HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ կտա Հայաստանին գենդերային հավասարությունը

Արման Ղարիբյան

Հայաստանում գենդերային հավասարության խնդրի շուրջ քննարկումներն ու բանավեճերն առավել ակտիվացան հատկապես 2013 թվականից, երբ իշխանությունները պետք է արտաքին քաղաքականության վերաբերյալ կարեւոր որոշում կայացնեին՝ գնալ եվրաինտեգրման ճանապարհով, թե առավել սերտացնել կապերը Ռուսաստանի հետ: Այդ շրջանում ի հայտ եկավ այն միտումը, երբ Եվրոպային ուղղակիորեն կամ անուղղակիորեն քննադատելու նպատակով շահարկվում էր գենդերային հավասարության հարցը:

Արդյունքում հասարակության առավել լայն զանգվածները բացասական վերաբերմունք դրսեւորեցին ոչ միայն սեռերի հավասարության հասկացության, այլեւ «գենդեր» եզրույթի նկատմամբ առհասարակ: Մինչդեռ մի շարք տեղական եւ միջազգային կազմակերպություններ տարիներ շարունակ փորձում են հայ հասարակության համար ընկալելի դարձնել, թե ինչ է գենդերային հավասարությունն ու ինչպիսի ազդեցություն այն կարող է ունենալ պետության եւ յուրաքանչյուր քաղաքացու վրա:

Պետության վրա գենդերային հավասարության ազդեցության մասին պատկերացում կազմելու համար կարելի է ընդամենը համեմատել գենդերային հավասարության ամենաբարձր ցուցանիշ արձանագրած երկրները ամենացածր ցուցանիշ ունեցողների հետ:

 Նախորդ տարի հրապարակված Գլոբալ գենդերային հավասարության զեկույցի համաձայն գենդերային հավասարության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են սկանդինավյան երկրներում՝ Իսլանդիա, Նորվեգիա եւ Ֆինլանդիա, իսկ ամենացածր ցուցանիշ արձանագրած երկրներն են Չադը, Պաղեստինն ու Եմենը:

Այժմ դիտարկենք այս վեց երկրների ցուցանիշները համաշխարհային տարբեր ցուցանիշային ինդեքսներում: 2006 թվականին հրապարակված Կյանքի բավարարվածության ինդեքսում գենդերային հավասարության բարձր ցուցանիշներ արձանագրած երկրները անհամեմատ ավելի բարձր հորիզոնականներում էին, քան Չադը, Պաղեստինն ու Եմենը: 

Նշենք, որ կյանքի բավարարվածության ինդեքսը կազմվել է հաշվի առնելով երեք կարեւոր հանգամանքներ. բնակչության առողջական եւ սոցիալական կարգավիճակը, ինչպես նաեւ կրթության մատչելիությունը:

Իսլանդիայի, Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի բնակչությունը ոչ միայն բավարարված է, այլեւ աշխարհի ամենաերջանիկներից է համարվում:

Աշխարհի երջանկության զեկույցը կազմվում է  քաղաքացիներին պետության կողմից տրվող սոցիալական աջակցության, կյանքի տեւողության եւ սեփական կյանքի վերաբերյալ ընտրություն կատարելու ազատության ցուցանիշների հիման վրա:

Գենդերային հավասարություն չպահպանող պետությունները ծայրահեղ ցածր ցուցանիշներ են արձանագրել նաեւ մարդկային զարգացման ինդեքսում:

Այս զեկույցի հիմքում մարդկանց կրթվածության մակարդակն ու աշխատավարձերն են: Գենդերային հավասարություն հաստատած երկրների քաղաքացիները անհամեմատ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, այստեղ առաջատարը Նորվեգիան է:

Սոցիալական առաջադիմության ինդեքսում եւս սկանդինավյան երկրները բարձր հորիզոնականներում են:

Այս ինդեքսը մատնանշում է, թե պետությունները որքանով են բավարարում իրենց քաղաքացիների սոցիալական կարիքները:

Ինչ վերաբերում է տնտեսական ազատության ինդեքսին, ապա այստեղ գենդերային հավասարության բարձր ցուցանիշներ արձանագրած երկրները առաջին տասնյակում չեն, սակայն դարձյալ Պաղեստինի, Եմենի եւ Չադի հետ հետ համեմատության մեջ ակնհայտորեն առավել լավ արդյունք են գրանցել:

Իսկ ժողովրդավարության ինդեքսում Նորվեգիան, Իսլանդիան եւ Ֆինլանդիան զբաղեցնում են լավագույն հորիզոնականները, իսկ օրինակը Չադը վերջից երրորդն է (ինդեքսում ընդամենը 167 երկիր է ներառված):

Նմանատիպ պատկեր է ստացվել նաեւ Մամուլի ազատության ինդեքսում: Այստեղ եւս սկանդինավյան երկրները լավագույնն են:

Նախորդ տարի կազմվել է նաեւ «Լավ երկրների ինդեքսը», համաձայն որի լավ երկիր են համարվում նրանք, որոնք իրենց վարած քաղաքականությամբ նպաստել են համայն մարդկության եւ երկիր մոլորակի զարգացմանը: Եմենն ու Չադը այստեղ եւս վերջին հորիզոնականներում են:

Գուցե հարց առաջանա, թե բոլոր այս ցուցանիշները ինչ կապ ունեն գենդերային հավասարության հետ: Պատասխանը կարող եք գտնել ինքներդ՝ դիտելով վերոնշյալ վեց պետությունների ազգային խորհրդարաններում կանանց ներգրավվածության ցուցանիշները:

Այն երկրները, որտեղ որոշումներ կայացման գործընթացներում գրեթե համաչափորեն ներգրավված են եւ կանայք, եւ տղամարդիկ, բարձր հորիզոնականներ են զբաղեցնում միջազգային կարեւորագույն ինդեքսներում: Կանայք տղամարդկանց հետ միասին վարում են այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում հարգվում են քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, այս երկրների բնակչությունը սոցիալապես ապահովված, երջանիկ  ու բավարարված է:

Այն որ գենդերային հավասարությունը դրական ազդեցություն է ունենում պետության զարգացման եւ քաղաքացիների առաջխաղացման համար, փաստում են նաեւ մի շարք հետազոտություններ: «Գլոբալ իրավունքներ կանանց համար»  (ԱՄՆ) կազմակերպության գործադիր տնօրեն Շերիլ Թոմասը մեզ հետ զրույցում նշեց, որ վաղուց ժամանակն է գիտացելու, որ կանանց իրավունքների պաշտանությունը զուտ կանանց չի վերաբերում:

«Երբ հարգվում են երկու սեռերի իրավունքները, դրանից շահում են բոլորը: Եվ տղամարդիկ եւս պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի երկրում գործի իրական գենդեարային հավասարություն»:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանի համար մեծ շռայլություն է երկրի մարդկային ռեսուրսները վատնելը. «Խոչընդոտելով կանանց՝ դուք կորցնում եք ձեր ռեսուրսների կեսից ավելին, վաղուց ապացուցված է, որ կնոջ ֆինանսական կայունությունից շահում է ոչ միայն նա, այլեւ ամբողջ ընտանիքը: Այդ դեպքում ինչո՞ւ խոչընդոտել նրանց աշխատել, հաջողված կարիերա ունենա, ներգրավվել որոշումներ կայացնելու գործընթացներում»,- հռետորական հարց է հնչեցնում Շերիլ Թոմասը:  

Փորձագետը եւս հաստատում է, որ գենդերային հավասարության ձգտող երկրներում կյանքի որակն առավել բարձր է, քան այն երկրներում, որտեղ կանանց իրավունքները ստորադասված են: «Սա հաստատված փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել»:

Անկախ նրանից, թե ով եւ հանուն ինչ նպատակների կշահարկի գենդերային հավասարության հարցը, Հայաստան պետությունն ու Հայաստանի քաղաքացիները պետք է որոշեն, թե որ երկրների կողքին են ցանկանում լինել՝ առաջատարների, թե պարտվողների:

առաջին լուսանկարը` oecd.org

Մեկնաբանություններ (5)

Սուրեն Աբրահամյան
Մնաց Դանիա-Հայաստան խաղն էլ կապեք գենդերի հետ ու ասեք արդյունքը: Եվրոպական երկրները հասել են նման արդյունքի ընդհանուր զարգացման շնորհիվ. դա լինի կրթության, գիտության, առողջապահության, սոցիալական և այլն .....ոչ թե գենդերի: Անհարմար է, Հետքին չի սազում նման անորակ մակարդակի նյութ տրամադրել ընթերցողին
Վահան
Ներկայում գործող օրենքներից, ո՞ր օրենքն է որով սահմանափակվում, կամ խոչնդոտվում են կնոջ իրավունքները որ ցանկանում եք փոփոխել այն: Գոնե ձեզ համար պարզեք: Թէ չէ, ցանկացած քիչ թէ շատ տրամաբանություն ունեցող մարդուն էլ պարզ է, որ գենդեռի անվան տակ պիտի պղձություն տարածող օրենքներ հաստատվեն: Նույնասեռ ամուսնություններ ու նման ախտեր: Իսկ զարգացած երկրները էդ օրենքով չէ, որ զարգացել են: Էնտեղ օրինակ սկյուռիկներ շատ կան: Ինչու՞ չեք ենթադրում որ նրանց զարգացվածությունը գալիս է սկյուռիկների առկայությունից: Փործեք հիմա էլ սկյուռներ գովերգել ու հայաստան ներկրել:
mho
Որքան գիտեմ ՀՀ - ում կինը եւ տղամարդը սկզբունքորեն հավասար են պետական ու հասարակական գործերին մասնակցելու առումով: Ուրեմն ի՜նչ գենդերի մասին է խոսքը: Եթե մեկը ինքն իրեն այլ բան է համարում բնության տվածի փոխարեն, ապա թող սուս ու փուս համարի իր համար, կամ նրա հետ ով այդպես է ցանկանում: Ի՜նչ իմաստ ունի այդ ամենը ամրագրել պետական ֆորմալ մակարդակով: Եթե այդպիսի պահանջ է դրվում, ապա հետագայում բնականորեն կդրվի նաեւ ածանցյալ պահանջները: Գենդերային տարատեսակները ֆորմալ ձեւով ֆիքսելուց հետո, միանգամայն բնական կդիտվի, օրինակ, պարլամենտի կամ կառավարության համամապատասխան կառուցվացքի պահանջը՝ ասենք, 20% տրադիցիոն, 20% արական ակտիվներ, 20% - պասսիվ, 20 - 20 էլ իգական տեսակներ, կամ ի՜նչ իմանաս, էլ ինչ նոր տեսակներ կարող են բուծվել ժամանակի հետ: Ուրեմն էթիկայի հանձնաժողովի նման մի լուրջ սերտիֆիկացիոն հանձնաժողովի կարիք էլ կառաջանա, որ ստուգեն հայտարարագրված տեսակն այդպիսին է, թե կեղծիք է կատարվում՝ տեղերի ու ձայների հետ կապված ... աչքներս բացենք մի խոսքով:
Armo
anonymus, եթե նույնիսկ չեփված հավի տրամաբանություն մարդն ունենա ապա կհասկանա որ 70 կին պատգամավորի առկայության պայմաններում (խոսքս կանանց մասին է, հերմինենաղդալյանների կամ շուշանպետրոսյանների հետ չշփոթել խնդրում եմ) ապա՝ այո կառավարման որակը գոնե կրկնակի անգամ կլավանա: Իսկ ինչ մնում է քեզ ամենամեծ տանջող հարցին, ապա ինցեստների ամենամեծ տոկոսը աշխահում դա իսլամական երկրներում է: Հույսով սա քեզ կօգնի, որ ծիծաղդ զսպես ու լուրջ խորհես:
Դանիել
anonymus, Նախ, ի տարբերություն էստեղ բերած փաստերի, դու չես հիմնավորում քո ասածը, էնպես որ ես լրիվ հիմքերն ունեմ Հետք-ին ավելի շատ վստահելու, քան թե քեզ: Բացի այդ, եթե նույնիսկ հավատանք, որ սկանդինավյան երկրներում ինցեստը շատ ա, ուրեմն միայն հանուն էդ ինցեստից զերծ մնալու համար, պիտի մեզ զրկենք բոլոր զարգացման հնարավարություններից? Օրինակ, խոսքի ազատություն չունենանք, միայն թե ինցեստ չսկսվի մեր մեջ? այ քեզ տրամաբանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter