ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Թե ինչպես 14 տարի անց Փարիզում հանդիպեցին ջութակահար եղբայրները



Հենրիկ եւ Հրայր Կարապետյանները հիմնադրել են «Karapetyan brothers» («Կարապետյան եղբայրներ») երաժշտական նախագիծը՝ հանդիպելով 14 տարի անց

Երբ 20-ամյա Հենրիկը մեկնում է Հայաստանից, Հրայրը ընդամենը 10 տարեկան էր եւ նոր էր սկսում քայլերը պրոֆեսիոնալ երաժշտության ասպարեզում։ Տարիների ընթացքում եղբայրներից յուրաքանչյուրը սկսում է հարթել երաժշտական կարիերայի իր ուղին․ Հենրիկը՝ Միացյալ Նահանգներում, Հրայրը՝ Բելգիայի Թագավորությունում։

Հենրիկ Կարապետյանը տարիներ անց պայմանագիր է կնքում Միչիգանի Օպերայի նվագախմբի հետ եւ այնուհետեւ ստանում դոկտորի կոչում, այս ընթացքում Հրայրը մասնակցում եւ արժանանում է երաժշտական միջազգային մրցանակների (Արամ Խաչատրյանի անվ․ միջազգային մրցույթ, «Triomphe de l'Art» Բրյուսելի միջագային երաժշտական մրցույթ):

Հետաքրքիր զուգադիպությունների պատճառով եղբայրներին վիճակված չէր հանդիպել 14 տարի շարունակ։

Հենրիկը Միացյալ նահանգներ մեկնելու վիզան ստանում է մեկ մուտքի հնարավորությամբ․ Հայաստան վերադառնում է միայն 10 տարի անց։ Վերադարձից ընդամենը մեկը շաբաթ առաջ Հրայրն արդեն մեկնում է Բելգիա՝ Լյուվենի կոնսերվատորիայում կրթությունը շարունակելու նպատակով։

Եվ միայն 14 տարի անց նույն երաժշտությունը, որի որոնումների պատճառով եղբայրներին վիճակված չէր հանդիպել, միացնում է նրանց․ երկուսն էլ հրավիրվում են Փարիզ՝ ՀԲԸՄ-ի ( Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն) նախաձեռնած  Համաշխարհային հայկական նվագախմբի համերգային մեծ իրադարձությանը (նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին)։

Այս հանդիպման արդյունքում վերջապես կյանքի է կոչվում «Karapetyan brothers» երաժշտական նախագիծը (գաղափարը հասունացել էր դեռ տարիներ առաջ)։ Եղբայրները  համերգներով հանդես են գալիս Բելգիայում եւ Հոլանդիայում՝ պլանավորելով համերգային տուրը շարունակել նաեւ Միացյալ Նահանգներում եւ Կանադայում։

Կապ հաստատեցինք Հրայր Կարապետյանի հետ

-Հրայր, բավականին հուզիչ է եղբորդ հետ ունեցած պատմությունը։ Երկուսդ էլ աշխարհի տարբեր անկյուններում, իրարից այդքան հեռու, նույն երաժշտական գործիքն եք կրում եւ արդեն ձեռքբերումների շրջանում եք։ Եվ հանկարծ հենց երաժշտական առիթն էլ հնարավորություն է տալիս 14 տարի անց հանդիպել։

-Երեւի թե կյանքիս ամենաէմոցիոնալ պահերից մեկն էր։ Օդանավակայանում սպասում էի իրեն։ Աննորմալ զգացում էր։ Նկարագրելու բան չի․ մեկ ժամից ավելի աչքս չէի կտրում մուտքից։ Էմոցիաների, բոլոր տարիների, ամեն բանի հոսքն էր։

Հանդիպումից հետո մոտ 20 ժամ առանց դադարի խոսել ենք․ ոնց որ ծարավ լինեինք նույնիսկ իրար ձայնը լսելու։ Հենց առաջին օրը Փարիզը ոտքի տակ տվեցինք։ Մի ամբողջ օր քայլում էինք, խոսում, նստում էինք, խոսում, նորից քայլում, նորից նստում։ Տպավորություն էր, որ փորձում էինք բոլոր տարիների կորած ժամանակը լրացնել։

Karapetyan brothers» նախագծի համերգային ծրագրում հիմնական շեշտն ինչի՞ վրա է դրված։

-Այս նախագիծն ամենանվիրականն է մեզ համար․ բացի այն, որ այն մեր հանդիպման ու այդքան տարի երազած համատեղության արդյունքն է, նաեւ նվիրված է մեր հոր՝  մշակութային գործիչ, լրագրող,  Հանրային ռադիոյի հոգեւոր հաղորդումների հիմնադիր եւ խմբագիր Հայկ Կարապետյանին։ Հայրս փոքր գյուղում է ծնվել, մեծացել ու հնարավորություն չի ունեցել իրականացնել ջութակահար դառնալու իր երազանքը։ Արդյունքում այսօր այդ երազանքի կրողները մենք ենք՝ նրա երկու զավակները։

Նախագծի շրջանակներում արդեն իսկ համերգներով հանդես ենք եկել Եվրոպայում, հաջորդ տարի պլանավորում ենք նույն ոգով շարունակել Նահանգներում եւ Կանադայում։  

Ծրագրում ընդգրկված են ինչպես համաշխարհային դասականների հայտնի ստեղծագործությունները, այնպես էլ հայ եւ ժամանակակից այլ կոմպոզիտորների գործերը:

Ընգրկվելու է նաեւ ժամանակակից հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի՝ հատուկ այս նախագծի համար գրված ստեղծագործությունը (նախատեսված երկու ջութակի եւ դաշնամուրի համար)։

Նախագծի դաշնակահարն է կինս՝ Հասմիկ Մանուկյանը։

-Անդրադառնալով Բելգիայում քո երաժշտական գործունեությանը, ուրախ եմ ընթերցողին տեղեկացնել, որ վերջերս տեղի ունեցած «Triomphe de l'Art» Բրյուսելի միջագային երաժշտական մրցույթում արժանացել ես Գրան պրիին։ Ի՞նչ ստեղծագործություններ էիր ներկայացնում մրցույթին։ «

-Մրցույթը հիմնականում ներառում է պարտադիր ծրագիր, որն ունի իր տեխնիկական եւ երաժշտական բարդությունները։ Պարտադիր ծրագրում ընդգրկված էր բելգիացի ժամանակակից կոմպոզիտոր Մարկ Մատիսի ստեղծագործությունը։

Հաճախ կա հնարավորություն կատարելու նաեւ նախընտրած կոմպոզիտորների ստեղածագործությունները։ Այսպիսի դեպքերում ես հակված եմ առաջնահերթությունը տալ հայ կոմպոզիտորների գործերին։ Սա հատկապես կարեւոր է, քանի որ դու ստանում ես հնարավորություն այլ երկրում ներկայացնելու քո երկրի արվեստը։

Այս մրցույթի համար ընտրել էի Էդուարդ Բաղդասարյանի ռապսոդիան։ Նվագակցել է կինս՝ Հասմիկ Մանուկյանը, ով հենց առաջին քննադատս է ու աջակցողը։ Եվ սա նաեւ իր հաղթանակն է։

Ինչպես այլ, այնպես էլ այս մրցույթը, հնարավորություն է տալիս ջանքերի եւ աշխատասիրության արդյունքը տեսնելու։ Հաղթելու դեպքում մյուսներն էլ են գալիս այդ նույն համոզման։ Եվրոպայում այսպիսի հաղթանակները գրավում են փառատոներ նախաձեռնողների, երաժշտական աշխարհի հայտնի ներկայացուցիչների, գործակալությունների  ուշադրությունը։

-Կխնդրեմ տեղեկացնես նաեւ, թե «Art of Duo» նախագիծը ի՞նչ փուլում է գտնվում։

-Այս նախագիծը նույնպես ընթացքի մեջ է։ Արդեն իսկ մտածում ենք 2-րդ ձայնասկավառակի մասին։ Հետաքրքիր առաջարկներ ենք ստացել, որոնք նախնական քննարկման փուլում են։ Հենց նորություններ լինեն, սիրով կտեղեկացնեմ։

-Հաջողություն առաջիկա երաժշտական բոլոր նախաձեռնություններում։ Հաջորդ զրույցը գուցե թե արդեն Հայաստանում լինի․․․

-Ինքս էլ շատ կուզենամ։ Կարծում եմ այդ հանդիպման հնարավորությունը շատ չի ուշանա։

 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. gohar21:26 - 14 սեպտեմբերի, 2015
Սիրելի հայրենակիցներ,կ՛հանդիպենք juilliard College, 60 Lincoln Center Plaza, New York, NY ,համերգասրահում, անպայման ՜։
2. Eva Puebla 04:27 - 15 սեպտեմբերի, 2015
I am a big fan of Hrayr and Hasmik, I would like to express my love and admiration. I'm sure this project will continue touching the heart of the people in every remote corner of the world. Tons of love!
3. Ռոբերտ15:33 - 24 սեպտեմբերի, 2015
Շատ հուզիչ էր: Լավ է. որ տաղանդը իր ճանապարհը հարթում է: Ապրեք տղաներ:
4. Эльчин10:59 - 15 հունիսի, 2018
поздравляю искренно
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ