HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

10-հարկանի շենքի վերելակը կանգնած է. բնակիչները հրաժարվում են վճարել

Այսօր «Հետք» էր զանգահարել Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի 6 շենքի 3-րդ մուտքի բնակիչ Աննա Համբարձումյանը: Նա տեղեկացրեց, որ իրենց մուտքի վերելակն արդեն չորս օր է` չի աշխատում: Համատիրությունը, ինչպես պատմեց Աննա Համբարձումյանը, ամեն մուտքից սպասարկման համար օգոստոս ամսից 12 հազար դրամ է պահանջում, սակայն իրենք հրաժարվում են վճարել, քանի որ սպասարկման համապատասխան պայմանգիրը չեն տեսել:

«Մենք որևէ առնչություն համատիրության հետ չենք ունեցել երբևէ: Եվ համատիրությունն էստեղ որևէ աշխատանք չի էլ կատարել: Մինչև օգոստոս ամիսը վերելակի համար վճարել ենք, հավաքում էր «Եվրոլիֆտ» ընկերությունը: Հիմա ասում են` էդ ընկերությունը լուծարվել է: Մենք քաղաքում չէինք, եկել ենք, չորրոդ օրն է` վերելակն անջատված է: Ես ասում եմ` դու դատի տուր էդ բնակչին, ով չի վճարել, ինչու դատի չես տալիս: Պայմանագիր կնքեք, ես համաձայն եմ, եթե լինի սպասարկումը ենթադրենք 1000 դրամ, ես կվճարեմ, բայց ես պայմանգիր պիտի ունենամ »,- ասում է Աննան:

«Էրեբունի» համատիրության աշխատակիցը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ամսական վճարումները կատարելու վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն էր, և քանի որ բնակիչները հրաժարվել են վճարել, իրենք անջատել են վերելակը: Նախկինում, աշխատակցի խոսքով, պայմանգիրը կնքված է եղել «Եվրոլիֆտ» ընկերության հետ, օգոստոսից ընկերությունը փոխվել է, նոր ընկերությունը «Լիֆտ էլիտ սերվիսն» է, ինչի մասին բնակիչներին ծանուցել են:

«Պայմանագիրը աշխատողը ներկայացրել է բոլորին: Եթե հիմա էլ գնան, փակցված է ծանուցումը, թե օգոստոսի 1-ից ում կողմից է սպասարկվելու վերելակը: Իրենք ընդամենը չեն ուզում վճարել»,-ասաց համատիրության աշխատակիցը: Նա հավաստիացրեց, որ և նախկին, և նոր ընկերությունների հետ պայմանագրով են աշխատում:

Մեր այցելության ժամանակ որևէ ծանուցում փակցված չէր: Իսկ կիսաբաց դռներով վերելակը գովազդային վահանակ է հիշեցնում:

«Էրեբունի» համատիրությանը խնդրեցինք տրամադրել շենքի սպասարկման համար «Էլիտ լիֆտ սերվիս» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի պատճենը, աշխատակիցն ասաց, թե պետք է համաձայնեցնի համատիրության կառավարիչ Գևորգ Մկրտչյանի հետ:

«Էլիտ լիֆտ սերվիս»-ի աշխատակից Մարգարիտա Երեմյանը ևս հաստատեց, որ իրենք վերելակների սպասարկմամբ զբաղվում են միայն համապատասխան պայմանագրով, իսկ Գլինկայի 6 շենքի վերելակների համար պայմանագիր է կնքվել օգոստոսի 1-ից` մեկ տարով: Մ.Երեմյանի խոսքով` համատիրության աշխատակիցներն են գումարը հավաքում և փոխանցում իրենց:

Աննա Համբարձումյանը, սակայն, պնդում է, որ պայմանագիր չկա, ավելին` պատմում է, որ նախկին` «Եվրոլիֆտ» ընկերության հետ նույնպես պայմանգիր չեն ունեցել, բայց վճարած գումարի դիմաց կարողացել են պահանջներ ներկայացնել. «Ինչ-որ հիմա ցույց են տալիս իրենք, քսերոքս արած թղթի կտոր է, անգամ կնիք չունի, դա փաստաթուղթ չէ, եթե պայմանգիր կա, ինչ մի դժվար է բնակիչների համար բազմացնել և տալ: Ո՞վ է իրենց իրավունք տվել, որ հիվանդ մարդուն, ծեր մարդուն, մեծահասակ մարդուն զրկեն վերելակից: Կարող է ես հիմա վատանում եմ, իմ տունը հաստատ շտապօգնություն չի բարձրանա ինը հարկ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter