HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Բագրատյանն անդրադարձավ Սահմանադրության տնտեսական թեզերին

Լիլիթ Թադևոսյան

«Շնորհակալություն քննարկման համար: Այնուամենայնիվ, ինձ չհամոզեց, որ պետք է անցնել պառլամենտական ձևին, մեր պառլամենտական ձևը չի ստացվում, չեմ ընդունում երկրորդ փուլը, կայուն մեծամասնության թեզը, ուզում են կայուն մեծամասնությո՞ւն՝ կա մեկ ձև՝ երկպալատանի Ազգային ժողով՝ Սենատը: Սենատը նշանակեք մինչև կյանքների վերջը, և կայունություն կլինի: Հիմա դուք ասում եք՝ դա մեզ հերիք չի, հատուկ կայունության ձև կա»,- այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած՝  սահմանադրական փոփոխություններին վերաբերող խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանը նաև ասաց, որ չի ընդունում այդ փոփոխություններում ամրագրված մարդու իրավունքներին առնչվող դրույթները՝ նշելով, որ 18 դեպքում գրում են, որ մարդու իրավունքը կարող է սահմանափակվել՝ ելնելով հասարակական շահից:

Այնուհետև նա ասաց, որ այսօր առաջին անգամ ուզում է անդրադառնալ Սահմանադրության հիմնական տնտեսական թեզերին, որոնք, իր դիտարկմամբ, սխալ են մեկնաբանված:

«Առաջին՝ հոդված 10: Ասում են՝ սոցիալական շուկայական տնտեսություն. էդպիսի բան չկա՝ կա շուկա, կա սոցիալականություն, ուզում եք սոցիալականն ուժեղանա՞, դուք 40 տոկոս եք սարքել ՀՆԱ-ի հարկերը, սարքում եք ոչ թե 15 կամ 20 տոկոսը, բիզնեսի վրա սոցիալական ֆունկցիա ո՞նց եք դնում: Ես համակարգչով խփում եմ սոցիալական շուկայական տնտեսություն և էրեխեքին չեմ կարողանում բացատրեմ`ո՞նց է, որովհետև այդ ֆրազը 40 տարի առաջ էր մոդա»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Խոսելով հոդված 37-ի մասին,որտեղ գրված է, թե պետական կրթական հաստատությունում կրթությունն անվճար է, Բագրատյանն ասաց, որ կրթությունն անվճար չի լինում՝ կա՛մ պետությունն է վճարում, կա՛մ՝ մարդը:

«Անվճար կրթությունն իմաստ ունի այն դեպքում, եթե ընդհանրապես մասնավոր հիմնարկ չկա և անվճար ասելով՝ հասկանում ենք, որ պետությունը վճարեց: Այդպիսի բան չկա»,- ասաց Բագրատյանը:

Վերջինս նաև նշեց, որ սահմանադրական փոփոխությունների մեջ ոչ մի խոսք չկա ձեռներեցներին խրախուսելու մասին:

«Գործարարությունն ու ձեռներեցությունը տարբեր բաներ են, գործարարը կարող է լինել պետական դպրոցի տնօրենը, իսկ ձեռներեցն էն մարդն է, էն տեսակի գործարարը, ով ավելացված արժեք է արտադրում, բիզնես է անում, և ոչ մի տեղ չգրել ձեռներեցության մասին՝ դա կոպիտ սխալ է»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Ինչ վերաբերում է հոդված 116-ին, պատգամավորն ասաց, որ այստեղ «հանճարեղ» բան են արել և գրել են, որ էական պարտավորություններ պարունակող ֆինանսական պայմանագրերը գալիս են ԱԺ, բայց նման բան չի կարող լինել,  քանի որ բոլորը պիտի ուղարկվեն ԱԺ:

«Վերջապես, հաջորդ հոդվածը՝ 199-ը՝ Կենտրոնական բանկի մասին: Առաջին՝ ԿԲ-ն դրամավարկային քաղաքականության համար է, բայց մեր երկրում երկու անգամ՝ 2005-ին եւ 2015-ին այս սխալները կրկնվում են: Սկզբում մենք ասում ենք գների կայունության մասին ու հիմա նոր մտցնում ենք ֆինանսական կայունություն արտահայտությունը, հետո ենք խոսում դրամավարկային քաղաքականության մասին: Ա՛յ մարդ, դա հիմա բա՞նկ է, թե՞ ուրիշ բան է, ոչ ոք չի կարողանում հասկանալ»,- եզրափակեց Հրանտ Բագրատյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter