HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին զանգը` Թբիլիսիի 103-րդ դպրոցի հայկական բաժնում

Այսօր Առաջին զանգը հնչեց Մետրոմշենի №103 դպրոցի բազմաչարչար հայալեզու բաժնում:  Այս մասին տեղեկացնում է Վրաստանի հայ համայնքը.

«Տվյալ դպրոցի ձախորդությունների և փորձությունների միջով անցած հայկական բաժինն այսօր ապրում է լավագույնի հույսով: Բարելավման հույսերը կապված են Վրաստանի Կրթության նախարարության կողմից տրված խոստումների հետ: Բոլորովին վերջերս` օգոստոսի վերջին, Կրթության նախարարությունը հայտարարել է, որ հաջորդ` 2016թ. ուսումնական տարին աշակերտները կդիմավորեն արդեն իրենց, նորակառույց դպրոցի շենքում:

«Հաջորդ տարի մեզ բոլորիս մեծ տոն է սպասվում: 103 դպրոցը, նրա երկու բաժինները` հայկական և վրացական, վերջապես կվերադառնան հարազատ թաղամաս` Մետրոմշեն: Նախարարությունը հայտարարել է, որ դպրոցի շինարարությունը կավարտվի 2016թ. և նոր ուսումնական տարին աշակերտները կդիմավորեն արդեն իրենց շենքում:

Այո´, այսօր 103 դորոցի բաժինները որոշակի խնդիրներ ունեն: Բայց դրանց մեծամասնությունը կապված է նրա հետ, որ մենք ստիպված ենք անցկացնել դասընթացները այլ դպրոցի շենքում: Նկատի ունենալով մեր դրությունը` կարող եմ ասել, որ մենք արժանապատվորեն ենք հաղթահարում խոչընդոտները:

Այս տարի հայկական բաժնում ունենք 8 առաջին դասարանցի: Ավելի շատ կլիներ, եթե մենք լինեինք մեր թաղամասում: Չնայած դրան 8-ը ևս վատ արդյունք չէ: Անցյալ տարի, օրինակ, առաջին դասարան բացել չստացվեց…

Ինչ վերաբերում է ուսումնական տարվա սկզբին, դպրոցին դասագրքերով ապահովելու գործընթացը դեռևս շարունակվում է: Հուսով ենք, որ մինչ շաբաթվա վերջը մենք կստանանք բոլոր անհրաժեշտ գրքերը:

Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հայկական բաժնի աշակերտները ոչնչով հետ չմնան վրացական բաժնի աշակերտներից: Ամեն դեպքում նրանք ստանում են այն նվազագույնը, որն իրենց հասնում է: Հայոց լեզվի և գրականության դասավանդումը տարվում է շատ բարձր մակարդակով: Ինչ վերաբերում է այլ առարկաներին, նրանց մի մասը դասավանդվում է ըստ վրացական դասագրքերի, պետական լեզվով:

Մեր աշակերտները միևնույն մակարդակով տիրապետում են իրենց մայրենի լեզվին` հայերենին, նաև վրացերենին, որը նրանց համար դարձել է երկրորդ մայրենի լեզու», - «Միության» հետ զրույցում ասաց 103-րդ դպրոցի տնօրեն Արչիլ Չխաիձեն:

Առաջին Զանգի կապակցությամբ հայկական բաժնի առաջին դասարանցիները փոքրիկ համերգ էին կազմակերպել: 8 առաջին դասարացիներից յուրաքանչյուրը փոքրիկ բանաստեղծություն արտասանեց: Բոլոր բանաստեղծությունները հնչեցին Մայրենի լեզվով և Մայրենի լեզվի մասին:

Համերգի սկսվելուց առաջ առաջին դասարանցիների ծնողներին դիմեց դասարանի դասղեկ Լուիզա Մուրադյանը: Նա երեխաներին հաջողություն մաղթեց, իսկ ծնողներին համբերություն: Լուիզա Մուրադյանը նաև ընդգծեց, որ հաջորդ տարին 103-րդ դպրոցի աշակերտների համար կլինի տոն, քանի որ նրանք վերջապես կվերադառնան իրենց շենքը:

Առաջին դասարանցիների ելույթից հետո, երբ սկսվեց նրանց կյանքի առաջին դասը, «Միությունը» առաջարկեց առաջին դասարացիների ծնողներին պատասխանել մեկ հարցի` «ինչո՞ւ է կարևոր, որպեսզի հայերը սովորեն հայկական դպրոցում»:

«Ես հայ եմ, այդ պատճառով էլ ուղարկել եմ իմ երեխային հայկական դպրոց: Ի՞նչ կա զարմանալի: Զարմանալին այն է, երբ հայերն իրենց երեխաների համար այլ դպրոցներ են ընտրում: Դա ինքնասիրության և պատվի հարց է: Հայերը պետք է հայկական դպրոցներում սովորեն: Էլ ինչների՞ս են պետք մեզ դպրոցները, եթե մենք այնտեղ չենք ուսուցանելու մեր երեխաներին», -ասաց առաջին դասարանցի հայր Մհեր Քոչինյանը:

«Երեխան պետք է սովորի իր Մայրենի լեզվով: Իզուր չէ, որ այդ լեզուն Մայրենի է: Ինչո՞ւ տանջել երեխային և ստիպել նրան սովորել օտար լեզվով, վրացերենն, այսպես թե այնպես, շատ բարձր մակարդակի վրա ուսուցանում են մեր դպրոցներում: Ես կասեի, որ մեր աշակերտները վրացերեն գիտեն շատ ավելի լավ, քան շատ վրացիներ… Հենց դրա համար էլ իմ երեխան սովորում է հայկական դպրոցում: Ես ինքս ավարտել եմ հայկական դպրոց և կարող եմ ասել, որ դա ինձ միայն օգնել է», -ասաց առաջին դասարանցի Կարինայի մայրը` Դիանա Խաչատրյանը:

«Այսօր առաջին դասարան է եկել իմ երրորդ երեխան` Էդգարը: Երկու ավագներն էլ սովորել են հայկական դպրոցում: Չէ՞ որ դա ճիշտ է, երբ հայ երեխաները սովորում են հայկական դպրոցում: Մեր ընտանիքում կասկածի րոպե անգամ չի եղե, թե որ դպրոցում պետք է սովորեն երեխաները: Շուտով մեր դժվարությունները կավարտվեն: Մենք կվերադառնանք հարազատ թաղամաս… Նրանք, ովքեր ասում են, թե հայկական կրթությունն ապագա չունի, կա´մ սխալվում են, կա´մ նպատակադրված ստում: Սովորելով հայկական դպրոցում` երեխան կատարելապես տիրապետում է պետական լեզվին և միաժամանակ չի կտրվում Մայրենի լեզվից: Երեխան մնում է նա, ով ծնվել է` հայ, և միաժամանակ դառնում է օրինակելի քաղաքացի», -ասաց Ռուզան Ավետիսյանը:

«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» պաշտոնաթերթը միանում է բազմաթիվ շնորհավորանքներին և Վրաստանում գործող հայկական դպրոցների ու «բաժինների» բոլոր աշակերտներին ցանկանում է բարեհաջող և արդյունավետ ուսումնական տարի: Թող բոլոր գիտելիքները, որոնք Դուք կստանաք հայակական դպրոցների պատերի ներսում, դարձնեն ձեզ ավելի մոտ Ձեր իսկ ժողովրդին, դարձնեն Ձեզ իսկապես երջանիկ և կատարյալ մարդիկ: Մենք համոզված ենք, որ արդեն իսկ այսօր հայկական դպրոցների և բաժինների նստարաններին մեծանում են ապագա Նարեկացին ու Րաֆֆին, Նժդեհը, Դրոն ու Թեհլերյանը… և իսկական հայերը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter