ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

ԴԱՀԿ ծառայությունը յուրացրել է քաղաքացու գումարը եւ չի կատարում կատարողական թերթի պահանջը



Երեւան քաղաքի բնակիչ Կորյուն Բունիաթյանը մասնակցել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) էլեկտրոնային աճուրդին եւ գնել աճուրդի դրված բնակարանը: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի տվյալներով` Կորյուն Բունիաթյանը հաղթող է ճանաչվել եւ նույն օրը լոտի գնման գինն ամբողջությամբ՝ 7 մլն 896,245 դրամ փոխանցել է ԴԱՀԿ ծառայության հաշվեհամարին։ Այնուհետեւ զանգահարել է նշված բաժնի հարկադիր կատարող Ֆ. Պողոսյանին՝ աճուրդի արձանագրությունը ստորագրելու համար, սակայն վերջինս հայտնել է, թե տեխնիկական պատճառներով այդ պահին հնարավոր չէ արձանագրությունը ստորագրել։

Այնուհետեւ հայցվորը գրավոր է դիմել ծառայությանը` արձանագրությունները պատրաստ լինելուն պես իրեն ստորագրության տրամադրելու պահանջով։ Սակայն, արձանագրությունը ստորագրության տրամադրելու եւ պայմանագիր կնքելու փոխարեն աճուրդն անցկացնելու օրից 10 օր անց` 28.02.2013թ·, ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորքի բաժնի պետը գրավոր տեղեկացրել է, որ 19.02.2013թ· կայացած էլեկտրոնային աճուրդը չկայացած է հայտարարվել եւ կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ է նշանակվել։ Նույն գրությունով նաեւ Կ. Բունիաթյանին առաջարկել է` «... ամեն աշխատանքային օր 09։00-18։00 անձնագրով ներկայանալ ԴԱՀԿ ծառայություն` վճարված գումարը ստանալու համար»։

Կորյուն Բունիաթյանին ԴԱՀԿ ծառայությունը վերադարձրել է գումարի մի մասը՝ պահելով որպես նախավճար փոխանցված լոտի արժեքի 5%-ը` 412.960 դրամը։ Հետագայում փաստաբանի հարցմանը պատասխանելով՝ ԴԱՀԿ ծառայության համապատասխան բաժնի պետը հայտնել է. «...հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին արձանագրությունը հաղթող մասնակցի կողմից չի ստորագրվել, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած հայտարարելու եւ կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ նշանակելու մասին»։

Տեսնելով, որ ԴԱՀԿ ծառայությունը խաբեությամբ չի ցանկանում իրեն վերադարձնել նախավճարը՝  իբրեւ թե ինքն է հրաժարվել աճուրդի արձանագրությունը ստորագրելուց եւ այդ պատճառով է կորցրել այն, Կ. Բունիաթյանը վարչական կարգով բողոք է ներկայացրել Գլխավոր հարկադիր կատարողին: Կ. Բունիաթյանի փաստաբան Լուսինե Բակումյանի ասելով՝ ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորքի բաժնի պետը մերժել է բողոքը առանց որեւէ հիմնավորման, առանց քննության առնելու։

Կ. Բունիաթյանը ԴԱՀԿ ծառայության դեմ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան` խնդրելով պարտավորեցնել արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը` վերադարձնել նախավճարի` 412.960 դրամի կրկնապատիկը` 825.920 դրամի չափով, քանի որ ԴԱՀԿ ծառայությունն է հրաժարվել աճուրդում հաղթողի հետ պայմանագիր կնքելուց։

Նրա հայցը բավարարվել է: Դատարանը եզրահանգել է, որ տվյալ դեպքում աճուրդը չկայացած հայտարարելու համար որեւէ հիմք առկա չէր, քանի որ
ա/ գնորդ Կ. Բունիաթյանը ներկայացել է աճուրդին,

բ/ կատարվել է աճուրդի ընթացքում վաճառվող գույքի մեկնարկային գնի հավելում, եւ գնորդ Կ. Բունիաթյանը ճանաչվել է հաղթող,

գ/ աճուրդում հաղթող անձը նույն օրը մուծել է գնման գինը։

«Գործի փաստերը վկայում են այն մասին, որ 2013թ. փետրվարի 19-ին նշանակված էլեկտրոնային աճուրդը կայացել է եւ դրանում սահմանված կարգով հաղթող է ճանաչվել հայցվոր Կորյուն Բունիաթյանը: Հարկադիր կատարողը պարտավոր էր լոտի գնման գինը վճարվելուց հետո, եռօրյա ժամկետում Կորյուն Բունիաթյանի կամ նրա ներկայացուցչի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր»,- ասվում է վճռում:

Եթե հարկադիր կատարողը չի ստորագրում արձանագրությունը, ապա աճուրդում հաղթած մասնակցին երեք բանկային օրվա ընթացքում վերադարձվում է նախավճարի կրկնապատիկը, ինչպես նաեւ հատուցվում են աճուրդին մասնակցելու հետեւանքով նրա կրած վնասները։

Գործը քննող դատավոր Արթուր Ծատուրյանը հայցվորի մյուս` առուվաճառքի պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջին չի անդրադարձել, որովհետեւ ԴԱՀԿ ծառայությունը կրկնաճուրդով արդեն վաճառել էր բնակարանը այլ անձի։

Դատավորը կատարողական թերթ է տրամադրել հայցվորին ԴԱՀԿ ծառայություն ներկայացնելու համար, որպեսզի ԴԱՀԿ ծառայությունը պարտավորվի Կ. Բունիաթյանին վճարել դատարանի վճռով բավարարված նախավճարի կրկնապատիկը՝ 825.920 դրամը:  Կատարողական թերթը 03.12.2014թ. ներկայացվել է ԴԱՀԿ ծառայություն, անցել է ավելի քան 9 ամիս, սակայն ԴԱՀԿ ծառայությունը չի կատարում կատարողական թերթի պահանջը:

«Կատարողական գործողությունների իրականացման համար երկամսյա ժամկետ է սահմանվում, սակայն այս դեպքում գումարի սովորական բռնագանձման վերաբերյալ կատարողական թերթն արդեն 9 ամիս ԴԱՀԿ ծառայությունում է եւ չի կատարվում»,- նշում է փաստաբան Լուսինե Բակումյանը: Անպատասխան է մնացել նաեւ նրա 16.03.2015թ. ԴԱՀԿ ծառայությանը հասցեագրված դիմումը, որով խնդրել է պարզաբանել կատարողական վարույթի ընթացքը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Aram15:09 - 7 սեպտեմբերի, 2015
"Toon Ari" to a widespread discusting corruption and inept administrators
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ