HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

13-ամյա «ղուշբասը» Երասխից

«Վաճառվում է»: Կապույտ ներկը թափված դարպասներին խոշոր տառերով գրված այս գրությունը շփոթեցնում է: Դարպասը հրում ենք՝ մտածելով, թե ներսում մարդ չկա: Մինչդեռ այստեղ բնակվում է Արարատի մարզի Երասխ գյուղի միակ աղավնի պահողի՝ 13-ամյա Սարգիս Մուրադյանի ընտանիքը:

«Գյուղում հիմի մենակ ես եմ ղուշ պահում, ուզում եք, գնացեք հարցրեք, կտեսնեք»,- սա ասելուն պես սկսում է սուլելով իր մոտ կանչել աղավնիներին: Քիչ անց կարմիր ամանը կիսով չափ լցված ցորեն է բերում: Աղավնիներին հավաքում է ուղիղ մեր դիմաց: Հարևանցի հպարտությամբ է նայում դեպի մեր կողմ, երբ մենք ուշադիր դիտում ենք աղավնիները: «100 աղավնի ունեմ»,- ասում է Սարգիսը:

Մեր հարցերից խուսափելու համար երբեմն ցորեն է բերում պահեստից, լցնում բակի կենտրոնում, աղավնիները միանգամից հավաքվում են: Աղավնի պահելը Սարգսի ընտանիքում ժառանգաբար է: Տղան ասում է, որ սկզբում պապն է պահել, հետո՝ հայր, հիմա՝ ինքը: «Աղավնին համ սիրուն թռչուն ա, համ էլ խաղաղության թռչուն ա»,- բացատրում է Սարգիսը: Նախկինում աղավնի պահողների միջև մրցակցություն էր լինում: Գրազով աղավնի էին թռցնում: Սարգիսն ասում է՝ հաղթում է այն աղավնին, որն ավելի երկար է թռչում, ավելի բարձր, ավելի սիրուն խաղեր է տալիս օդում: «Գրազ են գալիս ղշի, ավտոյի, տան վրա էլ: Օրինակ, որ Արարատում էինք մնում, մի մարդ եկավ, պապայիս ասաց՝ «24»-ի բանալիները վերցրու, էս ղուշը տուր ինձ, պապաս չէր տվել, հաջորդ օրը էդ ղուշը սատկել էր»,- հիշում է «ղուշբասը»:

100 աղավնի պահելու համար ամսական մեկ պարկ ցորեն է գնում: Երբեմն թռչուններին վաճառում է, բայց, ասում է, եղել են դեպքեր, երբ նվիրած կամ վաճառած աղավնին վերադարձել է իր բակ:

Աղավնիներն իրենց ծածկագիր-նշաններն ունեն: Սարգիսը հիշում է իր բոլոր աղավնիների ծածկագրերը: Մեկի ոտքերին, օրինակ, օղակներ կան՝ «կոլցոներ», մյուսի վրա՝ նշաններ:

«Ես դեղին ղուշ ունեի, էդ ժամանակ գծերից ներքև էինք մնում (նկատի ունի Երևան-Երասխ-Նախիջևան երկաթգիծը, որը գյուղը բաժանում է երկու մասի- հեղ.), ապրիլի 1-ին ղուշին թռցրել էի, իջել էր Նախիջևան, բռնել պահել էին, էս տարի էլ «Օդնոկլասսնիկիով» տեսա նկարը, ռուսերեն գրեցի, ասացի՝ էս իմ ղուշն ա, քեզ որտեղի՞ց, թռցրու, թող հետ գա, ասաց՝ դե պարոլն ասա, թռցնեմ: Ասացի՝ ոտի մատները լրիվ կա՞, ասաց՝ չէ, ոտի մատները կտրած ա: Իրենք էին կտրել, որ պարոլը ասելուց իրենք ասեն՝ էդպես չի»,- նշում է Սարգիսը:

Իր աղավնիների մեջ փոստատար չունի, սակայն, ասում է՝ երեք ամիս առաջ իրենց բակում փոստատար աղավնի է բռնել: «Սամալյոտի բարձրության պես թռնում էր, շատ բարձր, սոված էր, կերը գցեցի, ղշերի հետ իջավ: Իջավ, քիթը երկար էր, սև, պոչին պեչատ կար, կոլցո կար: Նախիջևանից էր եկել»:

13-ամյա տղան օգնում է ծնողներին՝ առավոտյան վաղ է արթնանում, կովերին, խոզերին կերակրում է, փոքր հողակտոր ունեն, ձմերուկ է աճեցնում: Մայրը՝ Աննա Թագվորյանը, ավելացնում է, որ ձմերուկն այնքան չեն կարող ստանալ, որ վաճառեն, հազիվ տան համար են աճեցնում:

«Դպրոցի ժամանակ դասերից հետո եմ օգնում,- նկատում է Սարգիսը՝ շարունակելով,- մաթեմատիկա, հայոց լեզու եմ սիրում… Հոսանքից եմ գլուխ հանում, տենց ուզում եմ դառնամ ավտոյի մեխանիկ»: Հարցնում ենք՝ հոսանքից ո՞նց ես գլուխ հանում, ժպտում է, թե՝ «տանը մի բուֆեր ունեի, ձեն չէր գալիս, փչացել էր, սարքեցի, հեն ա՝ լավ էլ աշխատում ա»:

Սարգիսը հարցերին անմիջապես չի պատասխանում, մի քանի վայրկյան դադարից հետո հակիրճ պատասխան է տալիս: Ասում է՝ ավելի հեշտ է շփվել կենդանիների հետ, քան մարդկանց, որովհետև կենդանիներն ավելի լավ են հասկանում, քան մարդիկ:

«Ի՞նչ ես մտածում քո ապագայի մասին, կուզե՞ս ապրել մեկ այլ երկրում»,- հարցնում ենք նրան: Սարգիսը աթոռին նստած սկսում է սվսվացնել, աղավիներին է նայում, այնուհետ ձեռքերն իրար մեջ առնելով, գլուխը կախելով, պատասխանում է. «Եսիմ, եվրոպական երկիր չէ, հոպարիս մոտ կգնայի ապրեի: Հոպարս Ռուսաստանում ա ապրում, բայց եթե Արարատ էլ ապրի, կգնամ իր մոտ»:

Մեր զրույցի ընթացքում նա երբեմն դեպի երկինք է նայում: Ասում է՝ դեպքեր են եղել, երբ ծիվը-ծիվը՝ բազեն, աղավնիներից տարել է: Հենց լսում է, որ աղավնիները խառնվել են, ձայներ են հանում, գիտի, որ ծիվը-ծիվը վերևում է:

Սարգսի 37-ամյա հայրը գյուղում հայտնի է որպես որսորդ Արսեն: Ժամանակին որսով էր զբաղվում: Նա կողքից լսում էր մեր զրույցը: Ընտանիքն այս տանը վարձով է ապրում: Հարցնում ենք, թե եթե տունը վաճառվում է, որտեղ են տեղափոխվելու: «Տան հարցը լուրջ ա՝ պիտի տնից դուրս գանք, մինչև սեպտեմբեր ժամանակ են տվել, որ պիտի ազատենք տունը»,- ասում է ընտանիքի մայրը:

3 երեխաները՝ Սարգիսը, քույրն ու եղբայրը, լսում են մոր խոսքերը: 4-ամյա Գևորգը խաղում է թղթե տուփի մեջ պահված թութակի հետ, հետո ասում, որ ինքը վառել էր կովերի բաժին խոտը: Մայրն ասում է՝ երեխան ճիշտ է խոսում: Նախորդ տարվա նոյեմբերին չեն իմանում, թե ինչպես Գևորգը վառել է 500.000 դրամի խոտը: «Իսկ ինչո՞ւ էիր վառել»,- հարցնում եմ նրան: «Որ տաքանամ»,- վրա է բերում Գևորգը:

31-ամյա Աննան նշում է, որ գյուղում գազ չկա, փայտ չկա: Ձմեռը տունը ջեռուցելը խնդիր է: Իսկ ամռանը բակը լի է օձերով ու կարիճներով:

Մուրադյանները Երասխ են տեղափոխվել են 2005-ին Արարատ քաղաքից: Այնտեղ բնակվում էին Արսենի հայրական տանը, այնուհետ տունը վաճառելուց հետո երիտասարդ ընտանիքը մնացել է դրսում: Ստիպված տեղափոխվել են Երասխ: «Եկանք կարիճների ու օձերի բերան»,- ասում է Աննան:

Մեր այցելության օրը կինն ամուսնու հետ գնացել էր հիվանդանոց. «Առողջական խնդիրներ ունեմ, արյունը ուղեղս չի սնուցում, ուժեղ նյարդային եմ դարձել հորս մահից հետո: Հայրս մահացավ իմ ձեռքերի վրա, ուժեղ սթրես տարա, մենակ էի: Գևորգի անունը դրեցի ի հիշատակ հորս: Երեխան ծնվելուց հետո շնչառական խնդիրներ էր ունեցել, բժիշկներն ասում էին՝ կարող է չապրի, բայց պայքարեց: Գևորգն ուժեղ երեխա է»:

Ասում է՝ առավոտից իրիկուն ինչքան էլ աշխատում են՝ միևնույնն է, չեն հասցնում: 3 կով ու մի մայր խոզ ունեն հիմա, ձմերուկ են աճեցնում, բայց տան ծախսերը շատ են, տուն ունենալու երազանքը՝ մեծ: «Սա մի այլ կարգի տեղ ա, ես վախենում եմ էստեղ մնամ, դեղին կարիճը կծեց թևս, օձերն էլ լիքն են»,- նշում է Աննան:

Դարպասների մոտ Մուրադյանները մեզ հրաժեշտ են տալիս, քիչ անց Գևորգը կանչում է, թե «հաջորդ անգամ որ գաք, հեծանիվ կբերեք ինձ»: Ժպտում ենք:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանություններ (3)

Հովսեփ
Հայաստանի մեջ նման ընտանիքները կազմում են բնակչության մի ստվար զանգվածը: Ու չկա մեկն իշխանություններից, որ էս մարդկանց հոգսերը գոնե մի քիչ թեթևացնի: Էտ 13-ամյա տղան արդեն հոգով արտագաղթած ա Ռուսաստան: Ու էսպես մանուկ հասակից մենք` հայերս արդեն մտածում ենք ոնց փախչենք այլ երկիր: Իսկ պատճառների պատճառը միմիայն ծանր սոցիալական պայմաններն են ու ապագայի հանդեպ լավատեսության բացակայությունը:
Արմենակ Եղիայեան
Հայաստանի մէջ այնքան կան հարուստներ, որոնք չեն գիտեր դրամնին ո՞ւր պիտի ծախսեն: Չօգնէի՞ն այսպիսի հրաշալի հայ ընտանիքներու:
Վահրամ
Ի՛նչ ժպտադէմ ընտանիք: Մեղայ աստուծոյ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter