HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի, Տաթևի, Հալիձորի և Շինուհայրի դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ են գործում

Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Հալիձոր և Շինուհայր համայնքների դպրոցներում նոր ուսումնական տարվանից սկսած ինժեներական լաբորատորիաներ  են գործում, որոնք հիմնադրվել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ  և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

ԻՏՁՄ հանրային կապերի բաժինը հայտնում է, որ միությունը նախաձեռնել է Հայաստանի հանրակրթական բոլոր հաստատություններում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը: «Լաբորատորիաների հիմնումը աշակերտներին հնարավորություն է տալիս ժամանակակից ինժեներական հմտություններ ձեռք բերել, ինչպես նաև նպաստում է երեխաների տեխնոլոգիական մտածողության զարգացմանն ու հետագա մասնագիտական կողմնորոշմանը: Մայրաքաղաքում և մարզերում արդեն գործում են ավելի քան 80 ռոբոտաշինական խմբակներ, որոնցից 10-ը կահավորված են «Նաիրի» լաբորատորիաներով»,- գրված է հաղորդագրության մեջ:

«Ռոբոտաշինության ոլորտում մեր ունեցած փորձը թույլ տվեց համոզվել, որ այսօր մարզերում է գտնվում մեր մտավոր ռեսուրսի հիմնական մասը: Մեր առջև խնդիր ենք դրել ի հայտ բերել ինժեներական հակում ունեցող երիտասարդներին, ովքեր կհիմնեն տեխնոլոգիական ընկերություններ և  հնարավորություն կունենան սեփական գյուղում զբաղվել սիրած գործով: Այդ նպատակին ուղղված հիմնական քայլը համայնքների միջև կապ հաստատելն է, որն էլ ապահովվելու է հարևան 4 համայնքներում ներդրված ինժեներական լաբորատորիաների ցանցի միջոցով», - ասել է ԻՏՁՄ  գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Լաբորատորիայում տեղադրված «Գուգարք» մինի-համակարգիչները՝ իրենց օպերացիոն համակարգերով, եռաչափ տպիչը և մնացած բոլոր սարքերն արտադրված են Հայաստանում:

Նորաստեղծ չորս լաբորատորիաներում ընդհանուր առմամբ ներգրավված կլինի շուրջ 50 աշակերտ, ուսուցիչները նույնպես ընտրվել են  համապատասխան մասնագիտական կրթություն եւ հմտություններ ունեցող տեղաբնակ մասնագետներից:

լուսանկարը՝ ԻՏՁՄ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter