HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը դարձել են առավել կոշտ, համակարգված և նպատակաուղղված

Արա Ղազարյան, Մերի Բաղդասարյան

(հոկտեմբեր 2014թ.-հուլիս 2015թ.)

սկիզբը

Ֆիզիկական բռնություններ և սպառնալիքներ

2014թ. հոկտեմբերից 2015թ.  հուլիսն ընկած ժամանակահատվածում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են։ Ավելին, դրանք դարձել են առավել կոշտ, համակարգված բնույթի և նպատակաուղղված, մասնավորապես` հունիսի 23-ի դեպքերի ժամանակ: Սակայն, մինչ այդ օրվա դեպքերին անդադառնալը, նշենք, թե բռնության և սպառնալիքների ինչ դեպքեր են նախորդել դրան:

Հոկտեմբեր 2014-հունիս 2015

2014-ի դեկտեմբերի 4-ին, երբ «Հրապարակ» օրաթերթի թղթակից Աննա Մաթեւոսյանը տեսանկարահանում էր Ազգային ժողովի մուտքի մոտ տեղի ունեցող ակցիան, ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի թիկնապահը հարվածել է նրա տեսախցիկին։ Լրագրողը հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել, որի պատճառով քրեական գործ չի հարուցվել: Այլ կերպ ասած` գործը դասվել է մասնավոր մեղադրանքի գործերի շարքին: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ  ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 183–րդ հոդվածը սպառիչ կերպով թվում է այն հանցագործությունները, որոնց վերաբերյալ գործերը հարուցվում են տուժողի բողոքի հիման վրա, այն է թե` մասնավոր մեղադրանքի կարգով, շեղումներ նախատեսելով միայն ՀՀ միջազգային պայմանագրերով: Այդ հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 164–րդ հոդվածը վերոգրյալ հանցագործությունների շարքում ընդգրծված չէ: Հետևաբար, իրավապահ մարմինները պարտավոր էին հետամուտ լինել այս գործին` անկախ լրագրողի կողմից դիմումի առկայության կամ բացակայության փաստից:

2014թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը բռնություն է գործադրել «Newsbook.am»-ի լրագրող Քրիստինե Աղալարյանի նկատմամբ, ով դիմել էր նրան հարցազրույց վերցնելու նպատակով։ Մասնավորապես, այն պահին, երբ լրագրողը մոտեցել է նրան հարց տալու նպատակով, վերջինս խլել է լրագրողի հեռախոսը և, հարվածելով ձեռքին, ասել է. «Մի՛ խառնվեք»: Այնուհետև նա վերադարձրել է հեռախոսը լրագրողին ու հեռացել: Տվյալ դեպքում տեղի ունեցած գործողությունները համապատասխանում են ՀՀ Քրեական օրենսգրքի 164–րդ հոդվածի հատկանիշներին, այն է`լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը: Խլելով լրագրողի հեռախոսը, որը նա օգտագործում էր իր լրագրողական օրինական գործունեությունը իրակացնելիս, հնչեցված արտահայտությունը վկայում են վերոհիշյալ հանցագործության առկայության մասին: Ինչպես վերը նշվել է, այս հանցագործությունը չի պատկանում մասնավոր մեղադրանքի կարգով հարուցվող գործերի թվին, ուստի իրավապահ մարմինները պարտականություն են կրում ստուգել հանցագործության հատկանիշների առկայությունը և քրեական գործ հարուցել, որը, սակայն, տվյալ դեպքում չի կատարվել:

Հասարակական քննադատության ու բողոքի մեծ ալիք բարձրացրին 2015թ. հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած դեպքերը, որոնց ժամանակ ԼՂՀ ոստիկանության աշխատակիցները բացահայտորեն ծեծել էին «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ավտոերթի մասնակիցներին, այդ թվում նաև նրանց հետ երթին մասնակցող «Նոյյան Տապան» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Անուշավան Շահնազարյանին։ Ֆոտոլրագրողը նշված վայրում է եղել դեպի Արցախ ուղեւորվող ավտոերթը լուսաբանելու նպատակով։ Միջադեպի հետեւանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:  Լրագրողին ծեծելիս ոստիկաններն ուշադրություն չեն դարձրել նրա զգուշացումներին լրագրող լինելու մասին, անտեսել են լրագրողական վկայականը: Ոստիկանները դադարեցրել են ծեծը միայն այն բանից հետո, երբ խլել են նրա տեսախցիկը: Այս դեպքի առանձնահատկությունն այն է, որ իրավախախտումը տեղի է ունեցել Հայաստանի սահմաններից դուրս՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում։ Այսինքն, եթե պետք է կատարվի քրեական հետապնդում, ապա դա պետք է արվի Ղարաբաղի իշխանությունների կողմից, քանի որ դեպքերը դուրս են Հայաստանի Հանրապետության տարածքային իրավազորության շրջանակներից։

Մարտի 1-ին՝ կեսգիշերի մոտ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի տան եւ պահեստների մոտ բախում է տեղի ունեցել մի խումբ մարդկանց և «Aravot.am» եւ «Newsbook. am» լրատվական կայքերի լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի ու Անի Արամիի միջև, որի արդյունքում խոչընդոտվել է նրանց լրագրողական գործունեությունը։ Բացատրություն վերցնելու նպատակով Հատուկ քննչական ծառայությունից ուղարկված ծանուցումը Հռիփսիմե Ջեբեջյանը չի ստացել։ Մի որոշ ժամանակ հետո լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք հարուցվել է քրեական գործ: Պատասխան է ստացվել, որ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հետաքննություն կատարելու 10-օրյա ժամկետը լրանալու կապակցությամբ գործի հարուցումը կարճվել է։ Այսուհանդերձ, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 175–րդ հոդվածը սահմանում է, որ դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը իրենց իրավասության շրջանակներում պարտավոր են քրեական գործ հարուցել, եթե առկա են տվյալ օրենսգրքով նախատեսված հիմքերն ու առիթները: Վերջիններիս թվում օրենսգրքի 176-րդ հոդվածը նշում է հանցագործության մասին լրատվության միջոցների հաղորդումները, որոնց մասին էլ 179–րդ հոդվածը սահմանում է, որ դրանք պիտի  քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Կրկին նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164–րդ հոդվածը չի պատկանում տուժողի բողոքի հիման վրա հարուցվող  հանցագործությունների թվին:  Այսինքն՝ իրավապահ մարմինները տվյալ դեպքում օրենքի ուժով պարտավոր էին հետամուտ լինել Հռիփսիմե Ջեբեջյանի` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու  վերաբերյալ  լրատվամիջոցների հաղորդմանը: Ուստի, գործը կարճելու որոշման հիմքում դրված պատճառաբանությունը չունի իրավական հիմք:

Ապրիլի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի անվտանգության աշխատակիցները ֆիզիկական բռնություն են կիրառել «Ազատություն» ռադիոկայանի եւ «Ա1+» հեռուստաընկերության լրագրողներ Սիսակ Գաբրիելյանի եւ Ռոբերտ Անանյանի նկատմամբ՝ կապված այն հանգամանքի հետ, որ լրագրողները նկարահանել են ու փորձել են հարցազրույց վերցնել ԱԺ մի խումբ պատգամավորներից։ Հյուրանոցի անվտանգության աշխատակիցները մոտեցել են լրագրողներին ու պահանջել դադարեցնել նկարահանումները՝ պատճառաբանելով, թե դա մասնավոր տարածք է։ Լրագրողները չեն ընդունել այդ բացատրությունը՝ դա պայմանավորելով այն հանգամանքով, որ տվյալ դեպքում իրենք փորձում են հարցազրույց վերցնել հանրային դեմքերից և օրենքով թույլատրված հանրային տարածքում։ Անվտանգության աշխատակիցներից մեկը երկու անգամ հարվածել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին, իսկ մյուսը պահանջել է օպերատորից անջատել տեսախցիկն ու նկարահանումը դադարեցնելու նպատակով հարվածել է լրագրողի ձեռքին։ Լրագրողները դիմել են տարածքում գտնվող ոստիկաններին, սակայն վերջիններս չեն միջամտել։ Մի որոշ ժամանակ անց «Մարիոթ» հյուրանոցի ղեկավարությունը նամակով ներողություն է խնդրել ռադիոկայանի ղեկավարությունից։ Գուցե սա է եղել պատճառը, որ լրագրողը որոշել է հանցագործության մասին հաղորդում չներկայացնել ոստիկանություն։ Մայիսի 15-ին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի ոստիկանության հետաքննության բաժնում կայացվել է քրեական գործը մերժելու մասին որոշում հանցակազմի բացակայության հիմնավորմամբ։ Այս հանգամանքով սույն գործը նույնպես անցնում է վերը նշված գործերի շարքը, որ, անկախ լրագրողի կողմից դիմումի առկայությունից, քրեական գործ պետք է հարուցվեր առնվազն Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հիմքով։

Մեկ այլ դեպք էլ գրանցվել է մայիսի 18-ին Աբովյան քաղաքում, որի շուկային կից տարածքում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնապահները հարվածել էին «Աբովյան» հեռուստաընկերության լրագրողին եւ օպերատորին, քաշքշել նրանց, խփել տեսախցիկին եւ խոչընդոտել մասնագիտական գործունեությունը։ Նկարահանող խումբը եկել էր Գագիկ Ծառուկյանին պատկանող նորակառույց «Առինջմոլ» առեւտրի կենտրոնի դեմ կազմակերպված բողոքի ակցիան լուսաբանելու։ Սույն դեպքի կապակցությամբ քրեական հետապնդում չի իրականացվել։

2014 թվականի փետրվարի 12-ին Երեւանի Մաշտոցի պողոտայում մի խումբ ոստիկանների կողմից «Չորրորդ իշխանություն» օրաթերթի թղթակից Անի Գեւորգյանի եւ «iLur.am» լրատվական կայքի օպերատոր Սարգիս Գեւորգյանի մասնագիտական գործունեությանը միջամտելու, բիրտ ուժ կիրառելու և նրանց ոստիկանություն բերման ենթարկելու հիմքով հարուցվել էր քրեական գործ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) և 309-րդհոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով: Քրեական գործն այնուհետև մերժվել էր հանցակազմի բացակայության հիմքով։[1] Լրագրողը մերժումը բողոքարկել է վերադաս դատախազին և մերժում ստանալուց հետո քննիչի որոշումը վիճարկել է դատարանում՝ Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի ուժով։ Սույն թվի մայիսի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է Հատուկ քննչական ծառայության՝ քրեական գործը կարճելու որոշման դեմ օրաթերթի թղթակցի բողոքը։

Մարտի 13-ին ՀՀ Քննչական կոմիտեն իրավական փոխօգնության մասին Մինսկի կոնվենցիայի շրջանակներում քննչական պահանջ է ներկայացրել Ղազախստանի գլխավոր դատախազություն՝ կապված Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ընկերակցության ղեկավար Արտյուշա Կարապետյանի կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Թագուհի Հովհաննիսյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործի հետ։ Նախաքննությունը կասեցվել է մինչև իրավական փոխօգնության մասին պահանջի վերաբերյալ պատասխան ստանալը Ղազախստանից։ Քրեական գործ սույն գործով հարւցվել էր ՀՀ քր. օր. 164 հոդվածի առաջին մասով այն փաստի հիմքով, որ 2014թ. սեպտեմբերի 19-ին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում, որտեղ ընթանում էր «Հայաստան-Սփյուռք» համաժողովը, ապա նաեւ թատրոնին հարող տարածքում խոչընդոտվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Թագուհի Հովհաննիսյանի մասնագիտական գործունեությունը: Մասնավորապես, Արտյուշա Կարապետյանը քաշքշել էր լրագրողին, խլել ձայնագրիչը և բջջային հեռախոսը, ջնջել դրանում առկա տվյալ իրադարձությանը վերաբերող տեսաձայնագրությունները:

Հունիսի 23-ի իրադարձությունները

Սույն թվի հունիսի 23-ի առավոտյան Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած նստացույցը ցրելիս ոստիկանության աշխատակիցները, որոնց մի մասը հանդես էր գալիս քողարկված կերպով՝ քաղաքացիական հագուստներով, ֆիզիկական բռնություն են կիրառել ԶԼՄ-ների մոտ 15 ներկայացուցիչների նկատմամբ, կոտրել կամ վնասել են նրանցից շատերի նկարահանող սարքերը, ոչնչացրել են տեսագրություններ ու լուսանկարներ։ Լրագրողական իրավունքների միջամտությունը այս անգամ եղել է համակարգված և ուղղորդված։ Նույնիսկ լրագրողների կողմից ներկայանալը և վկայական ցույց տալը կամ տեսախցիկների վրա նշված լրատվամիջոցների տարբերանշանները չեն կանխել ոստիկանների կողմից ուժի կիրառումը։ Բռնության արդյունքում տուժել են «ԳԱԼԱ» հեռուստաընկերության, «Ազատություն» ռադիոկայանի, «1in.am», «Epress.am», «Panarmenian.net» առցանց լրատվամիջոցների, «Ասպարեզ» թերթի եւ «Asparez.am» կայքի լրագրողները և օպերատորները։ Ոստիկանները բռնի ուժով խլելեն «News.am»-ի եւ «iLur.am»-ի թղթակիցների ֆոտոխցիկները և այլ սարքավորումները, որոնցով նրանք լուսաբանում էին տեղի ունեցող իրադարձությունները։ «Lragir.am»-ի թղթակից Թեհմինե Ենոքյանը տարածել է մի տեսանյութ, որում հստակ երեւում է ոստիկանների լկտի պահվածքը նրա նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, բռնության ենթարկված լրագրողների և օպերատորների ընդհանուր թիվը հնարավոր չէ ճշգրտորեն ասել, սակայն, ըստ առկա տվյալների, նրանց թիվը 24 է։ Դեպքերից մի քանի օր անց ոստիկանությունը տարածեց հայտարարություն, որում ասվում էր, թե լրագրողները հետևողականորեն անտեսել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորության վրա գտնվելու՝ ոստիկանության օրինական կոչերն ու հորդորները, որի պատճառով նրանք նույնացվել են հավաքի մասնակիցների հետ, ովքեր հրաժարվել են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։ Մինչդեռ լրագրողների պնդմամբ՝ իրենք ցույց են տվել վկայականները, սակայն անգամ դա չի կասեցրել բռնություններն իրենց հանդեպ։ Բացի այդ, որոշ տեսանյութերից նույնպես երևում է, թե ինչպես են ոստիկանները արհամարհում լրագրողների հորդորները ուժ չկիրառելու մասին, քանի որ իրենք լրագրողներ են։

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի հիմքով հուլիսի 3-ին ի վերջո, հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով), 164-րդ հոդվածի 2-րդ մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով) և 185-րդ հոդվածի 1-ին մասով (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել): Նշված հիմքերով քրեական գործի նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որն էլ իրականացնում է գործով նախաքննությունը։ Քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի հիմքով ՀՔԾ-ն ունի քրեական գործը հարուցելու պահից երկու ամիս՝ նախաքննություն կատարելու համար, և մինչև նշված ժամկետի ավարտը կամ պետք է քրեական գործը մերժի, կամ կազմի մեղադրական եզրակացություն և քրեական գործն ուղարկի դատարան։ Այս պահի դրությամբ դեռ ոչ մի անձնավորության մեղադրանք չի առաջադրվել, ոչ մեկը չի ձերբակալվել կամ կալանավորվել։ Հետևաբար, պարզ չէ, թե արդյոք քրեական հետապնդում որևէ պաշտոնատար անձի նկատմամ իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ։

շարունակելի

[1] Պետք է ասել, որ նման ելքը տարածված պրակտիկա է հատկապես լրագրողների հետ կապված գործերով և այս մասին բազմիցս նշվել է նաև նախկին հետազոտություններում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter