HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բախշյանի կոչը ծնողներին. «Մի՛ միջամտեք դպրոցում օտար լեզվի ընտրությանը»

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը մտահոգություն է հայտնում հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի և գերմաներենի ուսուցման խոչընդոտների կապակցությամբ` որպես պատճառ նշելով այն, որ ծնողները հիմնականում որպես օտար լեզու ընտրում են անգլերենը: Ստորև ներկայացնում ենք Ա.Բախշյանի կոչը աշակերտների ծնողներին:

«Մեր  հասարակությունն այսօր որպես օտար լեզու, մեծավ մասամբ, գերադասում է անգլերենն ու ամեն տեսակ ճնշման են ենթարկում տնօրեններին, որոնք էլ աշակերտ չկորցնելու համար, տեղի են տալիս ու աստիճանաբար ֆրանսերենն ու գերմաներենն իրենց տեղը զիճում են անգլերենին:

Կրթության նախարարությունն ու Երևանի կրթության վարչությունը, չնայած նախարարի կոշտ հորդորին, որ այդպես չի կարելի, չեն կարողանում այս մտածելակերպը փոխել: Հատկապես ֆրանսերենի դեպքում զարմանալի է քաղաքապետարանի լուռ համաձայնությունն այն դեպքերում, երբ ծնողների ճնշման տակ որոշ դպրոցներում ֆրանսերենն աստիճանաբար դուրս է մղվում: Եվ սա այն դեպքում, երբ Երևանն ընդրկված լինելով ֆրանկոֆոն քաղաքների ցանկում, հոկտեմբերին այստեղ հյուրընկալելու է միջազգային համաժողով, որը ենթադրում է, որ պետք է  ներկայացվի այս ուղղությամբ Երևանի դպրոցներում ֆրանսերենը, որպես օտար լեզու, տարածելու ուղղությամբ կատարված  աշխատանքները:

Մեր ծնողներին պետք է հստակ ասվի, որ Հայաստանի բուհերն այսօր շատ սերտ համագործակցում են Եվրոպայի բազմաթիվ երկրների բուհերի հետ, որտեղ լեզուն ֆրանսերենն ու գերմաներենն է: Մեր և եվրոպական բուհերի միջև իրականացվող բազմաթիվ ծրագրերի շնորհիվ այդ օտար լեզուներին տիրապետող շատ երիտասարդներ իրենց մասնագիտությունների մեջ հմտանալու և կատարելագործվելու հնարավորություններ են ունենում Եվրոպայում: Հատկապես Գերմանիայում, որտեղ բուհական կրթությունն արդեն անվճար է բոլորի համար:

Յուրաքանչյուր դպրոցում, ստեղծման պահից նախարարության որոշմամբ է  դասավանդվում առաջին օտար լեզուն, ինչպես օրինակ, Շենգավիթում, իսկ երկրորդ օտար լեզուն մանկավարժական խորհրդի որոշմամբ կարող է դասավանդվել 5-րդ դասարանից:

Հարգելի ծնողներ, խնդրում եմ, մի՛ միջամտեք դպրոցում օտար լեզվի ընտրության գործընթացին, դա դպրոցի նեքին խնդիրն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter