Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Որ ծառը աչքներն ուտում ա, կտրում են». Ծաղկաշատի բնակիչ



«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի» անտառտնտեսության 2015թ.-ի 1220 խ.մ. բնափայտի մթերման պլանից Ծաղկաշատի անտառապետությունում նախատեսված է 243 խ.մ. բնափայտի մթերում, Շնողի անտառապետությունում կմթերվի 544 խ.մ. բնափայտ, Շամլուղի  անտառապետությունում` 228խ.մ.  և Սանահինի  անտառապետությունում` 205խ.մ. բնափայտ»,- հայտնեց «Լալվար» անտառտնտեսության ավագ անտառապետ Արտեմ Անթանեսյանը: 

Գլխավոր անտառապետի ասելով` բնափայտի մթերումը սկսվել է հուլիսի վերջերից: Ծաղկաշատում կա մեկ հատատեղ` այն էլ Աջիր հանդամասում:

Սեպտեմբերի 5-ին առաջին հսկա փայտակույտերին հանդիպեցիք Ծաղկաշատ բարձրացող ճանապարհաեզրից դեպի Աջիր հանդամաս գնացող ճանապարհի 200 մետրի վրա: Այն թափված էր ճանապարհի տակ` աչքի համար անտեսանելի վայրում: Թաքնված փայտը չէր խոսում օրինական  լինելու մասին:

Ծաղկաշատ բարձրանալիս ճանապարհին հարող տանձուտում հանդիպեցինք վայրի տանձ հավաքող ծաղկաշատցի Զավեն Փիրուզյանին. «Երևանից  ջոջերն են ասում, որ անտառը կտրեն: Բարձում  են տանում: Ծմակը լիքը փետ ա, էլի: Ամեն տեղ էլ կտրում են` էդ Կիրակոսի ղաշումը, Ուրանաց թալումը, Աջիր: Սաղ ծմակներում էլ թափած փետը  շատ ա: Քո մաշինեն չի գնա էդ ծմակները: Գեղի ծերին են ավտոները բարձում, որ պավարոտ ա անում գեղի վրա, հենց էդտեղ է»,- ծմակում  ապրող մարդու  միամտությամբ բացատրեց Զավենը:

Ծաղկաշատ գնացող  ճանապարհը անանցանելի էր, տաքսին հևալով մի կերպ բարձրանում էր:  Վարորդը հիշեց, որ Ծաղկաշատը հանրահայտ հանքարդյունաբերող Վալերի Մեջլումյանի ծննդավայրն է: «Մի քանի կիլոմետր ճանապարհն ինչ է, որ չի ասֆալտում»,- քթի տակ դժգոհեց նա:

Մի կերպ հասանք Զավենի ասած գյուղի ծայրը: Երբ լուսանկարում էի թափված հսկա փայտակույտերը, ականջիս հասավ գյուղի բարձրունքից իջնող բեռնատարի հևոցը: Կանգնածս տեղից երևաց գյուղի գլխի  անտառներից դուրս եկած փայտով բերնեբերան լիքը մի ավտոմեքենա: Գնացինք  բեռնատարին ընդառաջ:

Զավենը սխալ չէր  հայտնել, գյուղամիջում ասացին, որ բեռնատարը Ծաղկաշատի Կիրակոսի ղաշիցն է  փայտը տեղափոխում: Դեմ առ դեմ դուրս եկած բեռնատարը նկարելիս վարորդն ու ավտոմեքենայի առաջնամասում կանգնած երիտասարդը պահանջեցին չնկարել: Ավտոմեքենան բեռնաթափվեց գյուղի  ծայրի փայտակույտերի մոտ: «Էս փետը կենտրոնական մայրուղով չի՞ բեռնատարներով տեղափոխվում: Սաղ էլ տեղյակ են: Խոսողը գեշամարդ է դառնում: Մեր անտառում թափուկ չկա, փայտանյութն էլ  օրենքով թափուկից են  պատրասելու»,- բացատրեց  գյուղամիջում կանգնած միջահասակ մի  ծաղկաշատցի:

«Նախկինում գյուղից 15կմ հեռու թափուկից ու ձյունից տապալված ծառերից է  կատարվել փայտանյութի պատրաստումը, կամ սանիտարական հատում է եղել` փայտի մթերման համար: Հիմա մեր անտառներում թափուկ չկա, որ ծառը աչքներն ուտում ա, կտրում են»,- դժգոհեց գյուղի  տարեցներից մեկը: Ծաղկաշատի գյուղամիջյան հրապարակին հարող սեփական տներից մեկի մոտ թափված մեծ փայտակույտը թափուկ լինելու մասին չէր խոսում: «Որպես ծաղկաշատցի ասեմ, որ առաջներում շատ բողոք է եղել, որ փայտը տեղափոխում են, ծառը անօրինական կարգով կտրում են, հիմա իմ նկատելով նորից են սկսել փայտի  կուտակումները»,- հայտնեց ծաղկաշատցի Մարտին Մակինյանը:

Սեպտեմբերի 5-ին Ծաղկաշատում մասսայական ապօրինի անտառահատումներ էին կատարվում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ