HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները շրջափակեցին ցուցարարներին և արգելեցին փակել ճանապարհը

Այսօր վաղ  առավոտյան Լոռու մարզպետարանի բակում կրկին տեղի ունեցավ «Վանաձորի Քիմպրոմի» աշխատողների և մարզպետ Արթուր Նալբանդյանի հանդիպումը: Այս անգամ քիմպրոմցիների բողոքի ակցիային ներկայացել էր նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: 

Ա.Նալբանդյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ աշխատավարձի պարտքերի հարցով առայժմ բանակցություններ են ընթանում գործարանի տնօրինության և սեփականատերերի միջև։

«Ես ինձ մոտ եմ հրավիրել Քիմպրոմի գործադիր տնօրեն Սնիգիրյովին: Մենք ամբողջական նայել և քննարկել ենք իրավիճակը: Ճիշտն ասած, ինձ համար անհասկանալի էր, թե 2014թ.-ի դեկտեմբերին աշխատավարձի հին պարտքը մարելուց հետո, որտեղից այդքան աշխատավարձի նոր պարտք կուտակվեց Քիմպրոմում։ Քննարկման ընթացքում սռանձնացրել ենք բոլոր աշխատավարձերը, սկսած անվտանգության հերթապահության աշխատողներից, վերջացրած Քիմպրոմի մյուս  աշխատակիցներով»,- ասաց նա:

Քննարկման  ընթացքում Ա.Նալբանդյանի  համար  անհասկանալի է մնացել գործարանի վարչական աշխատողների մեծ քանակը, առավել ևս գործարանի ամբողջ հզորությամբ չաշխատելու պայմաններում:

«Արդյունքների մասին մենք արդեն տեղեկացրել ենք կառավարությանը»,- հայտնեց Ա. Նալբանդյանը:  Ըստ նրա` գործարանի սեփականատերերի հետ բանակցությունները հիմա ևս տարվում են։

«Մենք կփորձենք կառավարության միջոցով ազդեցության լուրջ լծակներ գտնել սեփականատերերի  վրա և տեսնենք, թե աշխատավարձի պարտքը ինչպես ենք մարում»,- բացատրեց մարզպետը: Վերջինս նաև հայտնեց, որ ինքն առանձնապես հետաքրքված չէ գործարանի վարչական աշխատողների  աշխատավարձով: Իրեն հետքրքրում է հատկապես բանվորների աշխատավարձի խնդիրը:

Ա. Նալբանդյանը  հավաքվածներին  հայտնեց` եթե այս անգամ էլ  իրեն հաջողվի աշխատավարձի հարցով օգնել նրանց, դա իր կողմից կլինի այս տարվա վերջին աջակցությունը, որովհետև պետությունը էստեղ մեղքի բաժին չունի նման անբարեխիղճ սեփականատեր ունենալու համար: Ըստ մարզպետի`  Քիմպրոմի աշխատողների աշխատավարձի նոր պարտքը կազմում է 366 մլն դրամ:

«Ինչ անենք, ասեք, պարոն մարզպետ: Բա ոնց անենք»,- հարցրեց աշխատողներից մեկը:

Արթուր Նալբանդյանը քիմպրոմցիներին հավատացնում էր, որ Քիմպրոմի անբարեխիղճ սեփականատերը պատժվելու է պետության կողմից: Շարքերից մարզպետին առաջարկեցին պետբյուջեի պահուստային գումարներից վճարել իրենց աշխատավարձը, ապա սեփականատիրոջից գանձել այն: «Նպաստառուներ ունենք, թոշակառուներ ունենք, բա դրանց  ոնց վճարենք»,-պատասխանեց Ա. Նալբանդյանը:

«Մեքենաներ ունեն, առանձնատներ ունեն, թող վաճառեն, մեր աշխատավարձը վճարեն»,- առաջարկեց հավաքվածներից մեկը։

«Ժողովուրդ,  400 մլն դրամով  մեքենա չի լինում: Հիմա, եթե մեր նպատակը նա է, որ սեփականատերը պատժվի, դա պետության համար ավելի հեշտ է, քան պետական պահուստային բյուջեից, որ դուք եք առաջարկում, 400 մլն դրամ աշխատավարձ տալը»,- բացատրեց մարզպետը:

Զայրացած քիմպրոմցիները որոշեցին գնալ ծայրահեղ քայլերի և փակել «Վանաձոր-Ալավերդի»  միջպետական ճանապարհը:

Նրանք ոտքով շարժվեցին դեպի մայրուղի: Վանաձորի ոստիկանները ամեն կերպ փորձում էին խոչընդոտել քիմպրոմցիների երթը: Իսկ մայրուղու մոտ ոստիկանները  շրջափակեցին ցուցարարներին և արգելեցին փակել ճանապարհը:

Մայրուղու եզրին ոստիկաններով շրջափակված շուրջ 1 ժամ կանգնելուց հետո ցուցարարները ցրվեցին: Նրանք հայտարարեցին, որ  վաղը առավոտյան ժամը 10-ին կրկին հավաքվելու և փակելու են միջպետական ճանապարհը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter