HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոջեր Ուոթերս. Ես մերժում եմ հանուն գոյատևման ապրվող կյանքը

Նաիրա Հայրապետյան

Սպտեմբերի 6-ին ռոքի համաշխարհային լեգենդներից մեկը՝ Ռոջեր Ուոթերսը, նշում էր իր 72-ամյակը: Երաժիշտ, պոետ, երգիչ և երգահան, ով աշխարհին հայտնի է և այդպիսին էլ կմնա բացառապես որպես «Pink Floyd» խմբի առաջնորդ, բաս կիթառահար և վերջապես «The Wall»-ի հեղինակ:

Թեև վերջին շրջանում մամուլում շրջանառվում էին լուրեր խմբի վերամիավորման մասին, երաժշտասերների հույսը, դեռևս, բոլորովին անհույս կարելի է համարել: Դատելով Ուոթերսի և փինքֆլոյդցիների տրամադրությունից, այն առայժմ յոթ սարի հետևում թափառող եզրակացություն է: Այս ամենը լրացվեց Դեյվիդ Գիլմըրի՝ խումբը լուծարելու մասին հայտարարությամբ, ակնկալիքներն այլևս ավելորդ են դառնում: Փոխարենը կարծես թե հստակ է երաժշտի անհատական նախագծերի շարքը. դրանք բազմաբովանդակ են, ինչպես միշտ հետաքրքիր և անկանխատեսելի որոշումներով լի:

Ուոթերսի վերջին հարցազրույցներից և նրան վերաբերող նյութերից պարզ է դառնում, որ 72-ամյա երաժիշտը շարունակելու է հանդես գալ ակտիվ գործունեությամբ՝ մոտ ապագայում նախատեսված է համերգային մեծ շրջագայություն, որին կհաջորդի երկար սպասված նոր ալբոմի հրատարակությունը: Վերջինս, ի դեպ, արդեն աշխատանքային ակտիվ ընթացքի մեջ է: «Այն երգ է և միաժամանակ թատրոն,- ասում է երաժիշտը,- բայց չեմ ուզում շատ բան նախապես պատմել ձեզ, պարզապես նշեմ, որ ռադիոներկայացման նման է: Երկու կերպարներ՝ ծեր տղամարդ և մի երեխա, խոսում են իրար հետ և փորձում հասկանալ, թե ինչու են նրանք սպանում երեխաների»:

Ռոջեր Ուոթերսը՝ 2015 Newport Folk Festival-ին: Լուսանկարը՝ Ադամ Կիսսիկի / NPR

Ուոթերսը այլ մտահղացումներ ևս ունի. շուտով պատրաստ կլինի նրա նոր ֆիլմը՝ «Roger Waters. The Wall» խորագրով: Արդեն սեպտեմբերի վերջին նախատեսված է այն ցուցադրել բրիտանական 9 տարբեր կինոթատրոններում: Ինչպես տեսնում ենք, բեմը և, առհասարակ, երաժշտությունն առայժմ ձեռնոց են նետում տարիների ծանրությանը: «Ես մերժում եմ կյանքը հանուն գոյատևման»,- ասում է 72-ամյա արտիստն ու շարունակում զարմացնել իր երկրպագուներին:

«Մայրս կոմունիստ էր:- հիշում է լեգենդար երաժիշտը,- Իմ մանկությունը անցել է «Բրիտանաչինական բարեկամության ասոցիացիա»-ի այցելությունների միջով: Համալսարանական մեր քաղաքում ես հաճախում էի ընտանեկան այդ հանդիպումներին: Ի հավելում սրա, ասեմ նաև, որ մանկությունս անցել է հետպատերազմական ժամանակաշրջանում: Իմ կարծիքով այս ամենի ազդեցությամբ է, որ խիստ վերաբերմունք ունեմ թե՛ պատերազմի, թե՛ սոցիալական ցնցումների հետևանքով եղած զոհերի հանդեպ: Եվ կարծում եմ, որ այս զգացողությունները շատ ուժեղ արտահայտված են իմ ստեղծագործություններում»: 

Կոմունիստներ Մերի և Էրիկ Ուոթերսների ընտանիքում նա կրտսեր որդին էր: Ռոջերը ընդամենը մի քանի ամսեկան էր, երբ հայրը զոհվեց պատերազմում: Նա Երկրորդ Աշխարհամարտի մասնակից էր, և այս ողբերգական փաստը հետագայում մշտապես թողեց իր հետքը որդու կյանքում, անմիջականորեն ազդելով նաև ստեղծագործությունների վրա («The Wall», «The Final Cut» և այլն): Ամուսնու մահից հետո երաժշտի մայրը երկու որդիների հետ տեղափոխվեց Քեմբրիջ, որտեղ էլ անցել են Ռ. Ուոթերսի մանկությունն ու պատանեկությունը:

Դպրոցում սովորելը, մեղմ ասած, այնքան էլ նրա սրտով չէր, բայց սիրով հաճախում էր սպորտի դասերին: Նրան հատկապես դուր չէր գալիս կրթական մեթոդը. «Ես ատում էի դասերի ամեն մի վայրկյանը՝ բացառությամբ խաղերի: Դպրոցական ռեժիմը շատ ճնշող էր, և աշակերտները ուսուցիչներից  ահաբեկված-սարսափած էին այնպես, ինչպես սովորաբար լինում է, երբ մի աշակերտը ճնշման է ենթարկում մյուսին»:

Սակայն հենց այստեղ, իր կողմից մերժված ու արհամարհված օրենքներով լի դպրոցում էլ ճակատագիրը գծեց նրա ապագա ուղին. Ռոջերը ծանոթացավ նույն դպրոցի աշակերտ Սիդ Բարեթի հետ: Մոտակայքում էր ապրում Դեյվիդ Գիլմըրը, ով ևս շուտով միացավ նրանց,և անգլիական կրթական ռեժիմից դուրս, ընդհանուր հետաքրքրությունների շրջանակում աննկատ, բայց քայլ առ քայլ ուրվագծվում էր  երաժշտական հսկա ճանապարհը: Ճարտարապետի մասնագիտությունը հետաքրքիր էր շատ, սակայն լոնդոնյան ուսումնառության տարիները առավելապես ներծծված էին երաժշտության գույներով:

Ուոթերսը՝ Լոնդոնի իր տանը, 1970թ. / Բերի Ուենզել

«Ես կարող էի ճարտարապետ դառնալ, բայց չեմ կարծում, թե այդպես շատ երջանիկ կլինեի,- ասում է Ուոթերսը,- Այնքան, որքան ես եմ կարողանում տեսնել, ժամանակակից ճարտարապետությունը գրեթե ամբողջությամբ հիմար խաղ է»:

«Pink Floyd»-ի դեբյուտային՝ « The Piper at the Gate of Dawn» ալբոմը (1967թ.), իր ողջ փայլով, կարելի է ասել պատկանում էր Սիդ Բարեթին. և այնուամենայնիվ, այնտեղ հնարավոր է լինում նկատել Ուոթերսի ապագա ձեռագրից մի փոքրիկ նշույլ. դա «Take Up Thy Stethoskope»-ն էր: Իսկ ահա երկրորդ՝ «A Saucerful of Secrets»  ալբոմը իրավիճակը հակառակ կողմի շրջեց: Բարեթը ընդամենը մեկ երգի հեղինակն էր, մինչդեռ Ուոթերս այստեղ ներկայացել էր չորս գործով (երգերի ընդհանուր թիվը ընդամենը 7-ն էր): Սիդ Բարեթի առողջական վիճակն ու կախվածությունը թմրադեղերից թույլ չէին տալիս նրան նույն ուժգնությամբ առաջ մղվել, և նրա հեռանալուց հետո խմբի գեղարվեստական մասի պատասխանատվությունը ստանձնեց Ուոթերսը: Հիշենք, որ հիմնականում նրա գրչին են պատկանում փինքֆլոյդյան դասական գործերը՝ «The Dark Side of the Moon», «Wish You Were Here», «Animals, «The Wall» և այլն:

«Կարծում եմ, որ այդ պատերը կառուցվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո,- ասում է «The Wall»-գլուխգործոցի հեղինակը,-  Ինչ-որ մեկի համար, ով ընդհանրապես մտքով անցկացնում է նման բաներ, պատը կարող է խորհրդանշել օտարացում ողջ մարդկությունից… բայց ընդհանրապես, յուրաքանչյուր ոք էլ ազատ է ընկալել այնպես, ինչպես ինքն է զգում»:

Իր համագործակցությամբ վերջին՝ «The Final Cut» ալբոմում Ռ. Ուոթերսն է բոլոր երգերի հեղինակը: Ալբոմի թողարկումից հետո նա հայտարարում է խմբից հեռանալու մասին: Այդ օրվանից նա ամբողջությամբ տրվեց անհատական գործունեությանը՝ հանդես գալով հսկայածավալ և ազդեցիկ նախագծերով, որոնք ոչ միայն համերգային հզոր ներկայացումներ էին, այլև շատ անգամ քաղաքական և քաղաքացիական ուղերձներ՝ ուղղված աշխարհի «մեծերին»: 

«Ժամանակակից երաժշտությունը՝ այսօրվա փոփը, ինձ չի հետաքրքրում: Ավելի իմաստավոր բաներ գոյություն ունեն. ես հետաքրքրված եմ քաղաքական կյանքով, ինձ հուզում է գրականությունը և ունեմ մի քանի երգիչներ, որոնց աշխատանքը սիրում և գնահատում եմ: Բայց նրանք բոլորն արդեն երիտասարդ չեն՝ իմ պաշտելի Բոբ Դիլընը, Ջոն Լենոնը, Նիլ Յանգը, Լեո Քոհենը… և ուրիշներ»:

Թվարկված արտիստներից ոմանք, և նույն շարքից շատերը, ովքեր կիսել են բեմում լեգենդար Ռոջեր Ուոթերսի հետ ստեղծագործելու հաճույքը, ներկա էին նրա ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը. հին ու նոր ընկերները նշում էին ռոք երաժշտության պատմության մեջ ամենանշանավոր անուններից մեկի ծննդյան օրը:

Լեգենդար երաժշտի սոլո կարիերայի, խմբի հետ հետագա հարաբերությունների և դատական քաշքշուկների, ինչպես նաև Ուոթերսի քաղաքական հայացքների մասին կպատմենք հաջորդ հոդվածում, իսկ առայժմ հաջողություն և ստեղծագործական նոր բացահայտումներ մաղթենք՝ սպասելով նոր ալբոմի թողարկմանը:

 Գլխավոր լուսանկարը՝ Կարլ Կուրտի / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter