HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Նոբելյան» մրցանակաբաշխության կուլիսները․ ովքե՞ր եւ ինչպե՞ս չդարձան դափնեկիր

ՄԱՍ 1

«․․․Գրողը չպետք է թույլ տա իրեն վերածել ինստիտուտի, նույնիսկ այս պարագայում, երբ այդ ձեւը բավականին պատվարժան է» գրում է Սարտրը իր «Թե ինչու հրաժարվեցի մրցանակից»  հրապարակման մեջ՝ մեջբերելով  «անձնական պատճառներ»-ը:

«Նոբելյան» մրցանակաբաշխությունը, լինելով համաշխարհային ամենամյա բարձրակարգ մրցույթ, ժամանակ առ ժամանակ հայտնվել է աղմկահարույց պատմությունների կիզակետում։

Բացի այն, որ պատմական տեսանկյունից եղել են մրցանակակիրներ, ովքեր ռեժիմի պատճառով չեն կարողացել ստանալ մրցանակը, եղել են նաեւ դեպքեր, երբ մրցանակակիրները հրաժարվել են «գայթակղությունից»։ Առավել ուշագրավ են «պատմական» Նոբելյան մրցանակների հավանական այն թեկնածուները, ովքեր ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չեն արժանացել այդ «պատվին»։

Պաշտոնապես «Նոբելյան» ֆոնդը գործունեությունն իրականացնում է արդեն 115 տարի (չնայած որ հիմնադրման թվականը 1896թ․-ի դեկտեմբերի 10-ն է, Շվեդիայի թագավորի կողմից այն պաշտոնապես հաստատվել է միայն 1900թ․-ի հունիսին 29-ին )։

1901-ից Շվեդիայի ակադեմիան պատկանում է այն կազմակերպությունների խմբին, որոնք համատեղ «Նոբելյան» ֆոնդի, իրականացնում են  համապատասխան ոլորտներում մրցանակակիրների նախընտրական եւ ընտրական փուլերը։

Առաջին իսկ մրցանակային տարին՝ 1901թ․-ին, Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի տրամադրման որոշման հարցը բավականին խմորված տեսք ունի։ Վերոնշյալ տարեթվի Նոբելյան մրցանակակրի դերում շատերը հակված էին տեսնելու Լեւ Տոլստոյին։

Լեւ Տոլստոյ

Շվեդական ակադեմիայի բավականին ազդեցիկ քարտուղար Կարլ Վիրսենը, խոստովանելով, որ Տոլստոյը անմահ ստեղծագործությունների հեղինակ է, ամեն դեպքում, կտրականապես դեմ է արտահայտվել վերջինիս թեկնածության քննարման տարբերակներին («․․․Քննադատել է քաղաքակրթությանը բոլոր ձեւերը եւ դրա փոխարեն առաջարկել ընդունել կյանքի պարզունակ կերպը՝ կտրված բարձր մշակույթից»,- Վիրսենի ձեւակերպումը Տոլստոյի մասին):

Առաջին իսկ կասկածելի մրցանակաբաշխությունը առաջ է բերում Շվեդիայի եւ այլ երկրների հասարակական աղմկահարույց դիրքորոշումը։ Մրցանակաբաշխությունից մեկ ամիս անց՝ արդեն 1902թ․-ին, Տոլստոյը ստանում է շվեդ գրողների եւ նկարիչների հետեւյալ հայտարարություն-նամակը․

«Նկատի ունենալով Նոբելյան առաջին մրցանակաբաշխությունը, մենք՝  Շվեդիայի ներքոստորագրյալ գրողներս, նկարիչներս ու քննադատներս, հայտնում ենք Ձեզ մեր հիացմունքը։ Մենք Ձեզ համարում ենք ոչ միայն ժամանակակից գրականության նվիրյալը, այլ նաեւ մեկն այն խորթափանց, զորեղ պոետներից, ում այս պարագայում պետք է առաջինը հիշատակեին, չնայած Դուք Ձեր իսկ դատողությամբ երբեւէ միտված չեք եղել այս տեսակի մրցանակի։ Մենք կենսական պահանջ ունենք դիմել Ձեզ ողջույնի այս ձեւով,  որով ըստ մեզ, այն հաստատությանը, որին վստահված է եղել գրական մրցանակի տրամադրումը, չի ներկայացնում գրողների, նկարիչների եւ ոչ էլ հասարակական կարծիքը։ Թող սահմանից այն կողմ էլ տեղեկացված լինեն, որ նույնիսկ մեր հեռավոր երկրում հիմնային ու ավելի ուժեղ արվեստն այն է, որը հենվում է ազատ մտքի եւ ազատ ստեղծագործականության վրա»։

Այս նամակը ստորագրել են շվեդական գրականության եւ արվեստի ավելի քան 40 ներկայացուցիչներ։

Օրեր անց “Svenska Dagbladet” շվեդական ամենօրյա պարբերականում հայտնվում է գրող Ա․Սթրինդբերգի հոդվածը, որտեղ նա ակադեմիայի կոմիտեին ներկայացուցիչներին անվանում է «արհեստավորներ» եւ «դիլետանտներ»՝ կրկին պաշտպանելով եւ վեր բարձրացնելով Տոլստոյի ստեղծագործությունները։

Ի վերջո այլ բազմաթիվ քննարկումների, հոդվածների հետեւանքով Լեւ Տոլստոյն անձամբ է արտահայտվում կատարվածի մասին․

«Սիրելի՛ եւ հարգելի՛ եղբայրներ, ես շատ գոհ եմ, որ Նոբելյան մրցանակը ինձ չի շնորհվել։ Առաջին հերթին՝ դրա շնորհիվ ես ազատվել եմ  այդ մեծ գումարը տնօրինելու դժվարություններից․ այդպիսի փողերը տնօրինելը, ինչպես մնացած նմանատիպ պարգեւները, իմ համոզմամբ, միայն չարիք կարող են բերել։ Երկրորդը՝ այն իր հերթին  պարգեւեց ինձ այդքան անձանցից պատվի եւ հաճույքի արժանանալու բերկրանքը, ովքեր ինձ թեեւ ծանոթ չեն, բայց խորին հարգանք եմ տածում իրենց նկատմամբ։ Հարգելի՛ եղբայրներ, ընդունեք իմ անկեղծ երախտագիտությունն ու լավագույն զգացումները»։

Նոբելյան մրցանակաբաշխության փորձագետներին «պաշտպանողներից» շատերի կարծիքով Տոստոյը, ամեն դեպքում, հակված կլիներ հրաժարվելու մրցանակից, նույնիսկ եթե այն տրվեր վերջինիս։

Այս հարցի շուրջ խմորումները շարունակվեցին դեռ մի քանի տարի։ 1906թ․-ին Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան Տոլստոյի նոր աշխատության ("Великий грех") մեկ օրինակի հետ միասին նամակ է ուղարկում Շվեդիայի ակադեմիա՝ վերջինիս թեկնածությունը նորից քննարկելու համար։

Տոլստոյն այս անգամ «պայքարի» այլ ձեւ է ընտրում՝ նամակ հղելով ֆինն գրող Արվիդ Յարնեֆելտին՝ հայտնելով, որ իրեն շատ տհաճ է հրաժարվել մրցանակից․«․․․Շատ եմ խնդրում Ձեզ, եթե Դուք Շվեդիայում ունեք կապեր, ինչպես ես եմ կարծում, այնպես արեք, որ այդ մրցանակն ինձ չտրամադրվի․․․»:

Տոլստոյի առանց մրցանակի «նոբելյան» պատմությունը հանգուցալուծվում է․ 1906թ․-ին Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանանում իտալացի գրող Ջոզուե Կարդուչչին։

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter