HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շանթ-2015»-ի շրջանակներում հայտարարվել է ռազմական դրություն, գումարվել է ԱԺ պայմանական հատուկ նիստ

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում սեպտեմբերի 4-ին՝ ժամը 01:30-ին, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստ՝ օրակարգում ունենալով ՀՀ նախագահի «Ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցը: Այս մասին հայտնում է ԱԺ տեղեկատվության վարչությունը:

Պատգամավորների առաջարկով քվեարկության է դրվել պայմանական հատուկ նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, որը քվեարկությամբ ընդունվել է:

Հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչը: Ժամը 02:00-ին Ազգային ժողովն ավարտել է պայմանական հատուկ նիստի աշխատանքը:

ԱԺ տեղեկատվության վարչությունը պարզաբանում է, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն՝ քննարկումն ավարտվում է ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցչի եզրափակիչ ելույթով՝ առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու: Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստը գումարվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետությունում 
հայտարարել է ռազմական դրություն: Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի` ՀՀ Նախագահի կողմից ռազմական դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստ: 
«Արմենպրես» գործակալությունը հայտնում է, որ ըստ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանի՝ երկիրը բերված է բարձր աստիճանի մարտական պատրաստականության: Զորավարժության շրջանակում խաղարկվող սցենարի համաձայն՝ Ազգային պատկերասրահից ու Մատենադարանից տարհանվել են արժեքավոր գործերը, Էրեբունի բժշկական կենտրոնում խաղարկվել է պատերազմական իրավիճակում հիվանդանոցային պատրաստականության սցենարը: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ զորավարժության շրջանակում կարող են լինել տագնապներ, հավաքներ, տեղհանումներ և այլ միջոցառումներ:
Նշվում է, որ հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը՝ զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter