HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արևիսում «աղքատ» պետությունից ակնկալիք չունեն

Եթե  թրթուրավոր տրակտոր կամ խորհրդային տարիներից մնացած «Վիլիս» ավտոմեքենա չունես, Արևիս գյուղ գնալու մասին  մոռացի, եթե անգամ գյուղում այնպիսի կարևոր իրադարձություններ են, ինչպիսիք համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունները: Մի կերպ հաղթահարելով Հացավան-Թասիկ միջհամայնքային խորդուբորդ ճանապարհը, մտածում ես, որ միակ ճիշտ որոշումը  ճանապարհը կիսատ թողնելն ու  հետ վերադառնալն է, բայց պարզվում է, որ մինչև Արևիս, անգամ շրջադարձի տեղ չկա, և ստիպված ես առաջ գնալ, որի  յուրաքանչյուր մետրը հաջողությամբ հաղթահարելուց  հետո արժե խաչակնքել:

Գյուղը դպրոցն է պահում

-Մտածում եք, որ ընտրությունները կեղծվելու են, եկել եք հետևեք, որ թափանցիկ ընտրություններ անցկացվեն, -հեգնում է Արևիսում հանդիպած առաջին մարդը: -Նախիջևանի սահմանից ուղիղ գծով 7 կմ հեռու գյուղ ենք պահում, փոխանակ մեզ պարգևավճար հատկացնեն, մի արտոնություն տան, դեռ գլխներիս էլ ստուգող ա եկել,- չի հանգստանում նա և ու  տեսնելով, որ պատասխան չկա, շարունակում է վրդովված տոնով,- տարեցտարի չի է¯, օրեցօր գյուղը դատարկվում ա, դրա մասին թող մտածեն, մի ժամանակ 60-ից ավելի տնտեսություն կար, հիմա հազիվ տասը դուռ ա բաց:

Այն, որ երբեմնի մարդաշատ Արևիսում հատուկենտ ընտանիք է մշտական բնակվում, հաստատում է դպրոցի տնօրեն Ռիտա Գրիգորյանը: «Դպրոցը որն ա, երեք դասարանում երեք աշակերտուհի ունենք, երեքն էլ նույն ընտանիքից, ստիպված ծնողներին դպրոցում որպես հավաքարար, պահակ աշխատանքի ենք ընդունել, որ չգնան գյուղից», -ասում է տնօրենը:

Նրա խոսքով դպրոցը տարեկան 8 միլիոն դրամի չափով ֆինանսավորվում է, մեկ ուսուցիչ ունեն, ով Սիսիանի քոլեջի թարգմանչության ֆակուլտետն է ավարտել և ռուսերենի, անգլերենի հետ նաև դասվարություն է անում: Ինքն էլ, չնայած մասնագիտությամբ տնտեսագետ է, ութերորդցի աշակերտին աշխարհագրություն ու պատմություն է պարապում. «Մեզնից չի կախված էս իրավիճակը ոչ էլ վատ բան եմ տեսնում, որ երեք աշակերտով դպրոց ենք պահում, մեկ էլ տեսար, մեկը որոշեց գյուղ գա, գոնե կիմանա, որ դպրոց ունենք: Նաև չենք սպասում, որ Արևիսում դպրոց են կառուցելու, բայց գոնե ճանապարհը եթե բարեկարգեն, հնարավոր է, որ բնակլիմայական պայմանների պատճառով մարդիկ վերադառնան գյուղում ապրեն,  անասնապահությամբ զբաղվեն, միայն թե համոզված լինեն, որ գոնե շաբաթը մեկ անգամ կարող են քաղաք՝ Սիսիան հասնել»: Ինքը՝ Ռիտան, ամեն անգամ, երբ մարզպետարան գնալու անհրաժեշտություն է լինում, ստիպված է մեկ օր գիշերել Սիսիանում, որ հաջորդ օրը կարողանա մարզկենտրոն հասնել ու վերդառնալ:

Գյունուշ Նազարյանի կարծիքով աշխարհից կտրված հեռու ապրելն էլ իր առավելություններն ունի՝  «անտեղյակ ես մնում, թե ինչքան դժվարություններ կան էս երկրում»: Նրա որդին՝ Ռաֆիկը, պատմում է, որ 2003 թվականին մառախլապատ մի օր, երբ մի քանի համագյուղացիներով գյուղի կենտրոնում կանգնած են եղել, նրանց են մոտեցել երկու զինված զինվորական և սկսել ռուսերենով հարցուփորձ արել: Լսելով հայերեն պատասխանները, նրանք ավտոմատները ուղղել են դեպի իրենց և հրամայել պառռել, աղմուկ չհանել:

Քիչ անց, երբ ուշքի են եկել, նրանք արդեն տեսադաշտում չեն եղել: Պարզվել է, որ ադրբեջանցիներ են եղել,ովքեր մոլորվել էին սահմանում. «Զանգեցինք Սիսիան, զինվորականները եկան, անտառը «սանրեցին», բայց հետքներն էլ չէր մնացել: Հանդիմանեցին, թե ինչու ենք բաց թողել, բայց մենք անզեն, նրանք ավտոմատներով, ինչ կարող էինք անել»,- պատմում է Ռաֆիկը: Նա վստահ է, որ գյուղից երևացող ադրբեջանական կրակակետերը աչալրջորեն վերահսկում է հայկական բանակը, բայց ավելորդ չի համարում, որ գյուղում նաև բնակիչներին թույլատրվի զենք պահել:

 Սահմանապահ գյուղում ՏԻՄ ընտրություններ են

Դպրոցի դասասենյակներից մեկում, որը միժամանակ գյուղապետի կաբինետն է, համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են: Ժամը 12-ի դրությամբ 68 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 16-ը: Ընտրողները հիմնականում Սիսիանում են ապրում, քվերակության գալիս են տաքսիով՝ վճարելով 6 հազարական դրամ: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Թերեզա Գալստյանը նշում է, որ ընտրություններ կեղծելու մասին խոսք չի կարող լինել. «Ոչ քվորումի խնդիր կա ոչ էլ լցոնումների կարիք»,-կես լուրջ կես կատակ ասում է նա:

Ավագանու անդամների հինգ տեղի համար  պայքարում է վեցը: Ավագանու անդամների թեկնածուները հիմնականում գյուղաբնակներ են: Կեսօրին մոտ քվեարկությանը չի մասնակցել համայնքի ղեկավարի միակ թեկնածու գործող գյուղապետ Սասուն Սահակյանը: «Դաշտում եմ, տրակտորի մաս է վնասվել, շտապ պիտի վերանորոգվի, սա ավելի կարևոր գործ ա, դեռ կհասցնեմ ընտրել», -հեռախոսով ասաց նա: Գյուղապետի խոսքով քանի պետությունը կոնկրետ ծրագիր չունենա սահմանամերձ  գյուղերի համար, տեղական միջոցներով ինչ որ խնդիր լուծելու մասին խոսք չի կարող լինել: «Աղքատ պետություն ա, ինչ սպասենք, բայց դե Սյունիքում էլի գյուղեր կան, որոնք Նախիջևանին սահմանակից են, էս կողմերում դեռևս իրական վտանգ չկա, դրա համար էլ երևիի մեզ բանի տեղ դնող չկա»,- մտահոգությունն է հայտնում Սասունը: Նա նաև նշում է, որ գյուղը գիշերային լուսավորությամբ է ապահովվել, շոտով խմելու ջրի խնդիրը առաջիկա ամսվա մեջ կլուծվի, բայց միևնույն է, գյուղ եկող չկա: Նա նաև թերահավատ է, որ անգամ նման փոքր գյուղերի համար համայնքների խոշորացումը կարող է ինչ որ բան փոխել. «Էդ արդեն վերջը կլինի»,-համոզված է գյուղապետը:

Համայնքապետը վստահ չէ, որ գյուղի ապագան կարող է փոխվել և կամ, որ ընտրությունները որևէ դեր կարող են խաղալ, ասում է, որ որպես թեկնածու, օրենքով սահմանված կարգով վստահված երկու անձ ունի, բայց մտահոգված չէ ընտրությունների արդյունքներով:

Փոխարենը գյուղի կենտրոնում, ընտրատեղամասից քիչ հեռու արդեն խնջույքի պատրաստություն են տեսնում՝ մի կողմում ոչխար են մորթում, մի այլ տեղ խորոված համար կրակ վառում. Հարցիս, թե երկու թեկնածու լինելու դեպքում ևս վստահ կլինեին, որ գործող գյուղապետը  կհաղթի, պատասխանում են, թե էդ դեպքում էլ երկուսը կմորթեին, մեկը հաղթողի, մյուսը՝ պարտվողի համար:

Ավելի ուշ տեղեկացա, որ  Արևիսում այսօր կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 31 ընտրող, ովքեր բոլորը քվեարկել են Սասուն Սահակյանի օգտին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter