HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի պատգամավոր. «Սահմանային միջադեպերի նվազեցման միակ տարբերակը առաջնագծի ամրապնդումն է»

«Հետքի» հարցերին պատասխանում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

-«Ստրատֆոր» միջազգային հետազոտական կենտրոնն անդրադարձել է ԼՂՀ-ի հակամարտության խնդրին՝ չբացառելով, որ հիմնահարցը առաջիկա ամիսներին կարող է լուծվել ռազմական ճանապարհով: Կենտրոնը  չի բացառել նաև Ռուսաստանի և Ադրբեջանի հնարավոր համագործակցությունն այդ հարցում: Ի՞նչ եք կարծում՝ բանակցությունների փակուղին կարո՞ ղ է բացվել ռազմական ճանապարհով: Մարտական գործողությունների վերսկսման նախադրյալներ տեսնո՞ւմ եք:

-Մարտական գործողություններ այսօր էլ տեղի են ունենում, հարց է արդյո՞ք դրանք ավելի կակտիվանան թե ոչ: Եթե 5-6 տարի առաջ տեղի էր ունենում «դիպուկահարների պատերազմ» զուգակցված ակտիվ դիվերսիոն գործողություններով, որոնց 1 տարի առաջ հաջորդեց խոր թափանցումներով դիվերսիոն մարտավարությունը, ապա այսօր արդեն ականատես ենք խոշոր տրամաչափի զենքերից ռմբակոծումների, ընդհուպ հրթիռակոծման: Հնարավոր է, որ այս ամենը ինչ-որ պահ դուրս գա վերահսկողությունից` հանգեցնելով ավելի լայնամասշտաբ գործողությունների: Մեր խնդիրը բոլոր սցենարներին պատրաստ լինելն է: Ես հակված եմ կարծելու, որ Ալիևի ռեժիմը, ընդհուպ Ռուսաստանի հետ որոշակի պայմանավորվածությունների առկայության դեպքում, կվախենա լայնամասշտաբ մարտական գործողություններ սկսելուց: Պատերազմը միշտ էլ առաջացնում է նոր ու անկանխատեսելի ուժեր, որոնք կարող են լուրջ վտանգ սպառնալ Ալիևի կլանին, իսկ առավել քան ակնհայտ է, որ Իլհամ Ալիևն առավելապես իշխանությունը հավերժ պահելու խնդիր է լուծում և ռիսկի չի դիմի:

-Երեկ Դուշանբեում ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների հետ հանդպմանը Սերժ Սարգսյանը տեղեկացրել է շփման գծի երկայնքով  տիրող լարված իրավիճակի մասին: Սակայն նախագահների հայտարարության մեջ կոնկրետ անդրադարձ չկա սահմանային վիճակին: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Մեր գործողությունները պետք է ելնեն դաշնակցային պարտավորությունները և գործընկերների կարծիքները հաշվի առնելու, ինչպես նաև ՀԱՊԿ մեկ կամ մի քանի անդամ պետությունների շահերին հակասող նախաձեռնություններին համատեղ հակազդելու անհրաժեշտությունից»: Ի՞նչ է բխում այս ամենից: Ի՞նչ ակնարկ է սա:

-Նորություն չէ, որ ՀԱՊԿ որոշ անդամներ ղարաբաղաադրբեջանական հակամարտության մեջ հակված են Բաքվի կողմը: Հայաստան-Ադրբեջան սահմանային միջադեպերի դեպքում էլ ակնկալել, ասենք Ղազախստանից հայանպաստ ինչ-որ դիրքորոշում, մեծ անմտություն է, և իզուր է խոսել նման պետությունների կողմից դաշնակցային պարտավորությունների կատարման մասին: Ավելին, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ՀԱՊԿ որոշ երկրներ  նույնիսկ չեզոք չեն կարող արտահայտվել, և պետք չէ այս կառույցից ակնկալիքներ ունենալ: Նման վիճակը պայմանավորված է նաև Հայաստանի դերակատարության անկմամբ` որպես  տարածաշրջանային գործոն, ինչպես նաև ՀՀ իշխանությունների միջազգային ասպարեզում ցածր հեղինակությամբ:

-Սեպտեմբերի 24-25-ին Նյու Յորքում սպասվում է  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախագահների հանդիպումը: Մամեդյարովը նշել է, որ վերջին շրջանում հրադադարի խախտման դեպքերը շատացել են, և այդ հանդիպմանը հուսով է ինչ-որ արդյունք ձեռք կբերվի: Ապա ասել է, որ Ռուսաստանն ամրապնդել է իր դիվանագիտությունն այդ ոլորտում: Ի՞նչ է ենթադրում այդ արդյունքը երկու կողմերի համար:

-Ես լավատես չեմ սահմանային միջադեպերը բացառելուն ուղղված ջանքերի նկատմամբ, ավելին, վստահ եմ, որ դրանք չեն վերանա ո՛չ արտգործնախարարների, ո՛չ էլ նախագահների հանդիպումների արդյունքում: Սահմանային միջադեպերի նվազեցման միակ տարբերակը հայկական զորամիավորումների կողմից սահմանի, առաջնագծի ամրապնդումն է, թշնամու նկատմամբ դիրքային առավելության հասնելը:  Առաջիկա տարիների մեր ջանքերը պետք է ուղղված լինեն խոցելի ուղղություններում գերակա դիրքերի ձեռքբերմանը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը, ապաստարանների ստեղծմանը բոլոր բնակավայրերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter