HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձունի նորակառույց սպանդանոցը չի շահագործվում. Լոռու մարզում ամեն օր անասունների բակային հակասանիտարական մորթ է կատարվում

Օձունի նորակառույց սպանդանոցը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից  իրականացվող «Աջակցություն  սպանդանոցների զարգացմանը Հայաստանում» ծրագրի  շրջանակներում կառուցված հանրապետության 5 սպանդանոցներից մեկն է:

Սպանդանոցի շինարարությունը և ծրագրային սարքավորումների տեղադրումը ավարտվել է 2015 թ.-ի փետրվարին, սակայն այն առ այսօր չի շահագործվում:  

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և օձունցի անհատ ձեռնարկատեր Խասիկ Տիտանյանի միջև 2012թ. դեկտեմբերի 19-ին կնքած պայմանագրի համաձայն` Խասիկ Տիտանյանը իր  ֆինանսական միջոցներով վերակառուցել և ժամանակակից սպանդանոցային պայմաններ է ստեղծել իր սեփականությունը հանդիսացող Օձունի նախկին հացի գործարանի շենքում: «Վերակառուցման շինաշխատանքերի  համար «Պրոկրեդիտ» բանկից  վերցրած 20մլն. դրամ գումար եմ ներդրել: Վարկի  մարումը դեռ ընթացքի մեջ է:  Անասուններ  ունեինք , տնտեսություն  ունեինք, լրիվ ծախել ենք, ներդրում ենք  արել: Գյուղատնտեսության  նախարարության ասելով` 130 հազար դոլարի (65 մլն.  դրամ) ծրագրային սարքավորումներ  են տեղադրվել  սպանդանոցում, սակայն այն չենք  կարողանում շահագործել»,- ասում է անհատ ձեռնարկատեր Խասիկ Տիտանյանը:

Վերջինս Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանի մայրն է: Սպանդանոցի ծրագրային սարքավորումների ֆինանսավորումը կատարել է Հունաաստանի կառավարությունը: Շինմոնտաժային աշխատանքերը  2014թ. նոյեմբերից մինչև 2015թ. փետրվարը կատարել է Հունաստանի HATZIAOKIMIDIS S.A ընկերությունը:

«Մենք 40 տարի առաջ Օձունի վարչական տարածքում ավելի մեքենայացված սպանդանոց ենք ունեցել,  քան այսօրվա սպանդանոցը: Այստեղ մորթը կատարվելու է ձեռքով: Աշխարհի ոչ մի  սպանդանոցում այս թվին ձեռքով անասունի մորթ  չի  արվում»,- դժգոհեց գյուղապետ Ա. Տիտանյանը : 

Տնօրեն Սեյրան Տիտանյանի ասելով` սպանդանոցի հոսքագծի մոնտաժային աշխատանքերը հույն  մասնագետների կողմից կիսատ, պռատ է կատարվել:

«Մի անգամ փորձնական միացրին, չաշխատեց,  էդպես  էլ  թողեցին, ասացին ֆինանսավորումն ավարտվել է, հույն մասնագետները գնացին ու գնացին»,- հայտնեց տնօրենը:

Արսեն Տիտանյանի ասելով` Օձունի սպանդանոցը կարող է  աշխատել միայն այն դեպքում , երբ կառավարությունն արգելի մարզի անասունների բակային մորթը:

Սպանդանոցի շահագործման հետ կապված ՀՀ  գյուղատնտեսության նախարարի 1-ին տեղակալ Գրիշա Բաղիյանը «Հետքին» պարզաբանեց. «Օձունի սպանդանոցի սեփականատերը   ինքը  պետք է շահագրգռված  լինի սպանդանոցի շահագործման համար: Մենք  բակային  մորթերը  չենք կարող արգելել: Շահագործման  ընթացքում գյուղացին պետք է տեսնի, որ սպանդանոցում իր անասունին  մորթելը ավելի շահավետ է և տանի այնտեղ մորթելու: Պետք է մրցակցություն լինի: Սպանդանոցի տնօրենը  ճիշտ  է ասել , սպանդանոցում կան հոսքագծերի անսարքություններ, դա պետք է վերացնի  սպանդանոցի  սեփականատերը»:

Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 19-ի «Սպանդանոցների զարգացման  աջակցության» պայմանագրի 4.3 կետով`  նախարարությունը պարտավոր է ընկերությանը տրամադրել պայմանագրով նախատեսված ծրագրային գույքը: Թե ինչու է ծրագրային գույքի անորակ մոնտաժման պատասխանատվությունը դնում սեփականատիրոջ վրա, Գ. Բաղիյանը չպատճառաբանեց:

Վերջինս, սակայն, հայտնեց, որ գյուղնախարարության կողմից սպանդանոցների գործունեության վերաբերյալ ռազմավարություն է առաջիկայում ներկայացվելու կառավարությանը: «Հաստատվելուց հետո սպանդանոցները  կաշխատեն  այդ  ռազմավարությամբ»,- հայտնեց Գ.Բաղիյանը:

«Մենք մրցակցությանը չենք դիմանա, անասունի մորթ անելու դեպքում սպանդանոցում պետք է ծախսվի հոսանք, ջուր, էներգիա, պետք է բժիշկ և  լաբորատորիա աշխատի, կարո՞ղ  ենք մենք  մրցակցել էն մարդու հետ, ով մի թփի տակ անասուն է մորթում ու իր «Վոլգա» ավտոմեքենայի կեղտոտ բագաժնիկով տեղափոխում է շուկա»,-հակադարձեց գյուղապետ Ա. Տիտանյանը: Հիշեցնենք որ «Հետքը» անցած  տարիներին պարբերաբար ահազանգել է տարածաշրջանում մսամթերքի հակասանիտարական սպասարկման մասին:

Օձունն իր վարչական տարածքում ունի բեկարի հոր, որը նախատեսված է սատկած և բրուցելոզով, սիբիախտով ու այլ վտնգավոր հիվանդություններով հիվանդ անասունների համար: Այդ  անասունները պետք է էդ հորի մեջ պահվեն, որպեսզի վարակը չտարածվի:

«Ես կարող  եմ ասել, որ մոտավորապես  2010թ.-ից էդ հորի մեջ ոչ մի անասուն  չի  գցվում: Բոլոր  տեսակի հիվանդ  անասունները իրացվում են  մարզի  շուկաներում:  Ես շատ  զարմացած եմ ,  թե ինչով է ընդհանրապես  զբաղված մեր երկրի սննդի անվտանգության տեսչությունը»,- հայտնեց Օձունի  գյուղապետը: Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և  բնապահպանության  վարչության  պետ Գրիգոր Հակոբյանը այսօր մեզ հայտնեց, որ մարզում այս  պահին  հաշվառված  են 78 493 խոշոր, 33 504 մանր  եղջերավոր անասուններ և 9965 խոզեր: Ըստ Գ.Հակոբյանի` Թումանայանի տարածաշրջանում գրանցված են  17 785 խոշոր , 7478 մանր եղջերավոր անասուններ  և 4499 խոզեր.  «Մարզում ամեն  օր կատարվում  են  բակային մորթեր , սպանդանոց  չունենք»,- հայտնեց Գ.Հակոբյանը:

 

 

 

Մեկնաբանություններ (5)

Արարատ
Ես շատ զարմացաց եմ, թե ինչու մինջև հիմա գյուղնախարարը մի քանի պարսիկի հետ Օձունի սպանդանոցում ձեռքով ոչխարի մորթ չի կազմակերպել:
Ապարանցի
Կարծում եմ, որ ոչ թե միայն Օձունի սպանդանոցը չի աշխատում այլև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն սպանդանոցների զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կառուցված հանրապետության բոլոր 5 սպանդանոցներից ոչ մեկն էլ չեն աշխատում: Ես ամեն օր անցնում եմ Հարթավանում կառուցված սպանդանոցի կողքով՝ մի քանի անգամ և օրվա տարբեր ժամերին, և երբեք սպանդանոցի դուռը բացված չեմ տեսել կամ տարածքում որևէ մարդ չեմ նկատել, նույնիսկ անասունի հետք էլ չկա ուր մնաց թե այնտեղ անասունի մորթ արած լինեն.....
Սերգեյ
Այսօր իմ ընկերներից մեկը պատմում էր, որ Մադան գյուղի բնակիչներից մեկի 5 կովը Ալավերդու նորակառույց աղբավայրում կերակրվելուց հետո 5-ն էլ սատկել են: Հարազատները առաջարկել են դրանց միսը հանձնել երշիկի ցեխերին: Ընկերոջս ասելով երշիկագործները կգ-ը 500 դրամով են ընդունում սատկած անասունի միսը: Անասնատերը խիղճ է ունեցել, չի համաձայնել: Ալավերդու մսի խանութներից գնած մսից շատ դեպքերում դեղի հոտ է գալիս: Մսավաճառները ինչ կեղտոտ միս ասես չեն ծախում: Հենց փողոցում էլ անասուն են մորթում:Բա Մադանի , Ախթալայի ու Ճոճկանի պոչանք կերած անասունների միսը: Տեր ու տիրական չկա: Անտեր երկիր ա: Սպանդանոցների փողերն էլ կերել են: Մի հարց էլ կա, էդ սպանդանոցը շահագործվելուց հետո ինչ երաշխիք կա, որ դրա տերը բնակչությանը ազնիվ է սպասարկելու: Թամահը անտեր մնա: Անասնաբուժ ասածը սուտ բան է մեզ մոտ: Սննդի անվտանգության տեսչությունը որն է, դրանք սաղ պարազիտներ են:
Աննա Եղվարդի բնակիչ
Եթե Բաղյանի թոռնիկը հաճախելիս լիներ սովորական մանկապարտեզ և սովորական երեխաների նման ուտելիս լիներ մանկապարտեզներում բակային մորթով մորթված ոչ հիգենիկ միսը և թունավորված լիներ , ինձ թվում է միայն այդ դեպքում Բաղյանը կհասկանար , թե ինչու է պետք արգելել բակային մորթը:
Հարութ
Հայաստանում այսպիսի օտարերկյա ներդրումներով մարդիկ շատ հեշտ եղանակով փողերա որ լվանում են:Մեր գյուղնախարարն էլ սենց մի կառույցա տենում ու վազում հետը նկարվում,ես ինչ լավա աշխատում:մեկը չկա ասի էտ որ սպանդանոց եք սարքում, բա հետո:Էլի հանդիպում ենք են երևույթին,որ գործը սկսում ենք վերջից:Առանց նախապայման ստեղծելու սպանդանոց են կառուցում: Վերջում էլի մեկա գյուղացին ա տուժելու.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter