանական երկրներ ոչխարի մսի արտահանման խնդրի լուծմանը:

Նախարարն իր խոսքում  կարևորել է նաև խելամիտ գնի սահմանման անհրաժեշտությունը, որը երկուստեք շահավետ կլինի։

Ընկերության համասեփականատեր Արմոնդ Հախվերդյանը նշել է, որ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի նաև աշխատանքային մեկ հերթափոխում մինչև 200 գլուխ խոշոր  եղջերավոր անասունների մորթը կազմակերպելու հնարավորություն ունեցող հոսքագիծը:

Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին իր ելույթում ընդգծել է, որ հայկական մսամթերքն իր համային բարձր հատկանիշների շնորհիվ իրանական շուկայում ունի մեծ պահանջարկ, և սպանդանոցի բացումը թույլ կտա Հայաստանից արտահանել որակյալ  մսամթերք: Դեսպանը չի բացառել, որ հետագայում Հայաստանի այլ մարզերում հնարավոր է հիմնվեն նույն եղանակով մորթ իրականացնող այլ սպանդանոցներ: 

Մինչ այժմ Մասիսի սպանդանոցում փորձնական մորթի են ենթարկվել հանրապետության տարբեր մարզերից, առավելապես Սյունիքից ներկրված ավելի քան 700 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter