HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրաչափումները հաստատում են՝ «Քաղցրաշենի» ծրագիրը կենսունակ է

Ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն Ֆելիքս Մելիքյանը սույն հրապարակումով պատասխանել է «Հետքի»` «Ազատ գետում կատարված ջրաչափումները հաստատեցին՝ գետում բավարար քանակի ջուր չկա» հրապարակմանը:  ԾԻԳ-ի տնօրենը կրկին ջանքեր է գործադրել «հիմնավորելու» «Քաղցրաշենի» ծրագրի կենսունակությունը` ներկայացնելով նոր «փաստարկներ» եւ նորովի մեկնաբանելով դրանք: Բացառապես համամիտ չլինելով հոդվածագրի ներկայացրած` իրականությանը չհամապատասխանող փաստերի ու մեկնաբանությունների հետ, այդուհանդերձ հրապարակում ենք այն ամբողջությամբ: ԾԻԳ-ի տնօրեն Ֆելիքս Մելիքյանը տեղեկացնում է, որ իր պատասխանով ավարտված է համարում այս բանավեճը, որովհետեւ ««Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ն արդեն հայտարարել է «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման մրցույթը», այդուհանդերձ, մենք այն ավարտված չենք համարում եւ մեր հակափաստարկները կներկայացնենք առաջիկայում:

2015թ. օգոստոսի 17-ին hetq.am կայքում հրապարակված «Ազատ գետում կատարված ջրաչափումները հաստատեցին՝ գետում բավարար քանակի ջուր չկա «Քաղցրաշենի» ծրագիրն իրագործելու համար»  հոդվածում հեղինակը պնդում է, որ. (1) առաջարկվող ծրագրի ջրապահանջի կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակության ջուր չկա եւ, ըստ այդմ, ծրագիրը հիմնավորված չէ եւ (2) ծրագրի իրականացումը կազդի հարակից մշակութային եւ բնության հուշարձանների վրա: Ցանկանում ենք անդրադառնալ վերոնշյալ երկու մտավախություններին, քանի որ դրանք փաստացի անճշտություններ են պարունակում:

Հոդվածի հեղինակը վկայակոչում է Ազատ գետում հուլիս եւ օգոտոս ամիսներին կատարված ջրաչափումները եւ դրանցով արձանագրված ջրաքանակի զգալի նվազումը, ինչն առաջին հայացքից կարող է համոզիչ թվալ, սակայն մասնագիտական եւ համակողմանի ուսումնասիրությունը ի հայտ է բերում այլ իրավիճակ, որը պայմանավորված է հետեւյալ  երկու հիմնական գործոններով:

Նախ` այս ամառ մեր օդերեւութաբանության պատմության վերջին 172 տարիների ընթացքում գրանցվել է ամենաերկարատեւ շոգ եղանակը: Ըստ Հայպետհիդրոմետի` հուլիս-օգոստոս ամիսներին 20 օր ջերմաստիճանը տատանվել է  38-39 աստիճանի սահմաններում եւ 15 օր՝40-41 աստիճանի սահմաններում: Հուլիսն անցել է խիստ չոր կլիմայական պայմաններում եւ տեղումները նորմայից ցածր են եղել 50%-ով: Չոր, խիստ շոգ եղանակը տեւել է մինչեւ օգոստոսի 21-ը ներառյալ, եւ այդ ընթացքում տեղումներ չեն գրանցվել: Այս հանգամանքը հանրապետության որոշ շրջաններում փաստացի հանգեցրեց սակավաջրության, ինչը հաշվի է առնված Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծում: Հարկ ենք համարում նշել, որ նախագիծը եւ նրա կարեւորությունը որոշվում է ոչ թե մեկ տարվա համար` եւ այն էլ սակավաջուր տարվա, այլ միջին ջրատվության տարիների շարքի համար: Նման սակավաջուր տարում, ինչպիսին 2015 թ.-նն է, բնապահպանական թողքի պահպանման պարագայում, օգոստոս ամսին  մինչեւ 18% ջրի դեֆիցիտը Ազատ գետում կանխատեսելի էր եւ տրամաբանական: Ավելին,  Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծում (ինչպես նաեւ նախագծի շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության գնահատում /ՇՄՍԱԳ/ հաշվետվությունում), ջրասակավ տարիների համար արդեն իսկ կանխատեսված է ջրի հնարավոր պակասորդ:

Ի պատասխան Գառնի համայնքի մի խումբ բնակիչների արտահայտած մտահոգությունների (որոնց hetq.am կայքն անդրադարձել է նախկինում)` Ջրային տնտեսության ծրագրի իրականացման գրասենյակը /ԾԻԳ/ համայնքի անդամներին հնարավորություն ընձեռեց դիտարկելու եւ հասկանալու Հայպետհիդրոմետի կողմից Ազատի կիրճում ջրաչափության պաշտոնական ընթացակարգը: Այս տարվա մարտ ամսից հավաքագրված տվյալները ներկայացվում են ստորեւ, որոնք նաեւ առկա են ԾԻԳ-ի կայքէջում[1]: Ավելին` սահմանված բնապահպանական թողքը պահպանելու նպատակով ԾԻԳ-ը մտադիր է ջրի ավտոմատ չափման սարքավորում տեղադրել, որպեսզի այդ տեղեկատվությունը հասանելի լինի նաեւ իրական ժամանակով:

Ներկայացնենք Քաղցրաշենի նախագծով ուրվագծված 2015թ. ջրաչափության եւ ջրապահանջարկի համադրումը մի քանի  տվյալներով: Ընդ որում, հիշեցնում ենք, որ ջրաչափության տվյալները գրանցվել են եզակի անբարենպաստ տարվա համար` ակնհայտ հեռու միջին վիճակագրականից:

 

Ամիս

Փաստացի չափված հոսքը, լ/վրկ

Էկոլոգիական թողքը, լ/վրկ

Քաղցրաշենի համակարգի ջրապահանջը, լ/վրկ

միջին տարի[2]

Սակավաջուր տարի[3]

Ապրիլ

6863

850

424

424

Մայիս

9210

850

620

620

Հունիս

5490

850

872

872

Հուլիս

1795

850

952

855

Օգոստոս

1457

850

922

736

Սեպտեմբեր

 

850

517

517

Հոկտեմբեր

 

850

224

224

 

Ինչպես երեւում է վերը բերվող աղյուսակից, եւ ինչպես նշվում է «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի` շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության գնահատում» հաշվետվությունում, ծրագիրը, ոռոգելով լրացուցիչ 378 հա հողատարածք, պահպանում է բնապահպանական թողքը ինչպես միջին ջրատվության, այնպես էլ սակավաջուր տարիներին, մինչդեռ սակավաջուր տարիների օգոստոս ամսին ոռոգման ջրապահանջի փոքր դեֆիցիտ է առաջանում (մինչեւ 18%): Ընդ որում, փաստացի ջրաչափությունը իրականացվել է հիդրոլոգիական դիտակետից վերեւ ընկած հատվածում ջրօգտագործման ոչ պատշաճ կառավարման եւ թույլատրված ջրաքանակից ավել ջրառ իրականացնելու պայմաններում:

Հրապարակման մեջ արծարծված հարցերն  ուսումնասիրելու նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հրամանով աշխատանքային խումբ է ստեղծվել, որն էլ լրացուցիչ ջրաչափումներ է իրականացրել Ազատ գետում, ներառյալ՝ Ազատ գետից ջրառների եւ ելքերի ուսումնասիրություն: Օգոստոս ամսվա ջրաչափություններից ու դիտարկումներից ակնհայտ է, որ պատշաճ կառավարման եւ ջրօգտագործման հնարավոր շռայլումների բացառման դեպքում կարելի էր բացառել անգամ վերոնշյալ դեֆիցիտը: Այդ են հուշում նաեւ SCADA համակարգի մաս կազմող GPRS տիրույթում գործող մակարդակաչափերի փոխանցած առցանց տվյալները: Ջրի կառավարման արդյունավետությունն ապահովելու առումով տեղանքում արդեն իսկ  մի շարք քայլեր են նախաձեռնվել:

Մասնավորապես, Քաղցրաշենի նախագծի եւ այլ ծրագրային նախագծերի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ ու ներդրումային քայլեր, որոնք կուղղվեն նաեւ Գառնի համայնքի ոռոգման բարելավմանը: Դրանք բազմիցս քննարկվել են նաեւ Գառնու գյուղապետարանում եւ հավանության արժանացել: Առկա ջրային պաշարների արդյունավետ օգտագործման նպատակով  առաջիկայում իրականացվելիք Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում  նախատեսվում է.

1. Ներդրումային ծրագրերով վերանորոգել Գառնի ջրանցքի շուրջ 6 կմ առավել քայքայված հատվածը, ինչպես նաեւ ներհամայնքային ոռոգման համակարգը, ինչը կկրճատի ջրի կորուստները եւ էապես կբարձրացնի Գառնի համայնքի ոռոգելի տարածքների ջրապահովվածությունը:

2.   Քաղցրաշենի ինքնահոս համակարգի տիրույթում գտնվող տարածքներում ջուր խնայող կաթիլային եւ անձրեւացման համակարգեր կտեղակայվեն, ինչը թույլ կտա գրեթե կրկնակի նվազեցնել ոռոգման ջրի պահանջարկը համակարգի գլխամասում:

Կրկին վստահեցնում ենք, որ Քաղցրաշենի ինքնահոս համակարգի նախագծային լուծումները հիմնված են գետի նվազագույն բնապահպանական թողքի պահպանման վրա եւ մեծագույն ցանկության դեպքում անգամ տեխնիկապես հնարավոր չի լինի խախտել նվազագույն շեմը:

Hetq.am-ի  հրապարակման մեջ կրկին անդրադարձ կար Ազատի կիրճի մշակութային հուշարձաններին: Կրկին տեղեկացնում ենք, որ` խոսքը ոչ թե մշակութային, այլ բնության հուշարձանների մասին է: Իսկ պահպանության եւ կառավարման պետական լիազոր մարմին է հանդիսանում ոչ թե ՀՀ մշակույթի նախարարությունը, այլ ՀՀ բնապահպանության նախարարությունը, որի կազմում գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծին տվել է դրական փորձաքննական եզրակացություն: Եվս մեկ անգամ փաստում ենք, որ նախագիծը որեւէ բացասական ազդեցություն չի ունենա «Բազալտե երգեհոն» (կամ որ նույնն է` «Քարերի սիմֆոնիա») բնության հուշարձանի վրա այն պարզ պատճառով, որ չի գտնվում այդ հուշարձանների տարածքում եւ չի վնասի  նաեւ կիրճի բնական կենսամիջավայրը: Հեղինակը նշում է, որ Ազատի կիրճում կան նաեւ ՀՀ բնության հուշարձանների ցանկում ներառված այլ բնության հուշարձաններ եւս եւ դրանք հաշվի չեն առնվել Քաղցրաշենի ծրագրում: Եթե հեղինակն, այնուամենայնիվ, տրամադրի դրանց տեղադիրքերը, զբաղեցրած տարածքների չափերը եւ կոորդինատները, որոնք հստակեցված  եւ որոշված չեն պետական լիազոր մարմնի կողմից, ապա, «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ը պատրաստակամ է լրացուցիչ ուսումնասիրությունների:

Եվ վերջում՝ խնդրով հետաքրքրվող բոլոր լրատվամիջոցներին առաջարկում ենք մեր եւ անկախ մասնագետների հետ այցելել նախագծի գոտի, տեղում ծանոթանալ նախագծային մանրամասներին եւ համոզվել, որ Քաղցրաշենի ծրագիրն ավելի քան կենսունակ եւ հեռանկարային է: Այս մասնագիտական համոզմունքով էլ «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ն հայտարարել է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման մրցույթը:

Ֆելիքս Մելիքյան

Ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն


[2]) 50% ապահովվածության տարի:

[3]) 75% ապահովվածության տարի:

Մեկնաբանություններ (1)

մկո
իսկ էդ ԾԻԳ - ի տնօրենին կթողնեն ընդեղ ծիգ անի, եթե հանկարծ հակառակ բան ասի՜

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter