
Բարեգործական ծրագրերը փակվում են, իսկ կրթության և գիտության նախարարությունը լռում է
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը 2003թ-ից Գերմանիայի Բոնն քաղաքի կարդինալ Ֆրինգզի անվան գիմնազիայի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի մի շարք գյուղական եւ քաղաքային համայնքների դպրոցներում իրականացնում է ուսումնական պայմանների բարելավման ամենամյա ծրագիր: 9 տարիների ընթացքում գերմանացի բարերարի շնորհիվ վերանորոգվել կամ գույք է տրամադրվել 23 դպրոցի: Բարեգործական ծրագրի շրջանակներում մոտ 800 երեխայի դպրոցական պարագաներ են տրամադրվել:
Երկու տարի առաջ «Գերմանական բարեկամություն» ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Գյուղատնտեսական ակադեմիայի Ախուրյանի հենակետային վարժարանը, սակայն շինաշխատանքների ավարտի հենց վերջին օրը «Կարիտասի» պատասխանատուները տեղեկացել են, որ կրթության եւ գիտության նախարարությունը լուծարել է այն` միավորելով Նիկոլ Աղբալյանի անվան վաժարանի հետ:
«Գերմանական բարեկամություն» ծրագրի ղեկավար Անահիտ Գեւորգյանն ասում է, որ ծրագիրը սկսելիս իրենք այդ մասին տեղեկացրել են նախարարությանը, բայց օպտիմալացման մասին իրենց որեւէ մեկը չի զգուշացրել, այլապես իրենք դժվար թե նախաձեռնեին այդ գործընթացը:
Հենակետային վարժարանի լուծարման մասին էլ տեղեկացել են պատահաբար` կառավարության կայքէջից: «Մենք բազմիցս փորձել ենք հանդիպել նախարար Աշոտյանի հետ` որոշակի պարզաբանումներ ստանալու նպատակով, սակայն մեր բոլոր փորձերը ձախողվել են,-ասում է Անահիտ Գեւորգյանը,-դե իսկ բարերարն էլ հրաժարվել է այսուհետ հովանավորել ծրագրեր Հայաստանում` համարելով անընդունելի այն, որ պետության կողմից չի դրսեւորվում համապատասխան վերաբերմունք այն կազմակերպությունների հանդեպ, որոնք ըստ էության նպաստում են պետական հոգածության կարոտ խնդիրների լուծմանը»:
«Հայկական Կարիտաս» բարեսիարական ՀԿ-ի գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանի փոխանցմամբ, բարերարը ֆոնդերը արդեն իսկ փոխադրել է Հնդկաստան, քանի որ արդեն 5 ամիս է կատարվածի վերաբերյալ իրենք չեն կարողանում որեւէ պարզաբանում տալ նրան:
«Իսկ պարզաբանում չենք կարողանում տալ, որովհետեւ 5 ամիս է չենք կարողանում հանդիպել նախարարության պատասխանատուների հետ ու նրանցից ստանալ պարզաբանումներ,-ասում է Անահիտ Մխոյանը,-ամեն տարի գերմանացի մեր բարերաների շնորհիվ մոտ 15 հազար եվրոյի արժողությամբ ծրագիր է իրականացվում: Չասենք, թե սա մեծ ծրագիր է, բայց շատ կարեւոր է մեր երկրի նման աղքատ երկրում թեկուզեւ փոքր մի խնդիր լուծելու համար: Կարծում եմ Հայաստանում նույնիսկ մեկ ծրագրի փակվելը հանցագործություն է, երբ երկիրը աղքատության մի նոր փուլ է թեւակոխում»:
Խնդրի հետ կապված` «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունը նամակով դիմել է նաեւ երկրի վարչապետին, սակայն դեռ պատասխան չի ստացել: Քար լռություն է պահպանում նաեւ կրթության եւ գիտության նախարարությունը:
Մեկնաբանել