HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավատում եմ, որ Վերադարձի Օրը մոտենում է

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ոնց եմ սիրում սեպտեմբերը: Այս նամակս գրում եմ սեպտեմբերի 1-ի առավոտյան: Պատկերացնում եմ՝ հիմա ինչ եռուզեռ է դպրոցների ու բուհերի մոտ: Սլավոնական համալսարանի բակն եմ պատկերացնում, որտեղ հավաքվել են նաև իմ համակուրսեցիները: Երանի ցմահ բանտարկյալին տրամադրվեր (ինչպես եվրոպական շատ երկրներում) կարճատև արձակուրդ, ու ես անպայման այն կօգտագործեի սեպտեմբերի առաջին օրերին:

Կոկիկ հագնված՝ ծաղկեփնջեր ձեռքիս ես՝ 39-ամյա ուսանողս, կգայի հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ (գիտեմ, որ երրորդ հարկում է), ծաղիկները կնվիրեի ինձ այդքան աջակցած դասախոսներին, վերջապես կծանոթանայի համակուրսեցիներիս հետ, ովքեր իմ կես տարիքին են: Դասերից հետո կգայի Վերնիսաժի մոտ գտնվող իմ աշխատավայր՝ «Հետք» թերթի խմբագրություն, որտեղ իմ համար խոստացել են տեղ պահել մեծ պատուհանների մոտ՝ արևի տակ:

Հիմա այս ամենի մասին դեռ երազում եմ: Երազանքներս օգնում են ինձ ապրել ամեն օր՝ այս չորս պատի մեջ փակված: Բայց նույն այդ երազանքները նպատակների եմ վերածում ու Ազատության ելքը փնտրում: Այդ ելքը կա, միայն, թե այն գտնել է պետք:

Երբեմն ինձ թվում է՝ կձանձրացնեմ նամակներս կարդացողին, քանի որ այստեղ՝ մահվան տանը իրադարձություններ գրեթե չեն լինում: Իսկ երբ նոր էի սկսում աշխատել «Հետքում», վախենում էի, թե ասելիքս քիչ կլինի, ու մարդիկ շուտ կհոգնեն: Բայց շնորհիվ մամուլի քաղվածքների, որոնք մշտապես ուղարկում են գործընկերներս, տեղեկանում եմ, թե ինչ է կատարվում զուգահեռ՝ Ողջերի աշխարհում: Օգնում է նաև այն, որ ամեն օր կատարելագործում եմ, հարստացնում գիտելիքներս:

Ամեն օր պարապում եմ, քանի որ մոտ ժամանակները համալսարանի դասախոսները կգան «Նուբարաշեն» կլոր բանտ, որտեղ կհանձնեմ քննություններ երեք առարկայից՝ քրեական, քաղաքացիական ու ֆինանսական իրավունք: Մոտ ապագայում ինձ պատկերացնում եմ որպես քրեական իրավունքի մասնագետ: Ընտրելու եմ իրավագիտության հենց այդ ճյուղը: Անգամ գիտեմ դիպլոմային աշխատանքիս թեման: Պաշտպանելու եմ դատական սխալների ու դրանք շտկելու նոր գործիքների թեմայով: Տա՛ Աստված, որ դիպլոմային աշխատանքս պաշտպանեմ Ազատության մեջ:

Հավատում եմ, որ Վերադարձի Օրը մոտենում է, մոտեցնում ենք բոլորս միասին՝ ինձ աջակցող քաղաքացիներն ու ես: Արդեն ինքնուրույն եմ պատրաստում դիմում-բողոքներն ու ուղարկում դատական տարբեր ատյաններ, վիճարկում եմ նոր երևան եկած հանգամանքներով մոտ քսան տարի առաջ քննված քրեական գործը չվերաբացելու՝ գլխավոր դատախազության որոշումը:

Շարունակում եմ Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» թարգմանել ռուսերեն: Հանճարեղ, միշտ արդիական, տեղին հնչող մտքեր եմ գտնում Կամսարի խոսքերում, այնպես, որ կարծես գրել է հենց մեր օրերի համար. «Այսօր արդեն բանտ եմ նստած։ Բայց ո՜չ, ի՞նչ կխոսիմ՝ բանտ եմ կանգնած։ Բանտարկյալը երբ չի գիտեր, թե ի՞նչ է իր մեղքը՝ նստիլ չի կրնար։ Անիկա կանգնել իսկ անկարող է։ Անիկա կքալե, անիկա կվազե բանտին մեկ անկյունեն մյուսը»։ Կամ այս մեկը. «Ա՜խ, բանտին մեջ որքան կից կապրին սա լացն ու ծիծաղը։ Այնքան, որ հաճախ կփոխարինեն իրարու...»:

Թարգմանում եմ ու աչքիս առաջ գալիս է մահապատժի առաջին տարիներին տասնյակ անգամ կրկնված այս պատկերը: Դուռը բացում էին ու մեզ թվում էր, թե՝ վերջ, տանում են գնդակահարության. «Ահա ներս կմտնե բանտապետը քաղցր ժպիտը դեմքին, ամեն զիջողության պատրաստ ու կհայտարարե.

- Պատրաստվի՛ր, սիրելիս, այս գիշեր մեր կամքեն անկախ՝ գնդակահարվես պիտի ...»:

Կարծես՝ փոխվել է շատ բան ու ոչինչ միևնույն պահին: Ամենակարևորը՝ մեծ իմաստով համակարգի մտածողությունը չի փոխվել:

Հ.Գ. Ասել եմ, որ ուզում եմ իմ պատմվածքների ժողովածուն հրատարակել առանձին գրքով, որտեղ կլինեն 2003 թ.-ից հայերենով ու ռուսերենով գրած ստեղծագործություններս: Հիմա այս պահի ամենակարևորի մասին. որոշել եմ նոր գիրքը նվիրել իմ ընկերոջը՝ հետախույզ, կարգին մարդ Սողոմոն Քոչարյանին, որը հիմա հանուն Ազատության ու Կյանքի պայքար է մղում:

Մեկնաբանություններ (2)

Alexia
Ես հավատում եմ քո կամքին, ես հավատում եմ քո մտքի զորությանը, ես հավատում եմ քո անհատնում պայքարին, ես հավատում եմ քո էությանը, քո տոկունությանը, ես հավատում եմ քո աղոթքներին ու Աստծո ողորմածությանը, ես հավատում եմ քո գալիք ազատությանը,ես հավատում եմ քո անսահման լավատեսությանը, ես հավատում եմ քո վերադարձին ... Ես հավատում եմ քո հավատին...
Անուշիկ Հարությունյան
Բարի օր, Մհեր ջան, դու դարձել ես իմ ամենահետաքրքիր «հոդվածագրը»: Ոչ մի նյութ այնպես հավեսով չեմ կարդում, ինչպես քո գրածները; Իսկապես, այնքան եմ ուրախանում դրանք կարդալուց, դու մեզ էլ ես լուսավորում քո ԼՈւՅՍՈՎ, մեզ էլ ես հուսարում, քո երազանքը նաև մերն էլ է, քո լավատեսությամբ ինձ այնպես ես ոգևորել, որ «ազատ աշխարհի» անազատությունները մի կողմ անտեսած նոր արարում եմ փնտրում, շնորհակալ եմ, Մհեր ջան, քեզ շուտով կցանկամ քեզ քո սիրած վայրում հանդիպել, եղի/ր և ապրեցրու մեզ «ազատներիս»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter