Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ուր են հասցնում երկրից դուրս տանող ճանապարհները – 2



Առավոտյան երկինքը բաց էր, կլանող... Լիլիի տղայի հետ ծանոթացա, ով մի կերպ բլբլում էր հայերեն, ամենասիրելի արտահայտությունն էլ «հայկական կոնյակն» էր. շատ էր լսել մեծերից: Նա «հայկական» էր անվանում այն ամենն, ինչ ինքը սիրում էր' հայկական մուլտիկ, հայկական փլավ, հայկական հյութ, հայկական վինա (մեքենա)...

Երեքով այցելեցինք քաղաքի տեսարժան վայրերը, վերադարձանք տուն: Լիլիի ամուսինը' Արտյոմը, ծանր տոպրակներով տուն եկավ, դատարկեց դրանք սառնարանում ու հարցրեց.

- Էլի բան պե՞տք է:

- Չէ,- պատասխանեց Լիլին ու սկսեց ճաշ պատրաստել, երեխային կերակրել, սպասքը լվանալ ու էլի մի քանի գործեր: Հիշեցի, որ մենք ոչինչ եփել չէինք կարողանում, երբ միասին էինք ապրում: Ուտում էինք արհեստական ապուրներ, խաշած կարտոֆիլ ու թթու: Իսկ երբ մի անգամ մեծ պատասխանատվությամբ տոլմա պատրաստեցինք, ուտելուց հետո միայն հասկացանք, որ աղը մոռացել էինք:

Հիմա Լիլին շատ համեղ էր պատրաստում ու հմուտ: Երբ այս մասին ասացի իրեն, տխրեց.

- Ժամանակից շուտ սկսեցի լավ ճաշ եփել... Սա էլ ա պետք, բայց շատ շուտ էր, Ան... Գիտե՞ս' ինչքան եմ երազում էլի նենց գիժ լինել, նենց էրեխա՝ ոչինչ չհասկացող: Էն ժամանակ նույնիսկ ինքնաթիռ նստած չկայի, իսկ հիմա... Հիմա երազում եմ, որ չնստեի... Շուտ նստեցի:

Փորձեցի ինչ-որ կերպ հուսադրել ընկերուհուս:

- Չէ, դու էլ տեսնում ես, որ ամեն ինչ վատ չի. նույնիսկ շատերը կասեին՝ շատ լավ ա, բայց չես պատկերացնի՝ ինչքան դժվարությունների միջով անցա: Մեզ ասել էին, որ Մոսկվայով էստեղ գալու դեպքում ավելի էժան կլինեն վիզա սարքելու գործերը: Բայց հետո խաբեցին, ուշացրին, ու Մոսկվայում ծախսեցինք բոլոր փողերը: Հասանք Շվեդիա՝ մի քանի եվրոյով միայն: Դու էլ գիտես, որ էստեղ դա ոչինչ ա: Ուտելիք չունեինք, ես էլ՝ հղի: Եկանք էս կողքի քաղաքի ճամբարում հանձնվեցինք: Բանտի կյանք էր' չնայած մեզ առանձին սենյակ էին տվել: Մի քանի օր ինչ տեսակ ազգի հետ ասես չապրեցինք՝ աֆրիկացիների, ուզբեկների, ադրբեջանցիների... Ում վրայից ինչ հոտ ասես չէր գալիս: Ամեն անգամ հաց ուտելուց հետո փսխում էի: Երբ մեզ տուն տվեցին, նույն տանն ապրում էին նաեւ չորս արաբ ընտանիքներ: Էս առումով բախտս բերեց, որովհետեւ մի արաբ մեծ կին կար, ահագին օգնեց ինձ: Ծննդաբերությանս ժամանակն էր, բայց չգիտեի՝ ոնց ա դա լինում: Ցավեր ունեի, բայց կարծում էի՝ նորմալ ա... Էդ կնոջն ասեցի՝ ցավեր ունեմ, ասեց՝ դու արդեն ծննդաբերում ես... Ու էդպես էլ կար, մի կերպ հասանք հիվանդանոց: Երեւի էդքան սթրեսներից ինչ-որ բարդություններ ունեցա: Միշտ մտածել էի, որ եթե կյանքումս մի օր ծննդաբերեմ, գոնե մամաս կողքիս կլինի... Ինձ հետ ինչ-որ բան էր կատարվում, որ չէի հասկանում, իսկ շուրջս լիքը օտար դեմքեր էին...

Հետո, երբ արդեն էրեխու հետ տուն եկանք, էդ արաբ կինն ա բացատրել, թե ոնց պիտի լողացնեմ իմ երեխային: Մի քանի ամիս վախենում էի. ինքն էր լողացնում, բայց երբ մի քիչ մեծացավ, սկսեցի ես լողացնել: Ո՞վ կմտածեր, որ մի օր երեխա կունենամ ու մամայիս փոխարեն արաբ կնոջ օգնությամբ կմեծացնեմ նրան... Փախստականի իմ կյանքը երկու շրջանի ա բաժանվում՝ երեխայից առաջ ու հետո: Առաջ անչափ շատ էի կարոտում, մամայիս կարոտից ժամերով լացում էի, Արտյոմին ասում՝ կարոտել եմ մեր տունը, արի հետ գնանք: Ինքն էլ ասում էր, որ էս ամենը ժամանակավոր ա, ու էդպես էլ կար: Երբ արդեն երեխաս ծնվեց, մեր տունը, մամաս ու կարոտս բթացան... Հիմա դու հարցնում ես՝ շա՞տ ես կարոտում: Գիտես' ես չե՞մ կարոտում, ուղղակի ամեն ինչ բթացել է, խորքում պահվել: Ու նույնիսկ ուղեղս ա բթացել, չե՞ս զգում, անորոշ սպասում եմ ինչ-որ բանի... Հասկանո՞ւմ ես, որ գոնե իմանայի՝ մեզ թուղթ կտային, ինձ արդեն էստեղի բնակիչ կզգայի, բայց արդեն 3 անգամ մերժել են, դատարանում էլ են մերժել: Էն ժամանակ, երբ նոր եկանք, չգիտեինք ոչինչ: Լեւոնի միտինգներն էին ամենաարդիական թեման, մենք էլ տեղեկացված էինք, էդպես հանձնվեցինք, բայց եթե հիմիկվա պես մտածեինք, արդեն շուտվանից թուղթ էլ, քաղաքացիություն էլ կունենայինք: Էստեղ եկող հայերն ինչ ասես՝ չեն հորինում թուղթ ստանալու համար, որ նույնիսկ մտքովդ չի անցնի... Գժի դեր են խաղում՝ էրեխեքին ձեռքներից վերցնում են, հետո, երբ թուղթ են ստանում, հետ վերցնում էրեխեքին: Մարդ մնում ա զարմացած, թե ինչերի են դիմում...

Լիլին այս ամենը պատմում էր ահաբեկված: Պարզորոշ տեսնում էի, որ ուզում է փախչել, չտեսնել, չլսել... Բայց եւ արդեն սովոր էր նման պատմություններ լսել, քանի որ ամեն մեկը, ով թուղթ էր ստանում, պատմում էր, թե ինչ է ասել «ինտերվյուի» ժամանակ՝ համարելով, որ դա օգտակար ինֆորմացիա է մնացած հայերի համար...

Այդպիսի «օգտակար» պատմություններից էր Վազգենի դեպքը: Նա հանձնվել էր Շվեդիայի միգրացիոն ծառայություն, ճամբարում ծանոթացել էր ադրբեջանցի Նորայի հետ եւ միասին որոշել էին միմյանց «օգտակար» լինել: Միգրացիոն ծառայությանն ասել էին, թե սիրում են իրար, եւ իրենց ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չի ընդունում: Բնակարան էին ստացել, որոշ ժամանակ ապրել միասին եւ իրապես սիրահարվել միմյանց... Վազգենի ընտանիքը նույնիսկ չգիտի այդ մասին: «Ամուսնանալ էլ չեն կարող. վախենում են»,- ասաց ընկերուհիս: Հանձնվող, հանձնված, թուղթ ստացած, չստացած բոլոր հայերը սիրում էին Նորային: Մանավանդ, որ նա արդեն հայերեն էր խոսում, հայկական ուտելիքներ պատրաստում, հյուրեր ընդունում...

Թուղթ չունեցող հայերն աշխատել չէին կարող, իսկ ունեցողները չէին ուզում: Նրանց հիմնական զբաղմունքն արաբներից ու աֆրիկացիներից գողացված ապրանք առնելն ու Հայաստանում վերավաճառելն էր: Այդ ճանապարհով «փակում էին Հայաստանի պարտքերը»: Որոշ հայեր էլ հաճախ հպարտանում էին դրանով, նրանցից մեկն ասաց. «Գիտե՞ս, ես ամսեկան ինչքան գումար եմ ուղարկում Հայաստանի Հանրապետություն, որ էնտեղ դրա կեսն աշխատել չէի կարողանա, եթե նույնիսկ 24 ժամ չարչարվեի»:

Մի անգամ էլ, երբ փորձեցի «կոչ անել»՝ վերադառնալ Հայաստան, Լիլիի ամուսինն ասաց. «Ինչո՞ւ պիտի վերադառնամ, Անի: Թվում ա, թե ես անարժանապատիվ կյա՞նք եմ ընտրել: Չէ, իրականում ես արժանապատիվ կյանք ունենալու համար եմ հասել էստեղ: Ես էստեղ, այո, հարգում եմ բոլոր օրենքները, մեքենայով որեւէ խախտում չեմ անում, որովհետեւ էս պետությունն էլ իմ չեղած իրավունքներն է հարգում: Հայաստանը վեր է ածվել իրենցից բան չներկայացնող գողերի լավ զգալու տեղի: Նորմալ, ճիշտ տղան Երեւանի փողոցներով քայլելիս հազար անգամ կռվի մեջ կընկնի, հազար անգամ իրեն նվաստացած կզգա: Ու դեռ ընտանիքիս մյուս անդամներին էլ եմ բերելու, գործ դնեմ էստեղ ու հանգիստ ապրեմ, ինձ հարգված զգամ, մյուսներին էլ հարգեմ»...

Խճճված ու ջարդուփշուր եղած մտքերով մեկնեցի Ստոկհոլմ, որտեղ էլ հյուրընկալվեցի մի շվեդի՝ Թոմասի տանը: Ավտոբուսի վարորդ էր, մոտ 60-ն անց էր երեւում: Ապրում էր միայնակ, կարծես թե չէր էլ ամուսնացել. չցանկացավ խոսել այդ մասին: Նրա տունն առանձնահատուկ խաղաղությամբ էր լցված: Չափազանց բարի էր, հոգատարության ավելցուկ ուներ: Փնտրում էր երիտասարդների, ում մասին կարող էր հնարավորինս շատ հոգ տանել: Թոմասի համակարգչով էլ ինտերնետում կարդացի Հայաստանի միայնակ ու անօթեւան մարդկանց մասին նյութերը...

Այստեղ գտնվող ոչ բոլոր հայերն էին, որ «հարգված լինելու» դրդապատճառով էին եկել... Մեծ մասի նպատակը «փող աշխատելն էր»: Մի թվացյալ գաղտնի ճանապարհ կար այդ նպատակին հասնելու համար: Օրվա ընթացքում փախստականները ձեռքից ձեռք էին փոխանցում տարատեսակ տեխնիկայի միջոցներ՝ լուսանկարչական ապարատներ, նկարահանող սարքեր, համակարգիչներ եւ այլն: Այդ սարքերը վերջում «պասիլկայի» տեսք էին ստանում եւ ուղարկվում Հայաստան: Գողության ձեւերը հորինել էին արաբները, պատմել իրենց հայտնագործության մասին նաեւ հայերին:

Ճառագայթային անվտանգության համակարգի միջով ապրանք անցկացնելու համար «գողցող» հայերն ունեին հատուկ տոպրակներ կամ մուշտակներ: Դրանց ներսն ամբողջությամբ պատված էր ալյումինե ստվարաթղթով: Անվտանգության համակարգի ճառագայթները ստվարաթղթից ներս գտնվող ապրանքը չէին արձանագրում: Դեռեւս նոր հանձնված Քրիստինեի բախտն այնքան էլ չէր բերել: Նա արդեն մի քանի օր էր, ինչ կալանքի տակ էր: «Գողության վրա են բռնացրել,- պատմեց ընկերուհիս:- Ինչ-որ էդ սումկան, որով գողացել էր, մինչեւ վերջ փակած չէր եղել, ու ազդանշանները միացել էին: Ամուսնու ու ընկերուհու հետ են եկել էստեղ, որ փող աշխատեն: Ամուսինն էլ հիմա ճամբարում ա»:

Ամուսնուն ես հանդիպել էի դեռ առաջին օրը, երբ Արտակի հետ ճանապարհից շեղվել էինք՝ ծխախոտ փոխանցելու: Իսկ Քրիստինեն օրեր անց կալանքից ազատվել էր: Այդ օրը ընկերուհուս ամուսինը նրան հրավիրել էր իրենց տուն՝ մի կտոր բան ուտելու, որից հետո պետք է գնար ճամբար: Մինչ նրա գալն ընկերուհիս դժգոհությամբ պատմեց, որ հոգնել է էդ տեսակ մարդկանց ընդունելուց ու ճանապարհելուց:

Կարծում էի՝ կալանքից հետո ամոթխած ու անպաշտպան մեկը կլինի: Սակայն բավականին աշխույժ էր, նույնիսկ հասցրեց «օդնոկլասնիկիով» մի քիչ զվարճանալ. վաղուց է, ինչ չէր մտել... Նա շատ չէր խոսում, իսկ հեռախոսազանգեր ստանալիս անմիջապես դուրս էր գնում: Քրիստինեի ներկայությունը ճնշում էր ընկերուհուս: Նրա գնալուց հետո Լիլին ասաց. «Էս Արտյոմը ոնց որ էստեղ եկած բոլոր հայերի պապան լինի: Ամբողջ օրը սրան-նրան տեղավորելով է զբաղված»:

«Տեղավորվողներից» էր նաեւ Հայաստանից նոր ժամանած Վահագնը: Նա ավարտել էր իրավաբանական ֆակուլտետը եւ որոշել «փող աշխատել» Շվեդիայում: Հանձնվելուց առաջ նախապատրաստվում էր «ինտերվյուին»: Քանի որ Շվեդիայում «թափով» ազգականներ ուներ, «ինտերվյուին» պատրաստվելու գործում նրան օգնում էր Միգրացիոն ծառայության հայ թարգմանիչներից մեկը...

Հայաստանից արտաքսվելու մասին հորինված հարցազրույցը պատրաստ լինելուն պես Վահագնը մեկնեց հանձնվելու...


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ